HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ժաննա Կրիկորովա. «Մեր համառությունը հենց այնպես համառություն չէ, դա կյանքի եւ մահվան հարց է»

Մարտի 24-27-ը International Alert բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կողմից Վիեննայում անցկացված ադրբբեջանա-հայկական հասարակական խաղարար ֆորումի ղարաբաղյան ներկայացուցիչները երեկ մամուլի ասուլիս են հրավիրել` հասարակությանը ներկայացնելու ֆորումի, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հնչեցված` ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի որոշ մանրամասներ:

Տեղեկացնենք, որ «Անվտանգություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ, ինչպես նաեւ վստահության ձեւավորման մեխանիզմներ» թեմայով ֆորումին Ղարաբաղից մասնակցում էին 8 հոգի` հասարակական սեկտորի ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Հայկական կողմից մասնակցում էին նաեւ պատվիրակներ Հայաստանից: Ի դեպ, համանախագահների` Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը երկրորդն էր. նրանք նման հանդիպում են ունեցել նաեւ մարտի 1-ին Ստեփանակերտում, որտեղ լսել են հասարակական սեկտորի ներկայացուցիչների կարծիքները` բանակցային գործընթացի եւ նրա շուրջ արված մի շարք հայտարարությունների վերաբերյալ: Ղարաբաղցի մասնակիցների հավաստմամբ, չնայած ֆորումի ժամանակ համանախագահների կողմից հնչեցված հայտարարությունները հիմնականում ծանոթ էին, կային նաեւ նորերը, որոնց շուրջ եւս արժե մտածել: Ստեփանակերտի ռեսուրս կենտրոնի խորհրդի անդամ, լրագրող Կարինե Օհանյանը ներկայացրեց այն հայտարարությունները, որոնք հնչեցրել է ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Առաջարկների մեջ Բ.Ֆասյեն ընդգծել է ԼՂ-ի շուրջ տարածքների հանձնումը` առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության կորստի: Ղարաբաղին կտրամադրվի ժամանակավոր կարգավիճակ, որն ընդունելի կլինի Երեւանի եւ Բաքվի համար, իսկ վերջնական կարգավիճակը հնարավոր կլինի որոշել 5,10,15 տարի հետո` եւ հայկական, եւ ադրբեջանական համայնքների մասնակցությամբ: Ֆրանսիացի համանախագահը նաեւ շեշտել է, որ կողմերը պետք է գան փոխզիջումների: «Հայաստանը պետք է հասկանա, որ ԼՂՀ-ն երբեք չի լինի անկախ երկիր, եւ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող վերադառնալ իր նախկին կարգավիճակին»,-նշել է Բերնար Ֆասյեն: Նա իրադարձությունների շարունակման երեք տարբերակ է ներկայացրել` «կամ մադրիդյան սկզբունքները ընդունվում են, կամ մնում է ստատուս-քվոն, որը գնալով շատ դժվար է պահպանել, կամ էլ վերջին ելքը` պատերազմ: Դրա համար, ըստ Ֆասյեի, կա երկու ուղի`կամ ոչ իդեալ փոխզիջում, կամ պատերազմ: Փախստականների վերադարձի մասին ֆորումի ժամանակ խոսել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, որն, ի դեպ, սիմպտոմատիկ հայտարարություն է արել, որ  «փախստականների միակողմանի վերադարձ չի լինի, նրանք պետք է վերադառնան «բոլորը բոլորի» սկզբունքով»: Այս հայտարարությունը, Կարինե Օհանյանի հավաստմամբ, բավականին բացասական արձագանք է գտել ադրբեջանցի մասնակիցների շրջանում: Նման հայտարարություններ եւս եղել են: Բերնար Ֆասյեն օրինակ նշել է, որ նույնիսկ Հայաստանի հանրապետությունը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Իսկ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան էլ ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Համանախագահների հայտարարություններին բացասական են արձագանքել հայ մասնակիցների կողմից, որոնք արտահայտել են իրենց անհամաձայնությունը եւ դիրքորոշումը այս կամ այն տարբերակի վերաբերյալ: «Կարեւոր հարցը մեզ համար, որ նշել ենք, դա Ղարաբաղի մասնակցությունն է բանակցային գործընթացին, որ առանց Ղարաբաղի նրա ճակատագիրը չի կարող որոշվել: Խոսել ենք իրականությունից կտրված լինելու մասին, որ համանախագահները հաշվի չեն առնում այն ռեալ իրավիճակը, որն այսօր ստեղծվել է ղարաբաղյան հակամարտության արդյունքում: Եւ նաեւ արտահայտվել է անվստահություն` միջազգային հանրության նկատմամբ, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի»,-տեղեկացրել է Կ.Օհանյանը: Ֆորումի մեկ այլ մասնակից, ԼՂՀ արտգործնախարարության միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Ժաննա Կրիկորովայի կարծիքով, համանախագահների հանդիպումը հասարակություններին բանակցային գործընթացին ներգրավելու սկիզբ կարելի է համարել: Համանախագահներն իրենց զեկույցներով փորձել են հասարակությանը հասցնել այն հիմնական սկզբունքները, որոնք այսօր կան բանակցությունների սեղանին, եւ ասել այն մասին, որ հասարակությունը նույնպես պետք է ընդգրկվի բանակցային գործընթացին, «պետք է գիտակցի այն իրողութունները, որոնք այսօր առաջարկում են համանախագահները եւ, հաշվի առնելով դրանք, երկխոսություն ծավալի եւ օգնի իր իշխանությանը, գնա իր առաջնորդի ետեւից»: «Հենց այնպես չեն նրանք ամեն անգամ խոսել այն մասին, հատկապես  Ֆասյեն, որ ուզում եք, թե ոչ` դա ոչ ինտելեկտուալ կոնֆլիկտ է: Եվ այն մոդելը, որ մենք առաջարկում ենք, դրանից ավելի ինտելեկտուալ լուծում չի կարող լինել, ինչքան էլ գլուխ ջարդենք, ավելի լավ տարբերակ առաջարկել հնարավոր չէ: Դուք պետք է գիտակցեք, որ կոմպրոմիսները ոչ թե դիրքերի հանձնում է, այլ փոխադարձ ընդունելի եւ փոխադարձ ձեռնտու տարբերակ»,-Ֆասյեի այս խոսքերն են, ըստ Ժաննա Կրիկորովայի, այն մեսիջը, որը համանախագահները փորձում են մեզ հասցնել: Իրականում, Ժաննա Կրիկորովայի, խոսքերով, համանախագահների կողմից ճնշում այնուամենայնիվ նկատվում է` այն առաջարկների իրագործման առումով, որոնք ըստ էության ղարաբաղյան կողմի համար անընդունելի են: «Մեր կողմից ասվել է, որ մենք ղարաբաղյան հակամարտությունն այսօր արդեն չենք ընկալում բացառապես էթնոքաղաքական հակամարտություն, որ այն վաղուց հասել է աշխարհաքաղաքականի, եւ որ կան տարբեր շահեր մեր տարածաշրջանում, որոնք բերում են հենց կարգավորման նման տարբերակի»,-հավելել է Ժ.Կրիկորովան, որը հստակ արտահայտել է այն միտքը, որ նման տարբերակների Ղարաբաղը երբեք չի կարող համաձայնվել: Մասնակիցները ընդգծեցին այն միտքը, որ համանախագահների առաջարկները չեն ընդունում որպես ինչ-որ վերջնական մոդել: Եւ անհրաժեշտ է, որ ղարաբաղյան կողմն առաջ տանի իր դիրքորոշումը: «Մեր համառությունը հենց այնպես համառություն չէ, դա կյանքի եւ մահվան հարց է, Ղարաբաղի հայության ողջ մնալու հարցն է: Մենք այլ ելք չունենք»,-ավելացրել է Ժ.Կրիկորովան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter