
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ղեկավարության կողոմից իրավապահներին ցուցում է տրվել միանգամից երեք փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդում սկսել: Բնականաբար խոսքը «անհնազանդ» փաստաբանների մասին է:
Դեռևս անցած տարվա օգոստոսին փաստաբաններ Արթոր Գրիգորյանը, Արա Զաքարյանը և Դիանա Գրիգորյանը «Պիցցա Դի Ռոմա» սրճարանի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի ժամանակ հրաժարվել էին ենթարկվել դատավոր Եվա Դարբինյանի ապօրինի գործողություններին: Նրանք հայտարարությամբ դահլիճից դուրս էին եկել: Դատավորը դիմել էր դատախազությանը փաստաբանների նկատմամբ քրգործ հարուցելու համար: Ի վերջո, ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում քննություն էր սկսվել, որը մինչ օրս մնում էր օդում կախված: Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանության քննիչին հրահանգվել է փաստաբաններին օրերս մեղադրանք առաջադրել «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար:
Ազատեցին` ըմբոստանալու համար
Երկու օր առաջ Էրեբունու համատիրության աշխատակիցներին բաժանվել են «Մտերիմ հարազատներ» վերտառությամբ` նոր տիպի նախընտրական ցուցակներ, որոնք նախատեսված են բացառապես համատիրության աշխատակիցների համար: Վերջիններս այս ցուցակում պետք է գրեն իրենց հարազատների անուն-ազգանունները, ծննդյան թիվը, եթե կան մահացած անձինք` նրանց մահվան թիվը, աշխատանքի վայրը, բնակության և հաշվառման հասցեն ու հեռախոսահամարը: Թերթիկի դարձ երեսին համատիրության աշխատողը պետք է գրի ինքնակենսագրականը: Էրեբունու համատիրության արդեն նախկին աշխատակից Թերեզա Իսոյանը երեկվանից գործազուրկ է դարձել հենց այդ ցուցակների պատճառով. ըմբոստացել է դրանց դեմ:
Այս ցուցակի հավաքագրումը ուղղակիորեն կապված է մայիսի 31-ին սպասվող Երևանի քաղաքապետի ընտրությունների հետ: Ըստ Լևոն Զուրաբյանի` իշխանությունները, հասկանալով մարդկանց տրամադրությունները և տեսնելով, որ ՀԱԿ-ը հաղթանակի է գնում, սկսել են դրա դեմն առնելու համար ամեն տեսակի կեղծիքներ նախապատրաստել. «Դրա համար իրենց միակ հնարավորությունը մեռյալ հոգիներին կամ ցուցակից դուրս մարդկանց բերելն ու ապօրինաբար ցուցակի մեջ ներգրավելն է, ինչպես նաև փորձել հոգեբանական ազդեցություն կիրառել ցածր իրավագիտակցություն ունեցող ընտրողների վրա: Բայց նորից պնդում ենք, որ այդ ընտրակեղծիքների խափանման լավագույն երաշխիքը ընտրողների ակտիվությունն է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել