ՀՀԿ-ականները կրակել են իրար վրա
«Ապրիլի 2-ին, ժամը 22:00-ից 22:30-նն ընկած ժամանակահատվածում Րաֆֆու փողոցի թիվ 88 շենքի հետնամասում անհայտ անձի կողմից ստացած հրազենային վնասվածքից մահացել է 33-ամյա Կ. Հակոբյանը»: Սա ոստիկանության պաշտոնական տեղեկատվությունն է նախորդ գիշեր Մալաթի-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած ռազբորկայի մասին: Սակայն, շրջանառվող խոսակցությունների համաձայն` Կարեն Հակոբյանի վրա (մականունը` Կիսատ) կրակել է ոչ թե անհայտ անձը, այլ այժմ փախուստի մեջ գտնվող Արթուր Անդրանիկի Սեդրակյանը` Տիզ մականունով:
Ի դեպ, գիշերը ոստիկանության բաժանմունք են տարել Արթուրի հորը` Անդրանիկ Սեդրակյանին, եւ երեկ նա դեռ բաժանմունքում էր: Իսկ Սեդրակյանների ընտանիքի մյուս անդամներն նույնպես փախուստի մեջ են: Կարեն հակոբյանը եւ Արթուր Սեդրակյանը նույն «Բ1» կոչվող թաղամասի բնակիչներն են, երկուսն էլ համայնքի ավագանու անդամներ, երկուսն էլ ընդգրկված են նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ նախընտրական ցուղակում. Կարեն Հակոբյանը` 101-ոդ հորիզոնականում, Արթուր Սեդրակյանը` 43-րդ հորիզոնականում: Ի դեպ, երկու երիտասարդներն էլ ավագանու պաշտոնում «փոխարինում» էին իրենց ծնողներին, որոնք անցյալում նույնպես երկու ժամկետ համայնքի ավագանու անդամ էին:
Այս պահին շրջանառվում է վիճաբանության երկու պատճառ: Մեկ, որ դա վաղուցվա վեճ էր եւ ուներ տնտեսական հիմք: Եվ երկրորդ` նոր սկսված հակամարտություն է եւ կապ ունի առաջիկա ընտրությունների հետ: մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ-ում ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ցուցակում անցողիկ կհամարվեն ոչ թե հերթական համարները, այլ այն անձինք, ովքեր, ըստ ընտրատեղամասերի, առավել շատ քանակով ձայներ կապահովեն կուսակցության համար: Կարեն Հակոբյանը եւ Արթուր Սեդրակյանը նույն թաղամասի բնակիչներ են, եւ նրանց ընտրողները պետք է նույն թաղամասում քվեարկեին: Այսինքն` վերջիններս «ձայներ կիսելու» խնդիր են ունեցել:
Մեր տեղեկություններով` այս վիճաբանության արդյունքում երիտասարդներից մեկի ընկերը գտնվում է գիվանդանոցում` ծանր վիճակում: նրան դանակահարել են կռվի ընթացքում: Մինչդեռ պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին ոչինչ չի ասվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել