Գյումրիի 19 դպրոցում իրավիճակը դեռ լարված է
«Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամներ Արթուր Սիմոնյանի եւ Աննա Դարբինյանի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉԸ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Ս. Սեյրանյանին ՀՀ Շիրակի մարզպետ Լ. Նանյանին ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դ. Սարգսյանին
Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցի` Շիրակի մարզպետի` 2009 թվի փետրվարի 20-ի որոշմամբ ձեւավորված խորհրդի անդամներ Սարգիս Դեմիրճյանին, Գագիկ Տոնոյանին, Արմեն Հարությունյանին, Անահիտ Վարդանյանին եւ Լաուրա Հովհաննիսյանին Մենք` «Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդում Ծնողական խորհրդի պատվիրակ անդամներս, վերլուծելով Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ընտրության շուրջ ստեղծված իրադրության բոլոր զարգացումները, այս շրջանակներում առկա բոլոր փաստաթղթերը, դպրոցի մանկավարժների բողոքները, անավարտ դատական գործերը, հանգել ենք այն եզրակացությանը, որ Շիրակի մարզպետի 2009 թվի փետրվարի 20-ի որոշմամբ ձեւավորված Դպրոցի խորհրդի հայտարարած տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին չենք մասնակցելու: Սա ծայրահեղ, բայց եւ միակ հնարավոր քայլն է այն բանի դեմ, երբ մեր մասնակցությունը կարող է ի չարս գործադրվել ընդդեմ մեր դպրոցի եւ կրթության: Միաժամանակ, կոչ ենք անում տնօրենի նոր մրցույթ հայտարարած խորհրդի մյուս անդամներին` ձեռնպահ մնալ հիշյալ մրցույթին մասնակցելուց, եւ որեւէ այլ գործողությունից, որը կխորացնի ճգնաժամը եւ ավելի կբարդացնի ոչ խորհրդի մեղքով ստեղծված այս իրադրության լուծումը: Հորդորում ենք սպասել մինչեւ Շիրակի մարզպետի որոշումը վիճարկող Ռուզան Մովսիսյանի եւ Ալվարդ Ղայթանջյանի հայցերով դատական գործերի ավարտներին: Հակառակ դեպքում չի բացառվում այնպիսի իրադրությունը, երբ դատարանի վճռով նրանք կվերականգնեն իրենց` խորհրդի անդամի կարգավիճակը, եւ շղթայաբար` խորհրդի փետրվարի 20-ի կազմի կայացրած որոշումներն ու մրցույթները կդադարեն վավերական լինել, սրանցից բխած բոլոր բարդություններով: Հնարավոր թյուրիմացություններից ամենքին զերծ պահելու համար հատուկ նշում ենք, որ մենք չենք դադարեցնում մեր անդամությունը դպրոցի խորհրդին, սա հրաժարականի դիմում կամ հայտարարություն չէ, սա Շիրակի մարզպետին (եւ մարզպետարանի համապատասխան աշխատակիցներին) իմաստնության եւ ողջամտության կոչ է. չեղյալ հայտարարեք դպրոցի 2006 թվի հոկտեմբերի 12-ից խորհրդի անդամներ Ռուզան Մովսիսյանի եւ Ալվարդ Ղայթանջյանի լիազորությունների դադարեցման մասին Ձեր որոշումը, չեղյալ հայտարարեք նրանց այլ անձանցով փոխարինելու մասին Ձեր կայացրած որոշումը, թույլ տվեք խորհրդին աշխատել հօգուտ դպրոցի եւ ոչ թե պարտադրեք ձեր մասնավոր կամքը դպրոցին, մանկավարժներին եւ դպրոցականներին: «Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի` Ծնողական խորհրդից անդամներ Արթուր Սիմոնյան Աննա Դարբինյան 2 ապրիլի, 2009
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել