HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Դաստակերտի հանքը Ռիմային չի հետաքրքրում

5-ամյա Ռիման տատիկին ստիպված է «մամա» կանչել, քանի որ իր բոլոր տարիքակիցների պես «իսկական մամա» չունի: Նրա ծնվելուց հետո հայրը մեկնել է Ռուսաստան, իսկ մայրը՝ Ղարաբաղ: Երկուսն էլ ամուսնացել և մնացել են այնտեղ: Ռիմային իր խնամակալության տակ է վերցրել տատը՝ մոր մայրը:

Ռիման Սիսիանի շրջանի Դաստակերտ բնակավայրից է (որը պաշտոնապես քաղաք է անվանվում, սակայն ավելի շատ լքված գյուղի է նման), ապրում է հայտնի 4-հարկանի շենքում, որտեղ հիմնականում բնակվում են գյուղի անապահով ընտանիքները:  

Փոքրիկը տանը մնալ չի սիրում, քանի որ իր մեծահասակ քույրերն ու եղբայրները (մորաքույրներն ու քեռիները) խոսում են «ուրիշ բաներից», որն իրեն հետաքրքիր չէ: Տնից հեռու գնալ էլ չի կարող. գրեթե ողջ օրը նստում է իրենց շենքի մոտ գտնվող ավտոտնակի դիմաց ու նայում շուրջը:

Բացի այդ՝ Ռիման գրեթե համոզված է, որ մայրիկը շուտով պիտի գա, և ուզում է՝ ինքն ամենաառաջինը տեսնի նրան. «Մյուս մամաս ասել էր, որ աղբորս հարսանիքին պիտի գար, էն էլ չեկավ: Բայց կգա չէ՞... դե որ ասել ա, կգա էլի»,- ինձ և իրեն համոզելով՝ ասում էր Ռիման:

Այս տարի Ռիման դպրոց է գնալու, ուզում է աշակերտ դառնալ, բայց դեռ տետրեր ու գրիչներ չունի: Նա չի բողոքում այդ փաստից, քանի որ հասկանում է, որ տատիկն էլ՝ «փող չունի»:

Տատիկը՝ Սեդա Մաթևոսյանը, բացի Ռիմայից 8 երեխա էլ ունի, որոնցից 2-ն անչափահաս են:

«Բայց նրանց համար չեմ անհանգստանում. նրանք գոնե անցած տարիներից հին-մին շոր ունեն, բայց էս էրեխեն ոչ մի շոր չունի, որ ուղարկեմ դպրոց»,- ասում է Սեդա Մաթևոսյանը, որ Դաստակերտի ավագանու անդամ է:

Տան միակ աշխատողը նրա տղան է. «Հանքում ստանոկի վրա էր աշխատում, էն էլ արաբները հանեցին, դրեցին պահակ: Ամուսինս էլ 60-ն անց է, բայց հազար ջահելի գործ կանի. արաբներն ասում են «Բաբա մեծ մարդ, բաբա չի կարա աշխատի»: Ինչի՞ չի կարա... էհ, լավ է»,- հուսահատվում է Ռիմայի տատիկը:

Դաստակերտցիներն իրենց «կյանքից կտրված» են համարում, քանի որ շրջկենտրոն Սիսիանից իրենց գյուղ հասնելու համար մոտ մեկ ժամ է հարկավոր: Բացի այդ՝ ճանապարհները կիսաքանդ են և դժվարանցանելի: Դաստակերտում պղնձի հանքի շահագործման փորձեր են արվում, ինչը գյուղի բնակիչների միակ հույսն է՝ աշխատանք ունենալու, «կյանք մտնելու»:

Ռիմայի համար հանքի շահագործումը հեչ կարևոր չէ. նա գիտի, որ մի օր «գառաժի մոտից» կտեսնի իր «իսկական մամային»: