Փոքր եւ միջին ձեռնարկություններին 2008 թ. ավելի շատ գումար է տրամադրվել
ԼՂՀ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության /ՓՄՁ/ սուբյեկտներին ֆինանսական եւ ներդրումային աջակցության ծրագրի շրջանակում 2003 թվականից թվով 418 ՓՄՁ սուբյեկտներ հնարավորություն են ստացել սկսելու կամ ընդլայնելու իրենց սեփական գործը:
Այդ նպատակների իրականացման աջակցությանն ուղղված ֆինանսական միջոցների ընդհանուր գումարը կազմում է մոտ 5486,8 մլն դրամ, այդ թվում` 2008 թվականին` 2835,4 մլն դրամ: Արցախի ներդրումային հիմնադրամի տարեկան հաշվետվության համաձայն՝ 2008 թվականին ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկային միջոցների ընդհանուր գումարն ավելի քան 3.2 անգամ գերազանցել է 2007 թվականին տրամադրված վարկերի ընդհանուր գումարը:
Արտոնյալ պայմաններով ԼՂՀ ՓՄՁ սուբյեկտներին 2003-2008 թթ. վարկային միջոցները տրամադրվել են հիմնականում արդյունաբերության /41 տոկոս/, գյուղատնտեսության /27 տոկոս/, ծառայություններ եւ առեւտուր /20 տոկոս/ ոլորտներում գործունեություն իրականացնողներին, իսկ 12 տոկոսը բաժին է ընկել տնտեսության այլ ճյուղերին:
Իսկ ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակում 2003-2008 թթ. ԼՂՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին տրամադրվել է 2819,4 մլն դրամ վարկ, որի 20 տոկոսը բաժին է ընկել խաղողագործությանը, 17-ական տոկոսը` անասնապահությանը եւ ոչ պարենային ապրանքների արտադրությանը, 11 տոկոսը՝ պարենային ապրանքների արտադրությանը, 7-ական տոկոսը` այլ ծառայություններին եւ գյուղտեխնիկայի ձեռքբերմանը: Ֆինանսական աջակցություն ստացածների մի զգալի մասը Ստեփանակերտի սուբյեկտներն են, որոնց հաջորդում են Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի ՓՄՁ սուբյեկտները:
2008 թվականին շարունակվել է հիմնադրամի միջոցների հաշվին ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական աջակցության տրամադրումը` համաձայն վերջիններիս կողմից ներկայացված հայտերի: Տարվա ընթացքում ֆինանսական աջակցություն է ստացել 13 տնտեսվարող ՓՄՁ սուբյեկտ, ընդհանուր` 168,025 մլն դրամ գումարի չափով, այդ թվում երկրորդ փուլով` 28,03մլն դրամ, երրորդ փուլով` 11,8 մլն դրամ` խաղողագործության եւ պտղաբուծության զարգացման ծրագրերի իրականացման համար: Ֆինանսական աջակցության մի զգալի մասը դարձյալ բաժին է ընկել խաղողագործությանը, ապա առեւտրի, հասարակական սննդի կազմակերպմանը, ոչ պարենային ապրանքների արտադրությանը, անասնապահությանը եւ այլն: Իսկ ըստ շրջանների տարվա ընթացքում աջակցություն ստացածների 35 տոկոսը դարձյալ Ստեփանակերտի ՓՄՁ սուբյեկտներին է հասել, 27 տոկոսը` Մարտունու, 14 տոկոսը` Հադրութի, 13-ը` Ասկերանի, 8-ը` Շուշիի եւ այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել