Արմավիրում արդեն խաղողի իրացմամբ են մտահոգված
Արմավիրի մարզում արդեն ամփոփվել է համայնքների 2008 թվականի բյուջեների կատարողականը: «Հետքի» հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ անցյալ տարի սեփական եկամուտների (տեղական տուրքեր, հողի եւ գույքահարկ) հավաքագրման հարցում թերացել են հատկապես Այգեշատ, Ապագա, Արաքս, Լեռնամերձ, Ամասիա, գ. Արմավիր, Ջրաշեն, Շենավան, Արտամետ, Քարակերտ համայնքները:
Նշենք, որ այս գյուղերը չեն կարողացել հատել բյուջեի կատարման գոնե 50 տոկոսը: «Իհարկե, թերացող համայնքները շատ չեն, բայց մարզխորհրդի նիստում բոլոր համայնքապետերին զգուշացվել է, որ այս տարի աշխատավարձերի համար մեկ լումա անգամ պարտք չպետք է մնան: Միաժամանակ, համայնքապետերը պարտավոր են որոշակի գումար հատկացնել նախորդ տարիների պարտքերը մարելու համար: Արդեն 120 միլիոն դրամի չափով կարողացել ենք նախորդ տարիների աշխատավարձերը փակել»,- ասաց մարզպետը: Մարզպետարանում թերացող համայնքապետերին արդարացնում են՝ ասելով, որ նախորդ տարի այդ համայնքների գյուղացիները մեծ քանակությամբ սոխ են ցանել ու չեն կարողացել իրացնել, բնականաբար,չեն կարողացել վճարել հողի հարկն ու գույքահարկը:
Մեր այն հարցին՝ մտահոգված չէ՞, որ հացահատիկի ցանքատարածությունները մարզում զգալի կրճատվել են, Ա. Ղահրամանյանը պատասխանեց. «Ցորենի ցանքատարածությունների կրճատումը շատ դրական եմ համարում, որովհետեւ Արարատյան հարթավայրում ցորեն ցանելու փոխարեն պիտի խաղողի, դեղձի, ծիրանի այգիներ հիմնեն եւ բանջարաբոստանային կուլտուրաներ ցանեն ու դրանից 3-4 անգամ ավելի շատ եկամուտ կստանան:Այս տարի մարզում ունենք 7 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություն, իսկ 4 տարի առաջ ունեցել ենք 22 հազար հեկտար: Դա խոսում է այն բանի մասին, որ գյուղացին տեսնում է, թե իր եկամուտը որտեղից է գալիս»: Պարոն Ղահրամանյանի ասելով, վերջին երկու տարիների ընթացքում մարզում հիմնվել է 1700 հեկտար նոր այգիներ:
Մարզպետը «Հետքին» որոշ տվյալներ փոխանցեց, որոնք դեռեւս միայն պայմանավորվածություններ են: Այդ ցուցանիշներն իրականություն դարձնելը մեծամասամբ կախված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից: «2008 թվականին 45 հազար տոննա խաղող է ընդունվել վերամշակող ձեռնարկությունների կողմից, ասեմ, որ վերջին 20 տարում մարզում այդ քանակությամբ խաղող չէր ընդունվել: «Արարատ» գինու, կոնյակի գործարանի հետ պայմանավորվածություն ունենք, որ նախորդ տարվա 13 հազար տոննայի փոխարեն այս տարի ընդունեն 15 հազար տոննա: Այդ քանակության խաղող գործարանը հաստատ կընդունի, սակայն մայիսի վերջին նորից կհանդիպենք գործարանի տնօրինության հետ եւ միգուցե բանակցությունների արդյունքում այդ թիվն ավելանա»,- ասաց մարզպետը: Աշոտ Ղահրամանյանը հավաստիացնում է, որ մթերման գինն այս տարի 140 դրամից մեկ լումա չի իջնի, բայց հնարավոր է՝ 5 դրամի ավելացում լինի:
Մարզպետի խոսքերով, պայմանավորվածություն կա նաեւ Էջմիածի գինու գործարանի հետ, նրանք էլ խոստացել են այս տարի ընդունել 14 հազար տոննա խաղող՝ նախորդ տարվա 7 հազարի փոխարեն: Սակայն այս գործարանի հետ բանավոր պայմանավորվածությունը լուրջ կքննարկվի, երբ ապրիլին Արմավիրի մարզ այցելի գինու գործարանի ռուսաստանցի սեփականատերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել