HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առասպելականացված մեր առաջնորդների համեստ նկարագիրը

Արամ Մաթևոսյան Հանրային կյանքում երբեմն ինչ-որ դիրքի հասած մարդն ակամայից սկսում է ապրել սնապարծ այն մտայնությամբ, որ ինքն օժտված է գեր  հատկություններով ու այն, ինչ կատարվել է իր հետ, դա այդպես էլ պետք է լիներ: Ընտրյալ լինելու մոլությունն ու եսակենտրոնությունը դրված է քրիստոնեական` ըստ այդմ էլ արևմտյան քաղաքակրթության գաղափարական հիմքում:  Այդ նույն ինքնավստահ ինքնասիրահարվածությամբ էլ շատերը փորձում են լցնել այն վականսիան, որը ժամանակ առ ժամանակ առաջ է գալիս ինստիտուցիոնալ վերադասավորումների արդյունքում: Իրականում  ցանկացած տեղաշարժ վերահսկվում ու կարգավորվում է կորպորացիաների կողմից: Եվ հենց այնպես ոչ մեկը ոչ մի տեղ չի հայտնվում: Պատահականություններ չեն լինում: Կորպորացիաներն ի զորու են ստիպել ցանկացած անհատի` մոռանալ անձնական ամբիցիաներն ու հետամուտ լինել կորպորատիվ շահին: Հայաստանի առաջին նախագահի` քաղաքապետ դառնալու այս նոր փորձն անաղմուկ տեղավորվում է հենց այդ համատեքստում: Համանման երևույթի հայ հանրությունը ականատես եղավ նաև մի այլ առաջնորդի պարագայում, որը խոնարհաբար վայրէջք կատարեց հանրային պալատի կոորդինատորի աթոռին: Իմ հին գրվածքներից մեկում ես ասել եմ, որ ազգային նախագիծը ծնվում է ամենախիզախի ուղեղում: Այդ կերպ են կայացել խոշոր տերությունները, այդ կերպ էլ ավերվել են, թերևս, նայած, թե ինչ պոտենցիալով է իր նախաձեռնած ծրագրին ձեռնամուխ եղել տվյալ ժողովուրդը: Վերոհիշյալ մեր առաջնորդներից մեկը ժամանակին ասում էր` մենք համաշխարհային ազգ ենք, մյուսն ասում էր` մենք սովորական ազգ ենք: Այսօրվա նրանց վարքն ինձ հուշում է երրորդ` ավելի հավանական տարբերակը, որ մենք դեռևս փորձում ենք  ազգանալ: Ի՞նչ հեռանկարով էին առաջնորդում նրանք մեզ, պարզ է դառնում իրենց անձի առաջ նրանց այսօրվա դրած խնդիրների մասշտաբից: Պարզվում է` ազգին ծառայելու  ինքնանվիրումը կարող  է տանել քաղաքապետարան կամ Հանրային պալատ: Ահավասիկ, իրերը հանգրվանում են այնտեղ, ինչի կոչված են ի սկզբանե: Անձնական պատասխանատվության մասին եմ ես ահազանգում հիմա, ըստ երևույթին: Այն պատասխանատվության, որի մեջ էլիտար կոչում տեսնող անհատը պետք է տեսնի նաև էլիտար բեռը կրելու ճանապարհի երկարությունը: Յուրաքանչյուր մարդ, թերևս, ունենա մի պարզ ներըմբռնում, որ «ես կամ առաջնորդը» ասելուց առաջ, գոնե մտովի  մինչև վերջ պատկերացնի իր անելիքը: Այլ ոչ, ինչպես մեր դեպքում, երբ իշխանությունը հեռանկարային մտքի փնտրտուքում, հանձինս Հանրային պալատի կոորդինատորի, դիմում է առաջնորդական իր արխիվային աղբյուրներին, իսկ իշխանության հավակնող ընդդիմությունը գալիս է այն համոզման, որ համազգային խնդիրների համախումբը հեշտությամբ տեղավորվում է Երևան քաղաքի քաղաքապետարանի տարածքում: Ես սարկազմով չեմ շեշտում «քաղաքապետարանի տարածք» արտահայտությունը` համոզված լինելով, որ առաջին նախագահին սատարող ուժերի կոնսորցիումը քաղաքային տնտեսությանն  առնչվող խնդիրներ իրենց  ծրագրերում դժվար թե ունենա: Բոլոր դեպքերում, ծավալվող իրադարձությունների այս ֆոնին ի հայտ է գալիս հայ առաջնորդակազմի ներուժը, ինչը կստիպի հայ հավաքականությանը կազմել ապագայի շատ համեստ նախագծեր: Քանզի այս նոր առաջադրումների լույսի ներքո դառնում է պարզ, որ  քսան տարի առաջ  սկիզբ դրված համաժողովրդական պայքարի վերջը, այն առաջնորդող անձանց համար, իր հեռանկարում ուներ Երևանի քաղաքապետի աթոռը… ընդամենը, իսկ համաշխարհային ազգի ստատուսում հաստատվելն ի նկատի ուներ Կովկասյան բարձրավանդակում ծվարած փոքր երկրի արխիվային առաջնորդների կոնսոլիդացիան: Նորանկախ տարիների  ղեկը այս  կամ այն կերպ վստահելով զուտ անձնական ու  խիստ  սահմանափակ պահանջներ ունեցող մարդկանց` պարզ է դառնում, որ մենք, անշուշտ, հումանիտար վեկտորն ուղղորդող ազգերի համակարգում բաց ենք թողել մեր ձեռքից արժանավայել տեղ գրավելու մեր հնարավորությունը: Ես հիմա փորձում եմ պատմական որոշակիությունը կամ դետերմինացիան, որպես գոյության կոնստիտուտիվ էլեմենտ ներկայացնել անձնավորված և ըստ այդմ էլ խոսելով հավաքականության տեղի որոշակիության մասին ժամանակի տևական կտրվածքում, այսինքն` պատմականության մեջ, ուզում եմ շեշտել, որ անպայման ես ի նկատի ունեմ այդ պատմականությունը կրող անհատի տեղի որոշակիությունը: Երկար ժամանակ է փորձում եմ զերծ մնալ հավաքականությանը հրապարակային խոսքով ներկայանալու  գայթակղությունից, ինչը համարժեք է  համընդհանուր օգտագործման համար պիտանի մտքեր ասելուն, ինչն ինձ ոչ մի կերպ առայժմ չի հաջողվում: Դրդապատճառն այն է, որ որքան ես շատ եմ գործում իմ յուրահատուկ անկրկնելի իրավիճակի շրջանակում, այնքանով ավելի պարզորոշ է դառնում այդ իրավիճակի  կոմիզմը: Եվ ընդհակառակը, երբ գործում եմ այնպես, ինչպես, ասենք, ուրիշը կգործեր իմ փոխարեն, այսինքն` հանդես եմ գալիս ինչպես համընդհանուրի յուրահատուկ մի դրսևորում, որպես որոշակի ունիվերսալության եզակի օրինակ, ապա իմ մեջ առաջանում է վախեցած մի կասկած` իմ բախտը տնօրինողների ունակությունների նկատմամբ: Հոդվածի սկզբում ես կարծիք հայտնեցի, որ հանրային կյանքում երբեմնի ինչ-որ դիրքի հասած մարդուն հին իներցիայով շարժում է սնապարծությունը, բայց լինում է և այնպես, որ հանկարծ նա մի կողմ է դնում իր ինքնագոհ կեցվածքը ու ակամայից սկսում է ապրել այն տագնապով, որ ինքը ինչ-որ բան այնպես չի արել: Ոչ միայն  ընտրյալ լինելու մոլությունն ու եսակենտրոնությունը, այլ նաև մեղավորության խոր զգացումն է դրված քրիստոնեական գաղափարախոսության հիմքում: Եվ հենց այդ զգացումն է մետաֆիզիկ բարձրունքներից իջեցնում մարդուն ռեալ հողի վրա ու բացահայտում դառն իրականությունը: Այդպես կատարվում է, ինչպես անհատ մարդկանց, այնպես էլ այդ մարդկանցից կազմված հավաքականությունների հետ: Ինչպես ամեն քիչ թե շատ ձևավորված ժողովուրդ, մենք էլ ունեցել ենք մեր իղձերն ու երազանքները, անկասկած, ինչն իր գեղարվեստական արտացոլումն է գտել մեր էպոսում ու ժողովրդական բանահյուսության մեջ: Էպիկականությունն ապոկալիպտիկ աշխարհընկալմամբ ապրող ժողովուրդների բարդույթն է, ինչն էլ կտրելով նրանց ռեալականությունից` պահում է արատավոր տեղապտույտի մեջ: Անշուշտ, շահեկան ու հուսադրող է մեզ համար այն հանգամանքը, որ նույն սերնդի ապրած ժամանակահատվածում բացահայտվեց ու ջրի երես դուրս եկավ առասպելականացված մեր առաջնորդների համեստ նկարագիրը: Արամ Մաթևոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter