Հիմնադրամը կտրամադրի դպրոցական նոր գույք
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է կահավորման խոշոր՝ 300 հազար եվրո արժողությամբ ծրագրի մեկնարկի մասին, որի շնորհիվ ընդհանուր առմամբ 5 հազար աշակերտ Հայաստանում եւ նույնքան էլ Արցախում կապահովվեն դպրոցական նոր գույքով` ներառյալ աշակերտական նստարաններ ու սեղաններ, գրատախտակ, կախիչ, գրապահարան, ուսուցչի սեղան: Նախատեսվում է, որ գույքն ամբողջությամբ դպրոցներին կտրամադրվի մինչեւ նոր ուսումնական տարեսկիզբ:
Գումարի առյուծի բաժինը` 227 հազար եվրո, իր կտակի համաձայն նվիրաբերել է Տիկին Վերժինե Ադամյանը, ով բնակվում էր Փարիզի մերձակայքում: Վերջինիս կտակի ընդհանուր գումարից արդեն իսկ 274 հազար եվրո 2007թ. ուղղվել է Արցախի Կոճուղուտ գյուղի դպրոցի կառուցման ծրագրին, իսկ շուրջ 175 հազար եվրո ներդրվել է ԼՂՀ ճանապարհաշինության մեջ: Բարերար հայուհու հիշատակը վառ պահելու համար մեկական դպրոց Հայաստանում եւ Արցախում կկրեն նրա անունը:
Կահավորման այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ մնացած 103 000 եվրոն առաջիկա ամիսների ընթացքում կհանգանակվի Ֆրանսիայի տեղական մարմնի ջանքերով:
Սակայն նույնիսկ խոշորածավալ այս ծրագրով ամբողջությամբ չի լուծվի դպրոցների կահավորման խնդիրը, եւ շուրջ 7 հազար աշակերտ Արցախում դեռեւս նոր դպրոցական գույքի կարիք կունենա: Խնդրի հնարավորինս արագ լուծման ուղղությամբ Ղարաբաղի կառավարությունը եւ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը համաձայնության են եկել կրկնապատկելու համատեղ ջանքերը:
Հայաստանում եւս մեծ է հնացած ու երերացող նստարաններից ու սեղաններից օգտվող աշակերտների թիվը: Տնտեսական ճգնաժամի պատճառով զգալիորեն կրճատվել են պետության միջոցները եւ նվազել են ընդհանուր եւ մասնավոր ներդրումները: Այս առումով հատկանշական է, որ գույքը չի ներկրվելու, այլ պատրաստվելու է Գյումրիում եւ ծրագրի շնորհիվ շուրջ հարյուր գյումրեցի կստանա աշխատելու հնարավորություն:
Ծրագրի մեկնարկի առնչությամբ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Կոչ ենք անում մեր բարերարներին. եղեք վեհանձն եւ առատաձեռն: Ձեր անունները կգրվեն ձեր միջոցներով կահավորված դասասենյակների ցուցանակների վրա: Եկեք միասին արժանավայել կրթական պայմաններ ստեղծենք մեր երեխաների համար Հայաստանում եւ Արցախում»:
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը ասել է. «Իրապես երջանիկ եմ, որ այսքան շատ երեխաներ կշահեն ծրագրի արդյունքում: Ամեն անգամ Արցախի կամ Հայաստանի դպրոցներն այցելելիս, երբ տեսնում եմ խարխուլ աշակերտական սեղաններ ու նստարաններ, խորապես տխրում եմ: Պետք է հնարավորինս արագ վերջ տրվի այս վիճակին: Անպայման շարունակելու ենք դպրոցների կահավորման ծրագրերի համար գումարներ հայթայթելու մեր գործը»:
Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը նշել է. «Համոզված եմ, որ դպրոցների կահավորմամբ զբաղվող այլ կազմակերպությունների համար այս լայնածավալ ծրագիրը ոգեշնչող կլինի եւ մոտ ապագայում Հայաստանի եւ Արցախի բոլոր դպրոցներում խնդիրը վերջնականապես լուծված կլինի»:
Առայսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանում եւ Արցախում կառուցվել է ավելի քան 110 դպրոց, որոնցից 24-ի կառուցումը ֆինանսավորվել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից: Վերջին տարիների ընթացքում շուրջ 12 հազար աշակերտ եւ նրանց ուսուցիչները` համապատասխանաբար 7 հազար աշակերտ Հայաստանում եւ 5հազար՝ Արցախում, ապահովվել են դպրոցական գույքով: Շահառու դպրոցներին գույքի հետ մեկտեղ տրամադրվել են նաեւ լաբորատոր սարքավորումներ, համակարգիչներ եւ սպորտային գույք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել