HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Ընդդիմադիր» դաշտի միակը

02_04-m_shahverdyanԵրեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) ցուցակը գլխավորող Մովսես Շահվերդյանն Իրավունք դե ֆակտո ակումբում հանդիպեց լրագրողներին: Նա ասաց, որ կուսակցության անվանման մեջ փոփոխություն է կատարվել 2004 թ.` ավելացվել է աշխատավորական բառը: «Մենք ոչ անհայտ, ոչ էլ անծանոթ կուսակցություն ենք, մենք առաջին անգամ որպես կուսակցություն գրանցվել ենք 1996 թ., մասնակցել ենք 1998 թ. արտահերթ ընտրություններին` առաջադրելով Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը եւ հավաքել 615 հազար քվե»,- ասաց Մ. Շահվերդյանը: Շրջանառվող այն տեղեկատվությունը, թե թեկնածուն առաջադրվել է ցուցակում շփոթություն առաջացնելու համար (ՀԱՍԿ-ՀԱԿ), Շահվերդյանը ասաց. «Եթե անվան նմանություն կա, ուրեմն ՀԱԿ-ն է իր անունը մեզ նման ընտրել, իրենք են ուզում մեր ձայները տանել, ձեզ ով ասաց, որ նրանք ավելի շատ ձայն ունեն, քան մենք»: Դերակատարության պասիվությունը, ըստ բանախոսի, պայմանավորված էր քաղաքական իրավիճակով  եւ «մտածված տակտիկա էր»: «Այսօր մենք շատ ուշադիր հետեւում ենք մամուլի գրածներին, բայց նպատակ չունենք ամեն մի ցնդաբանական խոսքի արձագանքել: Նրանք  մեզ ոչ մի բանով չեն խանգարելու, մենք մեր գործն անելու ենք»,- վստահեցրեց թեկնածուն եւ նշեց, որ 7 տոկոսի շեմն անկասկած հաղթահարելու են. «Առավելագույնի մասին էլ դեռ վաղ է խոսել»: Թեկնածուն նաեւ առաջարկում է. «Թող ՀՀՇ-ն համախմբի լիբերալ դաշտը, ում գլխավորությամբ որ կուզի, մենք կհամախմբենք սոցիալիստական դաշտը, խնդրեմ, նորմալ ձեւով մրցակցենք»: Հետքի հարցին, թե որ խավն են որպես թիրախ ընտրել եւ ում ձայներն են ակնկալում, բանախոսը պատասխանեց. «Նախ` մեր կուսակցության անվանումն արդեն ինչ-որ մի բան հուշում է, նախ` բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն սկզբունքներ, գաղափարներ եւ ազնիվ են իրենց գործելաոճում, պատրաստ են գնալ ձայն տալ` ըստ իրենց համոզմունքների»: Կուսակցության հիմնական նպատակն առաջին հերթին քաղաքական դաշտը գաղափարականացնելն է եւ նոր քաղաքական մշակույթի ներդրումը: Նա խորհուրդ է տալիս լրագրողներին էլ իրականացնել իրենց ճշգրիտ նպատակը եւ ընտրությունները չներկայացնել որպես քաղաքապետի: Մյուս խորհուրդն էլ այն է, որ կուսակցությունը չներկայացնեն որպես «աղքատների, զուրկերի, ֆինանսական միջոցներ չունեցող կուսակցություն»: Լրագրողները փորձեցին ճշտել այն տեղեկատվությունը, թե կուսակցության առաջադրումը ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ է իրականացվել: «Երեւի նման կարծիքի պատճառը մեր հանդիպումն էր: Մենք բաց դռների քաղաքականություն ենք վարել, պատրաստ ենք քննարկել բոլորի հետ բոլոր հարցերը»,- պատասխանեց Մ. Շահվերդյանը: Կուսակցության ղեկավարը նշեց, որ իրենց գործունեությունը միշտ ընդդիմադիր դաշտում են ծավալել, երբեւէ իշխանության մաս չեն կազմել եւ չեն հարաբերվել. «Միակը լինելով` գործել ենք ընդդիմադիր դաշտում»: «Ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ է ընտրում, դուք արդեն այլ ուղղությամբ եք շեղում մարդկանց գիտակցությունը, դա հասարակ բացթողում չէ, այլ միտումնավոր: Այս ընտրությունները մի անձնավորեք»,-խորհուրդ տվեց Մ. Շահվերդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter