Օրագիր՝ հատուկ Արմավիրի մարզի դպրոցների համար
Արմավիրի մարզի դպրոցները հերթական «նորամուծության» առաջ են կանգնել. եթե նախորդ երկու տարիներին աշակերտներին համազգեստներ էին պարտադրվում, ապա այս տարի պարտադրվում են նաև օրագրեր: Միայն թե` ոչ սովորական. սրանք օրագրեր են, որոնք նախատեսված են բացառապես մարզի դպրոցականների համար: Օրագրի վրա այդպես էլ գրված է` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Թե ինչու է օրագիրը մարզային թեքում ստացել` չհասկացանք, մանավանդ որ խանութներում վաճառվող օրագրերից ոչնչով չի տարբերվում. նույնն են թե չափսերով, թե էջերի քանակով, անգամ` դրանցում զետեղված տեղեկատվությամբ: Տարբեր է միայն գինը. եթե խանութում 80 էջանոց մեկ օրագիրն արժե 300 դրամ, ապա արմավիրցի 80 էջանոցը` 450:
Թերևս, մի տարբերություն էլ կա. խանութներում վաճառվող օրագրերի վերջին էջին բացի տպարանի անունից, նշված է նաև դրա հասցեն ու հեռախոսը, իսկ «յուրահատուկ» օրագիրն այդ մասին ոչ մի տեղեկատվություն չի տալիս: Իր նորամուտի մասին միակ տեղեկությունն այն է, որ տպագրվել է «Զատիկ Նար» տպարանում, իսկ թե որ քաղաքում և որ հասցեում`դարձյալ նշված չէ:
«Զատիկ Նար» տպարանի փնտրտուքին ձեռնամուխ եղանք ինքներս: Արմավիրի տարածքային հարկային տեսչության հաշվառման բաժնի պետ Հայկուշ Մկրտչյանն ասաց, որ իրենց մոտ կա գրանցված նման ընկերություն, որն աշխատում է Արմավիրում: Այլ մանրամասներ, թե կոնկրետ որ հասցեում է գործում և ով է սեփականատերը, ծառայության աշխատակիցը հրաժարվեց պատասխանել: Ասաց, որ դրանից ավել ասելու իրավունք չունի:
Կրթական ոլորտի Էջմիածնի համակարգող Ժորա Բաղդասարյանի մատուցմամբ` իբր որոշ մարզերում նման պրակտիկա եղել է,և հիմա փորձում են ներդնել նաև Արմավիրի մարզում: Իսկ թե պրակտիկան անցած կոնկրետ որ մարզերի մասին է խոսքը, Ժ.Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել: Ասաց, որ ինքն այդպես է լսել:
Ծնողների փոխանցմամբ էլ` իրենց դեռ չեն «նեղում» օրագիրը դպրոցներից գնելու հարցում: Առայժմ` առաջարկում են: Բայց համոզված են, որ պարտադրանքը կլինի նոր ուսումնական տարում:
Մարզային օրագրեն արդեն սպառվել են գյուղական որոշ դպրոցներում: Ծնողներից մեկը նույնիսկ մի քանիսն է գնել` երկու երեխաների համար. Ասաց, որ հաջորդ տարվա մասին է հոգում. «Ի՞նչ իմանամ` եկող տարի գներն ուր կհասնեն»:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել