HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հայտարարությունը

Ապրիլի 1-ին կայացավ 7 քաղբանտարկյալների դատավարության վերջին անփառունակ նիստը: Ի սկզբանե 7 քաղբանտարկյալների գործերը համատեղվել էին մի ընդհանուր «մայր գործի» մեջ, որպեսզի դրանով հիմնավորվեր նախագահական ընտրություններից հետո դեռ փետրվարի 24-ին ընդդիմության դեմ «իշխանության յուրացման փաստի» առիթով գաղտնի հարուցված քրեական գործը, մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների բարբարոսական ջարդը, նրանց վրա բարդվեր նույն օրը երեկոյան վարչախմբի իրականացրած արյունոտ սպանդի պատասխանատվությունը: Դրանով պետք է բացատրվեր ու արդարացվեր նաեւ Ռ. Քոչարյանի կողմից մտցված ապօրինի արտակարգ դրությունը, հազարավոր մարդկանց նկատմամբ ամիսներ շարունակ իրականացված քաղաքական հետապնդումներն ու ահաբեկչությունը, բազմաթիվ գործիչների բանտարգելությունը: Միասնական գործի տարանջատումով, իշխանության յուրացման ծանրագույն ու հիմնական մեղադրանքի (300 հոդված) բացառումով, իր անհեթեթության մեջ «դարակազմիկ», ավելի քան 15 հազար էջ եւ 44 հատոր կազմող կեղծիքի այս բուրգը փլուզվեց: Այդ փլուզմամբ կործանվեց Մարտի 1-ի մասին վարչախմբի պաշտոնական վարկածը: Դրանով խոստովանեցին, որ ընդդիմությունը չի պլանավորել ու չի փորձել իրականացնել որեւէ հեղաշրջում կամ սահմանադրական կարգի տապալում: Դրանով ապացուցվեց, որ ընդդիմությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում սպանությունների համար եւ պետք է գտնել դրա իրական մեղավորներին: Դրանով բացահայտեցին, որ, մեղմ ասած, համարժեք չեն եղել իր՝ վարչախմբի գործողությունները ընդդիմության նկատմամբ ո°չ մարտի 1-ին, ո°չ դրանից առաջ, ո°չ դրանից հետո: Դրանով վարչախումբը խոստովանեց, որ իր կամակատարներն ամբողջ 1 տարի շինծու գործեր են թխել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ու միաժամանակ պարտակել վարչախմբի պարագլուխներից սկսած մինչեւ նրանց հրահանգները կատարած անձանց հանցագործությունները: Մարդկային ստորության, ճղճիմ ու անզոր վրեժխնդրության արտահայտություն «7- ի գործ» կոչվող այս խայտառակությունը, որ կարող էր դառնալ մեր ամենամեծ ազգային ամոթը, տապալվեց քաղբանտարկյալների ոգու կորովի, անտեղիտալի կամքի, շուրջ մեկ տարվա համառ, անզիջում, գրագետ ու համբերատար համաժողովրդական պայքարի ու համբերության շնորհիվ: «Մայր գործի» մնացած ՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մասնատված մեղադրանքին նույնպիսի ճակատագիր է սպասվում: Պարզապես առայժմ դրանով իշխանությունը վերջին հնարքներին է դիմում՝ քաղբանտարկյալներին օր ու ժամ ավելի անազատության մեջ պահելու համար, մինչդեռ մեղադրանքի պաշտոնական վարկածը հիմնահատակ փլուզվել է: Վարչախումբը դա անում է մի նպատակով՝ որ պարտությունը չնմանվի կապիտուլյացիայի ու իր ճամբարում խուճապ չառաջացնի, այլ գեթ կազմակերպված նահանջի տպավորություն թողնի£ Դա անում է՝ որպեսզի թույլ չտա Շարժման նոր հզորացում: Շինծու քրեական այս գործի փլուզումով, սակայն, բացվեց նաեւ իրական քրեական գործ հարուցելու առայժմ չգրված առաջին էջը, որն իր մեջ ներառելու է 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններում ընտրակեղծիքների ու ապօրինությունների կազմակերպման, ակնհայտ անհիմն քրեական գործեր հարուցելու, անհիմն ձերբակալություններ ու հետապնդումներ հրահանգելու, Մարտի 1-ի նստացույցի ջարդի, խաղաղ ու անզեն քաղաքացիների սպանդի կազմակերպիչների, հրահանգողների ու կատարողների մասին տասնյակ ու հարյուրավոր դրվագներ: Եւ դա լինելու է իրոք դարակազմիկ, համաժողովրդական դատավարություն, դատավարություն՝ քոչարյանասերժական ավազակապետության դեմ՝ այնպես, որ պետականության այս փտախտը այլեւս երբեք, հավերժորեն չկրկնվի Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter