HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանին

tsargsyanՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Համիդ Բեհբահանին ընդգծել է, որ Հայաստանն Իրանի համար կարեւոր բարեկամ երկիր է, որի հետ համագործակցությունը հատկապես էներգետիկայի, տրանսպորտի եւ տնտեսության այլ բնագավառներում իր երկրի արտաքին տնտեսական հարաբերությունների առաջնահերթություններից է։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության նախարարը մասնավորապես կարեւորել է տրանսպորտի ոլորտում նախատեսվող երկկողմ ծրագրերի թվում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագիծը։ Նա նշել է, որ այցի ընթացքում գործնական հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարների հետ, որի արդյունքում հիշյալ նախագծի գործնական նախապատրաստման համար արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ըստ Համիդ Բեհբահանիի, աշխատանքները կարող են իրականացվել 3 փուլով` երկաթուղու կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություն, ֆինանսավորման աղբյուրների հստակեցում, ամենաօպտիմալ ուղղության ընտրություն եւ շինարարության իրականացում։ Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստակամ է այդ 3 փուլերում էլ հնարավորինս օժանդակել Հայաստանին` սեղմ ժամկետներում կյանքի կոչելու կարեւոր այդ նախագիծը։ «Հայաստանի հարավային ճանապարհն այսօր առավել քան հուսալի է, եւ մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որ կապը, երթեւեկությունը մեր երկու երկրների միջեւ հնարավորինս դյուրացվի», - ասել է նախարարը։ Տիգրան Սարգսյանն էլ նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը առիթ է ավելի խորացնելու եւ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, որը կուժեղացնի թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի դիմադրողականությունը ճգնաժամի բացասական ազդեցությունների հանդեպ։ Այդ համատեքստում կարեւորելով ՀՀ նախագահի առաջիկա պաշտոնական այցը Իրան, վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը, կնպաստի, որպեսզի երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերն ավելի մեծ թափով իրականացվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter