Ղարաբաղում մարդու իրավունքների բացառիկ կամ զանգվածային բնույթի խախտումներ չեն արձանագրվել
ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը տարածել է տարեկան զեկույցը` 2008թ. ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ:
Զեկույցի համաձայն, 2008թ. մայիսի 20-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը 267 անձանցից ստացել է ընդհանուր առմամբ 196 դիմում, որոնցից 113-ը` գրավոր (ներառյալ կոլեկտիվ դիմումները), իսկ 83-ը` բանավոր ձեւով:
Դիմումներ ստացվել են հանրապետության բոլոր շրջանների բնակիչներից. դիմողների 59.7 տոկոսը Ստեփանակերտից են, 14.9 տոկոսը` Մարտունու շրջանից, 6.7 տոկոսը` Մարտակերտի, 6 տոկոսը` Հադրութի, 5.2 տոկոսը` Ասկերանի շրջանից: Առավել պասիվ են այդ առումով եղել Շուշիի, Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչները: Շրջաններից ստացված դիմումների սակավությունը Ստեփանակերտ քաղաքից ստացվածների համեմատությամբ, ըստ Պաշտպանի, ամենեւին էլ չի նշանակում, որ շրջաններում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակն ավելի բարձր է, դա վկայում է շրջանների բնակիչների համար Պաշտպանի հաստատության դժվարամատչելիության եւ բնակչության իրավագիտակցության համեմատաբար ցածր մակարդակի մասին:
Բացի վերոնշյալից, դիմումներ են ստացվել նաեւ Շուշիի քրեակատարողական հիմնարկում, ԼՂՀ ոստիկանության եւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ժամանակավոր պահման մեկուսարաններում, զինվորական մասերի կալանատներում պահվող անձանց Պաշտպանի եւ աշխատակազմի կողմից ընդունելության ընթացքում:
Քաղաքացիների դիմումներից 50-ը վերաբերում է ոստիկանության մարմինների, 37-ը` շրջվարչակազմերի, 25-ը` Ստեփանակերտի քաղաքապետարանի, 22-ը` դատարանների, իսկ մյուս դիմումները նախարարությունների, կառավարության, տարբեր հիմնարկների գործունեությանը:
Գործունեության ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ընդունվել են 103 քաղաքացիներ, որոնց մոտավորապես կեսը` Պաշտպանի կողմից: Բնակչության ընդունելություններ են կազմակերպվել նաեւ Մարտունի, Մարտակերտ, Հադրութ շրջկենտրոններում, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա եւ Թաղավարդ գյուղերում, որոնց ընթացքում Պաշտպանն ընդունել է 30-ից ավելի քաղաքացիների:
Պաշտպանի գործունեության արդյունքում արձանագրվել են մարդու իրավունքների խախտման եւ դրանց վերականգնման 17 դեպքեր:
2008թ, Պաշտպանի գնահատմամբ, հանրապետությունում մարդու իրավունքների բացառիկ հասարակական նշանակություն ունեցող կամ զանգվածային բնույթի խախտումներ չեն արձանագրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել