HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Բագրատ Ենգիբարյանը կարծում է, որ Հայաստանը 25 տողով բարելավել է ՏՏ ոլորտի ցուցանիշը

tt1Երեւանում երեկ  մեկնարկած «Տարածաշրջանային համագործակցության խթանում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով» խորագրով երկօրյա համաժողովը շարունակվեց այսօր: Հիշեցնենք, որ այն կազմակերպվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում  /BSEC/ Հայաստանի նախագահության շրջանակներում: j-daly2ԱՄՆ Միջզգային զարգացման գործակալության  փորձագետ  Ջեյն Դալին (Jane Daly) անդրադարձավ տնտեսական ճգնաժամի ազդեցությանը Հայաստանում: Նա նշեց, որ Հայաստանը ցուցադրել է բավականին բարձր արտագնա միգրացիայի ցուցանիշ: «Սոցիալական պաշտպանությունը տարբերակ չէ գործազուրկների համար: Այժմ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 30 000 դրամ է, սակայն այդ գումարը սննդի զամբյուղի համար, ըստ մեր հետազոտությունների, քիչ է, նվազագույնը պետք է լինի 36 000 դրամ: Ուստի մարդիկ ստիպված են լքել Հայաստանը կամ էլ  պետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ»,-ասում է փորձագետը: Ըստ բանախոսի`  ճգնաժամի արդյունքները կրում են գործարանային աշխատողները, ֆինանսական բնագավառի, մանրածախ առեւտրի, հանքաարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: «Տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանում աշխատանքի կորուստ գրանցել են տղամարդիկ, քանի որ չեն ունեցել համապատասխան հմտություններ: Եթե մարդիկ մասնագետ են, ավելի մեծ հնարավորություն ունեն դիմագրավել ճգնաժամին: Ըստ մեր տվյալների` գործազրկության մակարդակը Հայաստանում ոչ թե 27 տոկոս է, այլ 40 տոկոս է: Ամսեամիս գրանցվում է գործազրկության 1 տոկոսի աճ, ինչը Հայաստանի պարագայում ահռելի թիվ է»,- ասաց Ջեյն Դալին: Մասնագետը գտնում է, որ տրանսֆերտները եւս վտանգավոր են Հայաստանի համար եւ կարող են քայքայել տնտեսությունը: Նա անդրադարձավ երիտասարդների կրթվածության մակարդակին եւ նշեց, որ նաեւ երիտասարդների արտահոսքը  տեսական մեծ կորուստ է Հայաստանի համար: Փորձագետն ասում է, որ ըստ  Արժույթի միջազգային հիմնադրամի    Հայաստանի ՀՆԱ-ն մարտ ամսին լինելու է մինուս 5: Փորձագետը խորհուրդ է տալիս պաշտպանել մարդկանց, սովորեցնել նրանց լինել ավելի ճկուն նոր գիտելիքների նկատմամբ,իրականացնել վերապատրաստման ծրագրեր: «Պետական-մասնավոր գործունեությունը պետք է նոր որակ ձեռք բերի, ձեռներեցությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում պետք է յուրահատուկ օժանդակություն ստանա: Նորավարտ  երիտասարդների  համար պետք է մշակել ծրագրեր: Կարծում եմ` Հայաստանում մեծ ճեղքվածք կա ուսուցման եւ վերաուսուցման միջեւ» ,-խորհուրդ է տալիս Ջեյն Դալին եւ ավելացնում, որ թիրախ պետք է դառնան նաեւ շրջանները, որոնք ծայրահեղ վիճակում են ի տարբերություն մայրաքաղաքի: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագետը խորհուրդ է տալիս շեշտը դնել արտադրության վրա, որպեսզի մրցունակ լինի աշխարհում. «Կոռուպցիան եւս խոչընդոտ է այս ոլորտի զարգացման համար, քանի որ ստեղծվում է միջավայր, որտեղ անհնար է թափանցիկ ձեւով մրցել դրամաշնորհների, ֆինանսական օժանդակության համար»: Թուրքիայի Ռադիոհեռուստահաղորդակցության խորհրդի ներկայացուցիչ Համիտ Էրսոյը ֆորումի ընթացքում ներկայացրեց իր նոր ծրագիրը: hersoyՆրա ծրագիրը միտված է երեխաներին հարմարեցնել նոր տեխնոլոգիաների միջավայրին. «Երեխաներին պետք է ապահովագրել նախ ՏՏ ոլորտում վնասակար տեղեկատվությունից, կարող ենք ստեղծել ֆիլտրող գործիք, որը կպաշտպանի երեխաներին: Թուրքիայում իրականացնում ենք Սիմբոլ Սիսթեմ ծրագիրը, որը ազդանշաններ է տալիս, եւ բանիմաց ընտանիքները կարող են երեխաներին պաշտպանել»,- ասաց Համիտ Էրսոյը: Նա առաջարկեց իրականացնել իրազեկման տարածաշրջանային միջոցառումներ, մշակել հստակ ծրագիր, որը կիրականացնեն բոլորը: Հաջորդ առաջարկը ենթադրում է դասախոսների եւ ուսանողների փոխանակում  BSEC-ի շրջանակներում: «Այս ծրագիրը շատ լավ է գործում, օրինակ այս տարի Թուրքիան Եվրոպական երկրներ է ուղարկել 10 000 համալսարանականների եւ ի պատասխան ստացել 2000 ուսանողներ, ովքեր մեկ կիսամյակ իրենց կրթությունը ստացել են Թուրքիայում:  Դա մեծապես կնպաստի համագործակցությանը տարածաշրջանի երկրներում»,-ասաց  Համիտ Էրսոյը: Մյուս առաջարկն էլ մեդիա կրթություն իրականացնելն է, որը ենթադրում է սովորեցնել օգտվել ինտերնետից, հեռահաղորդակցության տեխնոլոգիաներից. «Ես կարծում եմ` մենք կարող ենք նման ուսուցողական ծրագրեր իրականացնել BSEC-ի շրջանակներում, թեկուզ Անթալիայում»: Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը, ըստ Համիտ Էրսոյի, կնպաստեն հարեւան պետությունների հետ ակտիվ հարաբերությունները: «Սինոպսիս-Հայաստան»-ի կրթական բաժնի տնօրեն Վազգեն Մելիքյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը  եւ համագործակցությունը տարածաշրջանի համալսարանների հետ: Ըստ ներկայացրածի` ընկերությունը  ունի 5700 աշխատող, որից 1500-ը կատարում են  գիտահետազոտական աշխատանքներ: Ընկերությունը Հայաստանում բոլոր ցուցանիշներով  ոլորտի առաջատարն է: Նա ֆորումից գոհ է, քանի որ հնարավորություն ստացան ծանոթանալ տարածաշրջանի կրթական ծրագրերին. « Մեր հիմնական առաջարկն էր կրկնօրինակել այն հաջող փորձը, որ կա մեզ մոտ` ընկերության եւ համալսարանների համագործակցության առումով: Տեղեկատվական տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, իսկ ԲՈՒՀ-երն իրենց բնույթով իներցիոն են, ուստի կրթական որակի բարձրացման համար պետք իրականացնել համատեղ ծրագրեր»: Ըստ բանախոսի` Հայաստանը աչքի է ընկնում ոլորտում ունեցած ավանդույթներով եւ «արեւմտյան ընկերությունների համար էլ հետաքրքիր է այն պոտենցիալով, որ ունի»: vmeliqyanՎ. Մելիքյանը վստահեցրեց, որ ընկերությունը ֆինանսատնտեսական ճգնաժամից չի տուժել, այլ նույնիսկ շահել է. «Այն տնտեսական ցուցանիշները, որոնք նախատեսված էին, ոչ միայն կատարվել են, այլեւ գերակատարվել, իսկ պատճառը մեր վարած տնտեսական քաղաքականությունն է, որը պայմանավորված է այլ ընկերությունների հետ համագործակցությամբ»: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարծում է, որ Հայաստանը 25 տողով բարելավել է ՏՏ ոլորտի ցուցանիշը:  Նման եզրահանգումն, իհարկե, առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ մի քանի օր առաջ Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած ՏՏ ոլորտի գլոբալ զեկույցում Հայաստանը շատ ցածր ցուցանիշներ ուներ: Կարեւորելով ինտերնետի մատչելիությունը ՏՏ ոլորտի զարգացման համար` Բ.Ենգիբարյանը ասաց, որ այսօր մշակում են պետական ծրագրեր, թե ինչպես կարելի է համակարգիչն ու ինտերնետը հասանելի դարձնել յուրաքանչյուրին: «Դա նշանակում է եւ որակի բարելավում, եւ գների իջեցում: Մեկ տարվա  ընթացքում մենք ունեցանք ինտերնետի գնի իջեցում 4-5 անգամ: Նպատակային քաղաքականության դեպքում, բնական է` չենք հասնի եվրոպական կամ ամերիկյան երանելի գներին, բայց կարող ենք 10-25 անգամ իջեցնել գները, չկորցնելով որակը»,- ասաց Բ.Ենգիբարյանը: Այսօր ինտերնետը, ըստ բանախոսի, հասանելի է բնակչության միայն 25 տոկոսին, իսկ նպատակն է, որպեսզի  5-6 տարվա ընթացքում այն հասանելի դառնա բնակչության 70 տոկոսին: Բագրատ Ենգիբարյանը ասաց, որ  մասնակից երկրների հետ հստակեցրեցին ապագա համագործակցությունը, ինչը կամփոփվի եւ կներկայացվի BSEC-ի կենտրոնակայան: «Մեզ համար ֆորումը կարեւոր էր, քանի որ դրա շնորհիվ ապագայում Սեւծովյան երկրների համագործակցության շրջանակում ավելի ակտիվ դեր կարող ենք ստանձնել: Այսինքն, Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ կատարվում է պարզ ծրագրավորում, այլ լուծվում են բարդ խնդիրների. բոլոր կազմակերպություններում կա հետազոտական կոմպոնենտ, ինչը ոչ միայն մեզ դիրքավորում է որպես ՏՏ երկիր, այլ թույլ է տալիս վերադիրքավորվել ճգնաժամի ժամանակ»,-նշեց Ենգիբարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter