
Նախագահ Սերժ Սարգսյանի Սյունիք կատարած աշխատանքային այցելությունից հետո կրկին ակտիվացել են Սյունիքի մարզպետի փոփոխության հավանականության մասին խոսակցությունները: Դեռևս չճշտված լուրերի համաձայն` Ս. Սարգսյանի շրջապատում նրան խորհուրդ են տալիս Սյունիքի մարզպետին փոխել` ելնելով սոցիալ-տնտեսական իրողություններից:
Բանն այն է, որ մարզի բնակչությունն այնքան է կրակն ընկել ներկայիս մարզպետ Սուրեն Խաչատրյանի ձեռքը, որ չնայած նրա փոփոխությունը ոչինչ չի փոխելու մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի առումով, այնուհանդերձ, բնակչությունը մի պահ կարող է այդ փոփոխության ուրախալի լուրից մոռանալ սոցիալական խնդիրների մասին, և այն էլ` երկար ժամանակով: Այսինքն` իշխանություններն այդ փոփոխությամբ կարող են առժամանակ մեղմել բնակչության սոցիալական բողոքները Սյունիքում: Իսկ Սյունիքում սոցիալ-տնտեսական իրավիճակը, չնայած Ս. Սարգսյանի այցելությանն ու լավատեսական հայտարարություններին, իրականում չափազանց լարված է և մնում է պայթյունավտանգ: Եվ սա այն դեպքում, երբ Սյունիքը մեր հանրապետության կարևորագույն ռազմաքաղաքական միավորն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել