HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարգևներ մրցանակակիրներին

Միջազգային ասպարեզում ամենահեղինակավոր` Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթին, որն անցկացվել է Վաշինգտոնում, Հայաստանը ներկայացնող  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմն արժանացել է Alona E. Evans-ի անվան «Լավագույն գրավոր աշխատանք» 5-րդ մրցանակին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ապրիլի 3-ին նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը պարգևատրեց հաղթող թիմին: «Իրավագիտության ֆակուլտետի թիմի արձանագրած հաջողությունը ողջ կրթական ոլորտի, ինչու չէ նաև մեր հանրապետության ձեռքբերումն է», -նշեց Ա. Ավետիսյանը: Հայաստանը Ֆիլիպ Ջեսսափի անվան դատախաղ-մրցույթին հինգերորդ անգամ էր մասնակցում, իսկ ԵՊՀ-ն ներկայացնող իրավաբանների այս թիմը` երկրորդ: Աշխարհի 80 երկրի համալսարանների շուրջ 120 թիմ իրենց գիտելիքներն ու հմտությունները չափում էին միջազգային իրավունքի առավել վիճահարույց և արդիական հիմնահարցերի ոլորտում: Կրկնօրինակելով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի գործերի վարույթի ողջ ընթացակարգը` մրցույթն իրենից ներկայացնում էր երկու պետությունների իրավական վեճի կարգավորման գործընթաց և բաղկացած էր երկու հավասարազոր փուլից` գրավոր և բանավոր: Այս տարի իրավական վեճերը վերաբերում էին միջազգային դատարանի իրավազորությանը, մարդասիրական նկատառումներով զինված ուժի գործադրմանը, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և արդար դատաքննության իրավունքին: Դատախաղ-մրցույթում Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը գերազանցել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների թիմերին: Ա. Ավետիսյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրերով պարգևատրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Լևոն Գևորգյանին, Արմենուհի Գառգալոյանին, Տարոն Սիմոնյանին, նրանց մարզիչ և խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Եղիշե Կիրակոսյանին, թիմի իրավախորհրդատու, նույն ֆակուլտետի դասախոս Սառա Շիրազյանին, իսկ թիմն արժանացավ ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter