««Յոթի գործերի» անջատումը չի կարող բացասաբար անդրադառնալ գործի վարույթի օբյեկտիվության վրա»
Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունը «Յոթի գործի» մասնատման վերաբերյալ ներկայացրել է պարզաբանումներ. «Դատարնն արձանագրել է, որ սույն քրեական գործը բարդ է և մեծածավալ` այն բաղկացած է 50 հատորից, գործով դատակոչված են և պետք է հարցաքննվեն շուրջ 400 վկաներ ու տուժողներ:Գործի դատական քննությունն արդեն ընթանում է ավելի քան երեք ամիս, սակայն գործի բազմածավալության և դատավարության մասնակիցների մեծաքանակության, ինչպես նաև ամբաստանյալների և նրանց պաշտպանների կողմից դատական նիստերը անհարկի ձգձգելու պատճառով գործի քննությունը գտնվում է դատական քննության ընդամենը նախապատրաստական փուլի սկզբնամասում, իսկ գործով ամբաստանյալներն արդեն մեկ տարուց ավելի ժամկետով գտնվում են կալանքի տակ: Այս պայմաններում դատական քննությունը շարունակելն ակնհայտորեն կասկածի տակ է դնում ինչպես գործի քննության, այնպես էլ ամբաստանյալներին կալանքի տակ պահելու ողջամիտ ժամկետների պահպանման հարցը:
Բացի այդ, սույն քրեական գործով ամբաստանյալների, տուժողների և վկաների մեծաքանակության պարագայում նրանց վերաբերյալ քրեական գործի դատական քննությունը մեկ վարույթում շարունակելը նպատակահարմար չէ, քանի որ այդ հանգամանքը դժվարացնում է ապացույցների հետազոտումն ու գործով ճշմարտության բացահայտումը: Ուստի դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի և 28-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, հանգել է եզրակացության, որ քրեական գործի անջատումն էական նշանակություն ունի և անհրաժեշտ է գործով առավել արագ, ամբողջական և օբյեկտիվ դատական քննություն ապահովելու, քրեական գործով դատական քննության անհարկի ձգձգումները և դատավարության մասնակիցների օրինական շահերի ոտնահարումը կանխելու համար:
Դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները, գտել է, որ գործերի անջատումը չի կարող վատթարացնել ամբաստանյալների իրավունքները` այդ թվում նրանց պաշտպանության իրավունքը, չի կարող բացասաբար անդրադառնալ գործի վարույթի լրիվության, օբյեկտիվության վրա: Քրեական գործից մասեր անջատելը հնարավորություն կտա ապահովել գործի քննության, ինչպես նաև անձանց կալանքի տակ պահելու վերաբերյալ ՀՀ օրենսդրության և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել