Գյուղական համայնքները պետք է դառնան ինքնաֆինանսավորվող
ԼՂՀ կառավարության հերթական արտագնա նիստը` Մարտունի շրջկենտրոնում
Այսօր Մարտունի շրջկենտրոնում տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական արտագնա նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում լսվել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի հաշվետվությունը 2008 թ. գործունեության եւ շրջանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին:
Շրջվարչակազմի ղեկավար Վալերի Խաչատրյանը շեշտել է հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք հիմնախնդիրներ՝ Մարտունի քաղաքի, Թաղավարդ, Սարգսաշեն գյուղերի ներքին եւ արտաքին ջրատար համակարգերի փոխարինումը, շրջանային ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների ասֆալտապատումը, Քերթ, Քարահունջ գյուղերի գազամատակարարումը, շրջկենտրոնի հիվանդանոցի նոր շենքի կառուցումը: Նշված օբյեկտների շինարարությունը նախատեսված է ավարտել մեկ-երկու տարվա ընթացքում:
Անդրադառնալով ժամկետանց վարկերի մարման գործընթացին, նա նշել է, որ «թեպետ 2008-ին ավելի մեծ գումար է վերադարձվել, քան 2007-ին էր, շրջանի շատ վարկառուներ դեռեւս ունեն չմարված զգալի պարտքեր. դրանք ընդհանուր առմամբ կազմում են ավելի քան 151 մլն դրամ»:
Խոսելով Մարտունու շրջանի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակի մասին` վարչապետ Ա.Հարությունյանը նշել է, որ մոտ ապագայում շրջանում կավարտվի բնակավայրերի գազիֆիկացումը, կվերականգնվեն Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի եւ Մարտունի-Աղդամ ճանապարհները: Շրջանն ունի ջրամատակարարման մեծ խնդիր, եւ այն լուծելու համար պետք է կիրառել նոր մեխանիզմներ:
«Պետությունն իր գլխավոր ուշադրությունը սեւեռելու է ոռոգման համակարգերի ստեղծման վրա, եւ այդ ուղղությամբ նպատակային քայլեր արդեն կատարվում են, սակայն զգացվում է տնտեսվարողների անտարբեր վերաբերմունքը, ինչը խոչընդոտում է արագ արդյունքների հասնել մի կարեւոր ասպարեզում, որից էապես կախված է գյուղատնտեսության հետագա զարգացումը: Համայնքապետերն իրենց հիմնական ժամանակը պետք է հատկացնեն գյուղի մարդկանց գյուղատնտեսական գործունեության ակտիվացմանն ու ուղղորդմանը,-ասել է վարչապետը:
Նա նաեւ ընդգծել է, որ մոտ ապագայում գյուղական բոլոր համայնքները պետք է դառնան ինքնաֆինանսավորվող: Կառավարության աջակցությունը գյուղին միակողմանի լինել չի կարող, այստեղ պետք է շատ եւ որակյալ մթերքներ արտադրվեն` համապատասխան հարկային մուծումներով հարստացնելով պետական գանձարանը, որտեղից գումարները նոր ծրագրերի տեսքով կուղղվեն հանրապետության զարգացմանը: Նա միաժամանակ գյուղաբնակներին զգուշացրել է, որ պետությունն այսուհետ օգնելու է միայն աշխատող մարդկանց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել