Գանձասար վանքին կվերադարձվի Ավետման սրբապատկերը
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակին, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին եւ դպրոցականների ռազմական ճամբարների կազմակերպմանը:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը կարեւորել է շրջակա միջավայրի պահպանությունը` այն համարելով առողջ ապրելակերպի կարեւոր նախապայման: Նա հատուկ նշել է աշխատանքների պատշաճ իրականացումը նաեւ մայրաքաղաքի եւ շրջկենտրոնների ծայրամասային թաղամասերում:
Հանդիպման ժամանակ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը երախտագիտություն է հայտնել երկրի իշխանություններին` Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի կապակցությամբ Արցախի պատմա-երկրագիտական թանգարանում պահվող Ավետման սրբապատկերը Գանձասարի վանքին վերադարձնելու որոշման համար: Սրբապատկեր հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 7-ին:
Դպրոցականների ռազմական ճամբարների կազմակերպման մասին զեկուցումով հանդես է եկել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: Նախագահը նշել է, որ աշխատանքները պետք է լինեն կազմակերպված եւ անթերի, ինչին կնպաստի տարբեր կառույցների հետ սերտ համագործակցությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել