Արտագնա նիստ Քաշաթաղում
ԼՂՀ կառավարության հերթական արտագնա նիստն այսօր տեղի է ունեցել Բերձորում: Լսվել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի հաշվետվությունը 2008թ. գործունեության եւ շրջանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, hաշվետվության մեջ առանձնակի անդրադարձ է կատարվել վերաբնակեցմանն առնչվող հիմնախնդիրներին: Շրջվարչակազմի ղեկավար Կամո Մարտիրոսյանի հրապարակած տվյալներով` ներկայումս Քաշաթաղի շրջանում ապրում է մոտ ութ հազար մարդ:
Անցած տարի այստեղ վերաբնակեցվել է 47 ընտանիք (462 մարդ): Վարչակազմի ղեկավարի կարծիքով, շրջանի վերաբնակեցմանը խոչընդոտող եւ բնակչության արտահոսքին նպաստող գլխավոր պատճառների թվում են սոցիալ-կենցաղային անբավարար պայմանները, բնակարանաշինության, ջրա- էլեկտրամատակարարման, ճանապարհաշինության, կրթամշակութային օբյեկտների կառուցման հետ կապված դժվարությունները:
Շրջանի ժողովրդագրական եւ սոցիալտնտեսական իրական պատկերը ստանալու նպատակով շրջվարչակազմում ստեղծվել է հանձնախումբ, որը շրջայցեր է կատարում բոլոր համայնքներ, ուսումնասիրում իրավիճակը եւ հավաքագրում ստույգ տեղեկություններ, որոնք պետք է հիմք հանդիսանան կուտակված հիմնախնդիրների լուծման համար հիմնավոր ծրագրերի մշակման եւ իրականացման համար:
Կ.Մարտիրոսյանի համոզմամբ`վերաբնակեցման գործընթացում բարեփոխումներ կատարելու նպատակով անհրաժեշտ է, առաջին հերթին, ընդունել շրջանի զարգացման ռազմավարական ծրագիր, եւ այն իրագործել դրանից բխող ամենամյա միջոցառումներով:
Անցած տարի ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից շրջանին հատկացվել է 70 մլն դրամ անտոկոս վարկ (31 համայնքների)՝ աշնանացանի սերմացու գնելու համար, որի շնորհիվ կատարվել է 9500 հեկտար ցանք:
Վարչակազմի ղեկավարի հաշվետվությունում նշվել է նաեւ, որ 2008թ. գյուղատնտեսության բնագավառում տեղ են գտել մի շարք բացթողումներ. բնակչության մի մասը չտեղեկացվածության պատճառով չի օգտվել պետական ծրագրերից, որոշ համայնքներում սեւ ցելը պատշաճ որակով ու ժամանակին չի կատարվել:
Ոլորտի առաջընթացին խոչընդոտել են նաեւ գյուղտեխնիկայի սակավությունը, ջրանցքերի անմխիթար վիճակը, հողերի եղեգնապատումը, գյուղատնտես-մասնագետների խիստ պակասը: Գուղտեխնիկայի բացը լրացնելու նպատակով արդեն իսկ սկսվել եւ շարունակվում է լիզինգային կարգով մեքենաների ներկրումը շրջան: Կառավարության կողմից նախատեսվում է 2009թ. վերանորոգել շրջանի 16 ջրատար, ինչպես նաեւ կատարվում են աշխատանքներ` տարածքները եղեգնապատումից մաքրելու համար: Միջոցներ են ձեռնարկվում համայնքները անասնաբույժներով ու գյուղատնտեսներով ապահովելու նպատակով:
Քաշաթաղի համար մյուս կարեւորագույն բնագավառը շինարարությունն է: Թեեւ հաշվետու տարում տասնյակ նոր օբյեկտներ են շարք մտել եւ վերականգնվել հները, շրջանում կառուցապատման հիմնախնդիրը դեռեւս բավական սուր է:
2008-ին շինարարության նախատեսված ծավալները կատարվել են 86 տոկոսով, որի պատճառներն են շինարարական աշխատանքների ուշացումով սկսելը, գործող շինկազմակերպությունների տեխնիկական անբավարար հագեցվածությունը, շինարար-մասնագետների սակավությունը:
Նշվել է նաեւ, որ Բերձորում սկսվել եւ շարունակվում են 27 եւ 18 բնակարանոց շենքերի վերանորոգման աշխատանքները: Այստեղ վերանորոգվել է 5 բնակելի տուն: Շրջանի վեց եւ ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքների համար կառուցվում է 10 տիպային բնակելի տուն:
Անդրադառնալով հաշվետվությունում արծարծված եւ շրջանում առկա մյուս հիմնահարցերին` վարչապետ Ա.Հարությունյանը շեշտել է, որ սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում գտնվող այս գոտին պահանջում է առանձնահատուկ վերաբերմունք եւ մեծ ներդրումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել