HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

ՀԱԿ-ի հույսը հասարակության վերաբերմունքի փոփոխության վրա է

Հարցազրույց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ 29_01-h_igityanՊարոն Իգիթյան, ՀԱԿ-ը հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրությունններին մասնակցելու նպատակը սահմանադրական կարգի վերականգնումն է: Դրանից հետո ձեզ մեղադրեցին ընտրությունները քաղաքականացնելու մեջ, քանի որ քաղաքապետը պետք է զբաղվի Երևանի զարգացմամբ: Դուք ինչպե՞ս եք դրան վերաբերվում: Ցանկացած ընտրություն քաղաքական պրոցես է, Երևանի ավագանու ընտրությունները քաղաքականացրեցին հենց օրենքի հեղինակները` անելով այնպես, որ նույնիսկ հեղինակություն ունեցող մարդը, որին բոլոր երևանցիներն ուզում են տեսնել որպես քաղաքապետ, չի կարող գրանցվել: Ընտրությունները քաղաքական են, օրենքը քաղաքականացրել է այն, բացի այդ` քաղաքապետը թույլատրում է հանրապետական մակարդակի հանրահավաքը կամ արգելում է դա, այսինքն` ընդդիմությունը ոչ թե Երևանի, այլ պետական հարցերի հետ կապված ուզում է հանրահավաք անել, բայց քաղաքապետն այն հարյուր անգամ արգելել է: Եղավ, որ դա քաղաքական պաշտոն է, հանրապետական մակարդակի պաշտոն է: Ինչ վերաբերում է իշխանության կողմից նետված հարցադրմանը` աղբ հավաքելու հետ կապված, ես չեմ կարծում, որ Գագիկ Բեգլարյանը լավագույն աղբ հավաքողն է այս հանրապետությունում կամ քաղաքում, բայց աղբ հավաքելը չպետք է դիտել որպես քաղաքական կատեգորիա: Այսօր աղբ հավաքելը բիզնես է, այն էլ` լավ բիզնես, հատկապես ճգնաժամային իրավիճակում, քանի որ ճգնաժամային վիճակում ամենալավն այն բիզնեսն է, որտեղ կա երաշխավորված վճարում: Այսօր մեր բնակչությունը պարտաճանաչ կերպով վճարում է աղբ հավաքելու համար, որևէ մեկը լավություն չի անում, ինքը փող է աշխատում: Ես համոզված եմ, որ Լևոն Տեր- Պետրոսյանը շատ բաց կերպով կհայտարարի աղբ հավաքելու մրցույթը և չեմ բացառում, որ Հանրապետականը շահի այս տենդերը, և լավագույն աղբ հավաքողը աղբ կհավաքի, իսկ եթե չհավաքի, գործից կազատվի, նրա փոխարեն այլ մարդ կաշխատի: Ինձ թվում է, որ ՕԵԿ-ը, Դաշնակցությունն էլ պայքարում են ավագանու ընտրություներում, որ ուղղակի ավագանիում ներկա լինեն ու հնարավորին չափ թաղապետի պաշտոն պոկեն: ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի հիմքում ի՞նչ խնդիրներ են դրվելու: Լինելու է լուրջ ծրագիր` երեք շեշտադրումներով: Առաջին շեշտադրումը համընկնելու է որոշակիորեն իշխանական թեկնածուի հետ: Դա Երևանի զարգացման ծրագիրն է, չեմ բացառում, որ իշխանությունը կարող է ինչ-որ մի ծրագիր գրել թղթի վրա: Բայց մյուս երկուսը խիստ տարբեր կլինեն իշխանական թեկնածուի ծրագրից. երկրորդ շեշտադրումը լինելու է` ընտրությունները որպես ժողովրդավարության մաս, որոնք չպետք է կեղծվեն, մենք ձգտելու ենք դրան, իսկ իշխանությունը ձգտելու է կեղծել ընտրությունները: Երրորդ` մենք պայքարելու ենք, որ Երևանում արդարություն լինի: Եթե միայն կոռուպցիան և պրոտեկցիոնիզմը հանենք, արդեն Երևանը մի քիչ շունչ կքաշի, մայրաքաղաքը մինչ այսօր իշխանությունների կողմից օգտագործվում է որպես մեծ փողեր ունենալու միջոց, քանի որ այս շինարարությունը, այս ասֆալտապատումը, աղբահավաքությունը օգնում են մեծ գումարներ ունենալ, և Բեգլարյանը ձգտում է դառնալ քաղաքապետ, որ այդ ամենը շարունակվի: Բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը պնդում է, որ եղել են բազում կեղծիքներ, ինչ-որ բան փոխվե՞լ է հիմա, Դուք կարո՞ղ եք այնպիսի վերահսկողություն իրականացնել, որ ընտրությունները չկեղծվեն: Ոչ մի նոր բան այս ընտրություններում չի լինելու: Թաղապետական մակարդակով թաղային հեղինակությունների և խուժանների միջոցով տեղական ընտրություններ էին տեղի ունենում և գլոբալ առումով չէին վերահսկվում, բայց ընդդիմությունը և հասարակությունը այս ընտրություններին նայելու են որպես Հայաստանի պետական մակարդակի ընտրություն, այսինքն` մի կողմից կօգտագործվեն բոլոր այն միջոցները, որ միշտ օգտագործվել են, մյուս կողմից` ընդդիմության մոտեցումը լինելու է շատ լուրջ: Ես հույս ունեմ, որ այդ լկտի կեղծիքները, որ միշտ անում են, և նույն Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքում արեց, չի կարողանա այսօր համատարած կերպով իրականացնել, իմ հույսը հասարակության վերաբերմունքի փոփոխության վրա է: Ասում եք` իշխանություններն ամեն ինչ անելու են, որ ընտրությունները կեղծվեն, մամուլում էլ բազմաթիվ հրապարակումներ եղան, որ դպրոցներում, մանկապարտեզներում, բուժհիմնարկներում մարդկանց տվյալների հավաքագրում է կատարվում` հօգուտ Գագիկ Բեգլարյանի: Դուք ինչպե՞ս եք պայքարելու այդ ամենի դեմ: Շատ դժվար է պայքարել, երբ մարդիկ հանդուրժում են սա: Բայց մարդիկ, որոնց ստիպում են ստորագրել, հայտարարում են, որ իրենք չենք հանդուժելու, քանի որ դա արժանապատվության ոտնահարում է: Մասսայի մեջ ավելի հեշտ է ըմբոստանալ, և եթե այս երևույթը բացահայտվի, և շատերն ըմբոստանան, չեմ կարծում, որ բոլոր բժիշկներին կամ բոլոր մանկապարտեզների աշխատակիցներին գործից հանեն, սա միայն ընդդիմության հարցը չէ: Ընտրությունները կեղծեցին 5 տարի առաջ, 2 տարի առաջ, 1 տարի առաջ, բայց վերջին ընտրություններն այս իշխանությունը մինչև հիմա չի մարսել: Դա նշանակում է, որ փողոցում ցանկացած մարդ ասում է, որ կեղծվել են ընտրությունները, ցանկացած միջազգային կազմակերպություն ասում է` ձեզ մոտ ժողովրդավարության խնդիրներ կան: Սա արդեն բավարար է, որ փոփոխություն լինի, այսինքն` մինչ այդ նրանք կեղծում էին, ու մարդիկ ուշադրություն չէին դարձնում, հիմա կեղծեցին ու ոչ միայն ուշադրություն դարձվեց, այլև մարդիկ դուրս եկան փողոց, ըմբոստացան և իշխանությունը ստիպված գնաց անօրինական քայլերի, օգտագործեց բանակը, զենքը, կրակոցներ և անօրինական զենքով մարդկանց պահելը: Հայաստանում սկսվել է պայքար, և գնալով` իշխանություններն ավելի խիստ և անօրինական միջոցներ պետք է օգտագործեն այս մարդկանց ըմբոստությունը կասեցնելու համար: Չեմ կարծում, որ Հայաստանը հարուստ ու մեծ երկիր է, որ կարողանա իրեն այդպիսի շռայլությւոն թույլ տալ, ինչպիսին կոշտ դիկտատուրան է: Նրանք այդքան ռեսուրս չունեն, որ անընդհատ այդ պտուտակները պտտացնեն, ինչ-որ արեցին, լրացուցիչ էլ ի՞նչ պիտի անեն: Եթե նրանք կարողանան ժողովրդի մեջ արդար ընտրության ձգտումը մարել, այդտեղ ընդդիմությունը ոչինչ չի կարող անել: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվի քաղապետ, ինչպե՞ս եք պատկերացնում քաղապետ-կառավարություն- նախագահ շփումը: Հայաստանը բաժանվելու է Երևանի, որը գտնվելու է ընդդիմության ձեռքում, և մարզերի, որոնք կգտնվեն իշխանությա՞ն ձեռքում: Ե'վ այո, և' ոչ, ժողովրդավարությունը սկսվելու է Երևանից և շղթայական ռեակցիայով կշարունակվի քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ:Այսպես ժողովրդավարացում կլինի: Տարբերությունը Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջեւ կլինի այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կլինի ընտրված ազնիվ, նորմալ, բաց ընտրություններով, իսկ Սերժ Սարգսյանն ընտրված է կեղծված ընտրություններով: Իսկ ի՞նչ է անելու ՀԱԿ-ը, եթե հաղթի Գագիկ Բեգլարյանը կամ ցանկացած այլ թեկնածու: Ինչ կանի ընդդիմությունը, հասարակությունը, եթե կեղծվեն ընտրությունները: Ես այդպես եմ պատկերացնում ձեր հարցը, քանի որ ես միայն այդպես եմ պատկերացնում Գագիկ Բեգլարյանի ընտրությունը: Եթե դա եղավ, ու մեր հասարակությունը հանդուրժեց, ուրեմն մենք արժանի ենք այդ մարդկանց: Արման Մուսինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ դեռ չի քննարկվել հանձնաժողովներում տեղերի հարցը ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև, արդեն եղե՞լ են նման բանակցություններ, և առհասարակ ինչպիսին է լինելու ՀԱԿ-ի և «Ժառանգության» համագործակցությունը ընտրությունների ժամանակ: Մանր հարց եմ համարում այս տեսանկյունից մեր համագործակցության քննարկումը, դա գլոբալ մի ռազմավարական նպատակ է: Մեր համագործացությունն այդ պատճառով է, այլ ոչ թե, որովհետև մենք իրար սիրում կամ հավանում ենք, ՀԱԿ-ի և «Ժառանգության» նպատակները համընկնում են 100 տոկոսով, «Ժառանգությունը» միշտ էլ ակտիվ մասնակցել է ընտրություններին` անգամ չունենալով իր սեփական թեկնածուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter