HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասպիրանտական և դոկտորական տեղերի վերաբաշխումը հանձնարարվել է ԿԳՆ-ին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստում որոշում է ընդունվել ՀՀ 2009-2010 ուսումնական տարվա ասպիրանտուրա եւ դոկտորանտուրա ընդունելության տեղերը եւ առկա ուսուցմամբ ասպիրանտուրա եւ դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին։ Սահմանվել է, որ 2009-2010 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը` համաձայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի` իրենց տրամադրված տեղերի շրջանակում։ Այս հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ կառավարության նախորդ` Աղվերանում տեղի ունեցած արտագնա նիստում խնդրի քննարկումից հետո, հանձնարարել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը` ուսումնասիրել դոկտորանտուրայի տեղերի խնդիրը, եւ այն մտահոգությունները, որ եղել են հարցի առնչությամբ, այդ ուսումնասիրության արդյունքում ամբողջությամբ ապացուցվել են. «Այն փաստարկները, որ բերվում էին Աղվերանում, թե այդ տեղերը նպաստում են, որ մարդիկ` գիտության նվիրյալները, հնարավորություն ունենան դոկտորականներ պաշտպանելու, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը հանձնարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարին` 3 օրվա ընթացքում ծանոթանալ դոկտորանտուրայի մասով հիշյալ ուսումնասիրության արդյունքներին` ընդգծելով հարցին որոշակի եւ իրատեսական մոտեցում ցուցաբերելու, նշված ոլորտներում որակական բարեփոխում իրականացնելու կարեւորությունը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter