HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը ազատամարտիկին կասկածում է գողության մեջ

Այսօր վաղ առավոտյան Շիրակի մարզի տասը ոստիկաններ իրենց երկու ընթերակաների հետ ներխուժել են գյումրեցի ազատամարտիկ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սերիկ Տոնոյանի բնակարան` դեռևս անցած տարի Գյումրիի Անի թաղամասի խանութներից մեկում կատարված գողության գողոնը փնտրելու նպատակով: Ոստիկանները Սերիկ Տոնոյանին պարզաբանել են, որ Շիրակի մարզի քննչական բաժինն օպերատիվ ահազանգ է ստացել այն մասին, որ գողոնը թաքցվում է նրա նկուղում: Ինչպես «Հետքին» դժգոհեց ազատամարտիկը, այնպիսի մի խանութի անուն են տվել, որի գոյության մասին ինքն առաջին անգամ լսել է հենց ոստիկաններից: Սերիկ Տոնոյանի պատմելով` տունը խուզարկելուց ու ոչինչ (ի դեպ, նաև զենք ու թմրանյութ են փնտրել) չհայտնաբերելուց հետո արձանագրություն են կազմել, այնուհետեւ իրեն բերման են ենթարկել քննչական բաժին ու չորս ժամ ապօրինի պահելուց հետո ազատ են արձակել, սակայն ստորագրություն են վերցրել քաղաքից չբացակայելու մասին: Սերիկ Տոնոյանն ու նրա ընկերները` Արմեն Զաքարյանը, Մարտին Ղարիբյանը, Ժորա Աթոյանը և այլք, առավել քան համոզված են, որ սա քաղաքական հետապնդում է կոնգրեսականների նկատմամբ, և որ այս միջոցով իշխանությունները փորձում են լռեցնել իրենց ու չթույլատրել Երևանի ավագանու ընտրություններում աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին: Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի ներկայացուցիչ Արմեն Զաքարյանը «Հետքին» հաղորդեց, որ մինչև վերջ պայքարելու են ոստիկանության «ապօրինի գործողությունների դեմ»` դիմելու են Մարդու իրավունքների պաշտպանին ու բարոյական վնաս են պահանջելու «ազնիվ, պարկեշտ ու համեստ կյանքով ապրող ազատամարտիկի անունը վարկաբեկելու, կոնյակի ու ծխախոտի գող հանելու ու հարևանների մոտ խայտառակելու համար»: Առաջիկայում Հայ ազգային կոգրեսը մամուլի ասուլիս է հրավիրելու այս թեմայով: Շիրակի մարզի քննչական բաժնից «Հետքը» հետաքրքրվեց, թե ինչու որոշեցին խուզարկել հատկապես Սերիկ Տոնոյանի բնակարանը, որտեղից հայտնվեց նրա անունը կասկածյալների ցուցակում: Քննչականում մեզ հավաստիացրին, որ քաղաքական ենթատեքստ չկա, քրեական հանցագործություն է կատարվել, իրենք ահազանգ են ստացել, գնացել են ահազանգի հետքերով, բայց ստուգելով ու տեսնելով, որ բնակարանում ոչ մի գողոն չկա, Սերիկ Տոնոյանին «հաջողություն են ասել»: «Այդ դեպքում ինչու± են նրանից քաղաքից չբացայակելու մասին ստորագրություն վերցրել» մեր հարցին քննչական բաժինը պատասխան չուներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter