Փաստաբանները դիմում են Նախագահ Սերժ Սարգսյանին
Երևանի քրեական դատարանում քննվող քրեական գործով իրականացնում ենք ամբաստանյալ Գևորգ Լևոնի Սաֆարյանի պաշտպանությունը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով (հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը): Գործը քննում է նույն դատարանի դատավոր Եվա Դարբինյանը:
Գործը դատարանի վարույթում է գտնվում 2008 թվականի հունիսի 24-ից:
Սույնով հայտնում ենք, որ գործը վարույթ ընդունվելուց հետո` մինչ օրս, դատավոր Եվա Դարբինյանը տվյալ գործով կատարել է մի շարք ապօրինի գործողություններ, այդ թվում` երկու պաշտոնեական կեղծիք:
Այսպես`
1. Գործի նախաքննության ավարտման փուլում, մենք միջնորդություն ենք ներկայացրել Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ քրեական գործը, ապացույցների անբավարարության պատճառով, կարճելու մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267 հոդվածի պահանջի համաձայն, քննիչը պարտավոր էր քննարկել այդ միջնորդությունը և, եթե մերժեր այն, մենք նրա մերժումը երկօրյա ժամկետում իրավունք ունեինք բողոքարկել դատախազին: Սակայն քննիչը, ստանալով մեր միջնորդությունը և առանց այն քննարկելու, քրեական գործն ուղարկել է դատախազին, իսկ վերջինս` դատարան: Դատարանն էլ, ի դեմս դատավոր Եվա Դարբինյանի, գործը նշանակել է դատական քննության, անկախ այն բանից, որ քննիչի և դատախազի կողմից պաշտպանների միջնորդության չքննարկման փաստն իրենից ներկայացնում է քրեադատավարական օրենքի էական խախտում:
2. Գևորգ Սաֆարյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրացած է եղել 2008 թվականի հունիսի 22-ին: Եվ քանի որ գործը դատարանի վարույթ ընդունվելու պահին այդ ժամկետն արդեն իսկ լրացել էր և չկար դատարանի որոշում, որը արտոներ նրա հետագա կալանքը, դատավոր Եվա Դարբինյանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300 հոդվածի համաձայն, գործը դատական քննության նշանակելու որոշմամբ, ի թիվս այլոց, պարտավոր էր անդրադառնալ նաև ամբաստանյալի խափանման միջոցի հարցին, ինչը, սակայն, չի արել և դրանով իսկ մեկ անգամ ևս հաստատել է այն փաստը, որ 2008 թվականի հունիսի 22-ից մեր պաշտպանյալը կալանքի տակ է պահվում ապօրինի:
3. Գործի դատական քննության նախապատրաստական փուլում մենք մի շարք անգամ հայտարարել ենք, որ ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը կալանքի տակ է պահվում ապօրինի և, որ գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ դատարանը չի անդրադարձել նրա խափանման միջոցի հարցին: Դատավոր Եվա Դարբինյանը, 2008 թվականի հուլիսի 14-ին և 28 տեղի ունեցած դատական նիստերում մեր այդ հայտարարությունների առթիվ որևէ հերքող հայտարարություն չի արել, իսկ առավել ևս` հակառակն ապացուցող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Այնուհետև, երբ 2008 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցած դատական նիստում քննության էր առնվում գործով մյուս ամբաստանյալ Անուշ Ղավալյանի պաշտպանի միջնորդությունը դատավոր Եվա Դարբինյանի ինքնաբացարկի վերաբերյալ, վերջինս բանավոր հայտարարեց, թե գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ դատարանն անդրադարձել է նաև բոլոր ամբաստանյալների խափանման միջոցի հարցին` որոշելով այդպիսիք թողնել անփոփոխ (տե’ս կից ներկայացվող` նշված օրվա դատական նիստի ձայնագրության` ժամը 13:17:18-ից 13:19:11-ի հատվածը):
Գևորգ Սաֆարյանի պաշտպան Արա Զաքարյանն այս առթիվ հայտարարեց, որ նման տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ գործը դատական քննության նշանակելու մասին որոշման` մեզ ուղարկված օրինակները նման դրույթ չեն պարունակում և, եթե գործում առկա է մեր ունեցած որոշումներից այդ մասով տարբերվող այլ որոշում` խնդրեց հրապարակել այն: Պաշտպանի այդ հայտարարությունից հետո դատավորը ոչ միայն որևէ նման որոշում չհրապարակեց, այլև առհասարակ չպնդեց մինչ այդ` ժամը 13:17:18-ից 13:19:11-ի ընթացքում իր արած հայտարարությունը (տե’ս նույն ձայնագրության` ժամը 13:21:49-ից ժամը 13:24:09-ի հատվածը):
Դրանից հետո` 2008 թվականի օգոստոսի 22-ին տեղի ունեցած դատական նիստում մենք միջնորդեցինք մեր պաշտպանյալին գրավով ազատ արձակել, հաշվի առնելով նաև, որ նա մինչ օրս կալանքի տակ է պահվում առանց դատարանի որոշման, այսինքն` ապօրինի: Այդժամ, դատավոր Եվա Դարբինյանը մեզ ներկայացրեց գործը դատական քննության նշանակելու մասին ձեռագիր մի փաստաթուղթ, թվագրված 2008 թվականի հուլիսի 8-ով: Ըստ այդ փաստաթղթի, դատավոր Եվա Դարբինյանը, իբրև թե գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ իրականում անդրադարձել է Գևորգ Սաֆարյանի հետագա կալանքի հարցին` որոշելով այն թողնել անփոփոխ: Ծանոթանալով այդ փաստաթղթին և նկատի ունենալով, որ այդ որոշման` մեզ ուղարկված տպագիր օրինակներում նման գրառումը բացակայում է, ինչպես նաև հաշվի առնելով, որ համակարչային տեխնիկայի ներմուծման պահից ի վեր շրջանառությունից դուրս է եկել դատավորների կողմից որոշումների, վճիռների կամ դատավճիռների տեքստը ձեռագիր գրելու` մինչ այդ գոյություն ունեցած պրակտիկան, նույն դատական նիստում մենք միջնորդեցինք, որպեսզի դատավոր Եվա Դարբինյանը նշանակի փաստաթղթաբանական փորձաքննություն` պարզելու համար նոր ներկայացված ձեռագիր փաստաթղթում առկա գրառումների վաղեմությունը: Դատավորը մեր այդ միջնորդությունը տեղում մերժեց այն պատճառաբանությամբ, որ բավարար է, որ դատարանը ինքն է համոզված, որ դա գրվել է դրանում մատնանշված ժամանակ, որից հետո անգամ մեզ բավարար ժամանակ չտրամադրեց այս հիմքով իրեն ինքնաբացարկի վերաբերյալ գրավոր միջնորդություն ձևակերպելու և ներկայացնելու համար:
Նման պայմաններում, ավելի քան բավարար հիմքեր կան եզրակացնելու, որ 2008 թվականի օգոստոսի 22-ին դատավորի կողմից ներկայացված «Դատական քննության նշանակելու մասին» ձեռագիր որոշումը դրան նախորդող երկու դատական նիստերի ժամանակ գոյություն չի ունեցել, այսինքն` գրվել և ստորագրվել է հետին թվով: Հակառակ դեպքում, դատավորն այդ ձեռագիր «որոշում»-ը կներկայացներ նախորդ դատական նիստերում, առավել ևս, որ 2008 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցած դատական նիստում, ինչպես նշվեց, մեր կողմից նրան առաջարկվել էր ցույց տալ նման որոշում, եթե այդպիսին գոյություն ունի:
4. 2008 թվականի հուլիսի 14-ին տեղի ունեցած դատական նիստում մենք միջնորդություն ներկայացրեցինք դատավոր Եվա Դարբինյանի ինքնաբացարկի մասին: Նշված միջնորդությունը դատավորի նույն օրվա որոշմամբ առանց որևէ պատճառաբանության մերժվեց: Եվ քանի որ ՀՀ դատական օրենսգիրքի 91 հոդվածը հնարավորություն է տալիս բողոքարկելու ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը, մենք միջնորդեցինք գործի դատական քննությունը հետաձգել` բողոքարկման այդ իրավունքն իրականացնելու համար: Դատարանը մեր նշված միջնորդությունը բավարարեց` գործի քննությունը հետաձգելով մինչև մեր ներկայացվելիք բողոքի վերաբերյալ ՀՀ վերքաննիչ քրեական դատարանի կողմից որոշում կայացնելը:
Մեր կողմից վերը նշված վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո, սակայն երբ մենք դեռևս չէինք ստացել բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը, տեղեկացանք, որ 2008 թվականի հուլիսի 28-ին Երևանի քրեական դատարանում մեր պաշտպանյալի գործով նշանակվել է հերթական դատական նիստը: Մենք սահմանված ժամին ներկայացանք դատական նիստին և դատավոր Եվա Դարբինյանը հայտարարեց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը առանց քննության է թողել մեր բողոքը: Նշված դատական նիստին չէր ներկայացվել կալանքի տակ գտնվող մյուս ամբաստանյալ Անուշ Ղավալյանը, որի հետևանքով դատավորը դատական նիստն ընդմիջեց մեկ ժամով: Եվ քանի որ մենք այդ ժամանակահատվածում այլ դատարաններում ևս դատական նիստերի պետք է մասնակցեինք և, բացի այդ, մեզ անհրաժեշտ էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից ստանալ դատավոր Եվա Դարբինյանին հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը` դրա` վճռաբեկության կարգով բողոքարկման հարցը լուծելու համար, մենք հեռացանք Երևանի քրեական դատարանի տարածքից` այդ մասին նախապես տեղեկացնելով դատավորին:
Այնուհետև, գործով դատական նիստ նշանակվեց 2008 թվականի օգոստոսի 11-ին, որը, սակայն, հետաձգվեց և հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 22-ին: Նշված օրը, մեր պաշտպանյալի խափանման միջոցը փոփոխելու մասին միջնորդոթյան քննարկումը դատավոր Եվա Դարբինյանի կողմից առանց որևէ իրավական հիմքի հետաձգվելուց հետո, մենք միջնորդություն հարուցեցինք այդ օրը նրա ներկայացրած «Դատական քննության նշանակելու մասին» ձեռագիր որոշումը փաստաթղթաբանական փորձաքննության ենթարկելու մասին, պարզելու համար դրանում առկա գրառումների վաղեմությունը: Դատավորի կողմից մեր այդ միջնորդությունը մերժվեց տառացիորեն այն շարժառիթով, որ «… գոնե դատարանը չի կասկածում իր գրած որոշման վրա…»:
Նման պայմաններում, նկատի ունենալով, որ դատավորը, որը «…չի կասկածում իր գրած որոշման վրա…», գոնե մեզ հնարավորություն չի ընձեռում հաստատելու կամ փարատելու նրա այդ որոշումը կեղծ լինելու` միանգամայն հիմնավոր կասկածները, մենք հայտարարցինք, որ նոր հիմքեր են ի հայտ եկել դատավորին ինքնաբացարկի միջնորդությամբ դիմելու համար և խնդրեցինք մեզ երեք օր ժամանակ տրամադրել:
Դատավոր Եվա Դարբինյանը այդ գործողությունը կատարելու համար մեզ տրամադրեց ոչ ավել, ոչ պակաս տասնհինգ րոպե ժամանակ, որը ակնհայտ անբավարար էր դատավարական մեր այդ իրավունքն իրականացնելու համար: Համոզված լինելով, որ դատավորի կողմից այդ` իրավմամբ ծիծաղելի ժամկետը մեզ տրամադրվել էր ձևական նկատառումներով և իրենից այլ բան չէր ներկայացնում, քան բացահայտ հեգնանք մեր և մեր պաշտպանյալի նկատմամբ, դեռ չասելով այն մասին, որ դա նպատակ էր հետապնդում պարտակելու պաշտոնական կեղծիքի փաստը և պաշտպանության կողմին զրկելու այս առթիվ հիմնավորված ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, մենք ճարահատված եղանք լքել դատական նիստերի դահլիճը:
Դրանից հետո տեղեկացանք, որ դատավոր Եվա Դարբինյանը, իր տրամադրած տասնհինգ րոպեն անցնելուց հետո դատական նիստը շարունակելիս, մեր բացակայությունը համարել է անհարգելի և մեր նկատմամբ, որպես դատական սանկցիա, կիրառել է նախազգուշացում` որոշելով այդ մասին տեղյալ պահել ՀՀ փաստաբանների պալատին (տե’ս ձայներիզի 2008 թվականի օգոստոսի 22-ի նիստի ձայնագրառման` ժամը 15:42:56-ից 15:43:59-ի հատվածը): Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, դատավոր Եվա Դարբինյանը ՀՀ փաստաբանների պալատ ոչ թե տեղեկացում է ուղարկել մեզ նախազգուշացում հայտարարելու մասին, այլ մի կեղծ որոշում, ըստ որի նա այդ օրը իբրև թե որոշել է դիմել ՀՀ փաստաբանների պալատ` մեր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Դատավորի այդ կեղծ որոշումը, այդ պահին իրականության մասին տեղեկատվության բացակայության պատճառով, հիմք հանդիսացավ ՀՀ փաստաբանների պալատի կողմից մեր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
5. Տեղեկանալով, որ մեր պաշտպանյալի գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2008 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 12:30-ին, մենք ներկայացանք դատական նիստին: Այդ օրը մենք հրապարակեցինք դատավոր Եվա Դարբինյանի ինքնաբացարկի վերաբերյալ մեր միջնորդությունը, որում, բացի առաջինից, մենք ներառել էինք նաև նրա կողմից երկրոդ պաշտոնեական կեղծիքը կատարելու փաստը` որպես տվյալ գործով նրա անկողմնակալությունը բացառող հանգամանքներ: Դատավորը, սակայն, հայտնելով, թե մենք արդեն իսկ նույն հիմքերով ինքնաբացարկի միջնորդությամբ հանդես ենք եկել դեռևս 2008 թվականի հուլիսի 14-ին, որոշեց ինքնաբացարկի մեր միջնորդությունը թողնել առանց քննության:
Մեր այն առարկություններին, թե ինչպես մենք կարող էինք դեռևս չկատարված և մեզ անհայտ կեղծիքների փաստերը դնել այդ փաստերն ի հայտ գալուց ավելի քան մեկ ամիս առաջ հայտնած ինքնաբացարկի միջնորդության հիմքում, դատավորն ընդամենը հայտնեց, որ ինքն արդեն իսկ կայացրել է որոշում և չի պատրաստվում այն վերանայել:
Այսինքն` դատավոր Եվա Դարբինյանը կատարեց իր հերթական հանցանքը` շահադիտական նկատառումներով` իր իսկ կողմից կատարված երկու պաշտոնեական կեղծիքները պարտակելու դիտավորությամբ կայացնելով ակնհայտ անարդար դատական ակտ` հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 352 հոդվածով:
* * *
Վերը նշվածի հետ մեկտեղ, հարկ ենք համարում Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստերին.
a) Եվա Դարբինյանը այն դատավորն է, որի պատճառով Մարդու իրավունքների եվրոպկան դատարանն արդեն իսկ Հայաստանի Հանրապետության դեմ կայացրել է դատապարտող մի վճիռ` պետության վրա դնելով դիմողին 4.000 եվրո, որպես բարոյական վնասի փոխհատուցում, վճարելու պարտականություն (տե’ս Միշա Հարությունյանն ընդդեն Հայաստանի Հանրապետության գործը, որը նաև հայտնի է որպես «հարթաշուրթերի» կամ, որ նույնն է` «плоскогубцы»-ների գործ):
Այդ` հիրավմամբ խայտառակ գործի առանձնահատկությունն այն էր, որ դատավոր Եվա Դարբինյանը «плоскогубцы»-ների գործադրմամբ իրականացված խոշտանգումների արդյունքում կորզված ցուցմունքները որպես ապացույցներ օգտագործելով` մարդուն դատապարտել էր տասը տարի ժամանակով ազատազրկման:
b) Մեկ այլ` Ալեքսանյան եղբայրների գործով, երբ խոսքը վերաբերում էր ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի համար շուրջ մեկուկես տարի հետախուզման մեջ գտնվող անձանց, դատավոր Եվա Դարբինյանը, այն ժամանակ հանդիսանալով վերաքննիչ դատարանի դատավոր, վերացրել է այդ հետախուզվողներին կալանավորելու մասին որոշումը, պատճառաբանելով, թե վերջիններս նախկինում արատավորված չեն եղել, վատառողջ են և պատրաստակամություն են հայտնել աջակցելու քննութանը: Դատավոր Եվա Դարբինյանի նշված` ակնհայտ ապօրինի որոշման շնորհիվ մնալով ազատության մեջ, Ալեքսանյան եղբայրները կատարել են այլ ծանր հանցագործություն: Նշենք նաև, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, վերը նշված դատական ակտը հետագայում համարելով անօրինական, այն բեկանել է:
Այսպիսով, հիմքեր ունենք հայտարարելու, որ դատավոր Եվա Դարբինյանը արդարադատության իրականացման` ավելի քան պատասխանատու առաքելությունը վերածել է ամենաթողության: Ներկայացված փաստերը, կարծում ենք, որ ավելի քան բավարար են հետևություն անելու, որ դատավոր Եվա Դարբինյանը դատավորի անկախության սկզբունքն ընկալել է աղճատված լույսի ներքո` այն մեկանաբանելով իբրև անկախություն Սահմանադրությունից, օրենքից և մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից: Նշվածի վառ ապացույցը` նրա կողմից մեր պաշտպանյալի իրավունքների և ազատությունների տևական ոտնահարումների փաստերն են, որոնք հետագայում կարող է հիմք հանդիսանան Ստրասբուրգի դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ հերթական վճիռը կայացնելու համար:
Ուստի, դիմելով Ձեզ, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել`
i. ապահովելու մեր պաշտպանյալ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ գործի` անկախ և անկողմնակալ դատարանի կողմից քննության հնարավորությունը.
ii. լուծելու Երևանի քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի կատարած չարաշահումների, այդ թվում` պաշտոնեական կեղծիքների և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար նրա պատասխանատվության հարցը.
Կից ներկայացնում ենք`
Ø Գործը դատական քննության նշանակելու մասին որոշումը.
Ø ինքնաբացարկի վերաբերյալ 14.07.2008թ. միջնորդությունը.
Ø ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին դատավորի 14.07.2008թ. որոշումը.
Ø Ամբաստանյալին կալանքից ազատելու մասին 22.08.2008թ. հրապարկված պահանջը.
Ø <<Դատական քննության նշանակելու մասին>> կեղծ որոշումը.
Ø դատավորի 22.08.2008թ. կեղծ որոշումը` կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ փաստաբանների պալատին դիմելու մասին.
Ø ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 29.08.2008թ. որոշումը` կարգապահական վարույթ հարուցելու մասին.
Ø ինքնաբացարկի մասին 05.09.2008թ. միջնորդությունը.
Ø Դատական նիստերի ձայներիզի օրինակը:
Հարգանքով`
Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպաններ`
փաստաբաններ` Արա Զաքարյան, Արթուր Գրիգորյան
10.09.2008թ.
ՀՀ, ք.Երևան
Նամակի պատճենները հանձնվել են նաեւ`
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ` պարոն Ռ.Սահակյանին
ՀՀ վարչապետ` պարոն Տ.Սարգսյանին
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ` պարոն Հ.Մանուկյանին
ՀՀ արդարադատության նախարար` պարոն Գ.Դանիելյանին
ՀՀ գլխավոր դատախազ`պարոն Ա.Հովսեփյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան` պարոն Ա.Հարությունյանին
ՀՀ ազգային ժողովի նախագահ` պարոն Տ.Թորոսյանին
Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության
հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան` պարոն Ս.Կապինոսին
Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն CELLI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն` պարոն Քրեգ Հոլստեդին
Փաստաբաններ`
Արա Զաքարյանից և
Արթուր Գրիգորյանից
(Երևան, Գր. Լուսավորչի 15/1,
հեռ.` 583130, 093189090, 563205, 093170303)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել