«Մի բան էլ որ ուզում ենք էժանանա, չի էժանանում, ընդհակառակը, միշտ թնգանում, թնգանում, հա թնգանում ա»,- ասում է ալավերդցի Վալոդ Օսյանը
Ապրիլի 1-ից գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների թանկացումները տխուր տրամադրություններ և զսպված զայրույթ են առաջացրել Ալավերդիում: Ավելի անհուսալի վիճակում են հայտնվել հատկապես կենսաթոշակառուները եւ գործազուրկները: Ըստ Ալավերդու Զբաղվածության կենտրոնի տեղեկատվության` 2009 թ.-ին կենտրոնում հաշվառված են 3234 գործազուրկներ և աշխատանք որոնողներ:
«Դե բոլոր մարդկանց համար էլ դժվար ա, աշխատավարձերն էդքան չբարձրացավ, ինչքան որ թանկացումները եղան: Կառավարությունն ասում է ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել է մինչև 100 հազար, չգիտեմ էլ` ինչ է ասում կառավարությունը, բայց ուսուցիչները ժամեր չունեն, դրույք չունեն, քաղաքի դպրոցներում հազիվ մի քանի ուսուցիչ կգտնեք` դրույքով ապահովված: Ուսուցչի մեկ դրույքը 22 ժամ է, որի համար սահմանված է 93 հազար դրամ աշխատավարձ, դասղեկության համար սահմանված է այս 93 հազար դրամի 20% վարձատրություն, որը կազմում է 18,6 հազար դրամ, գրավորների ստուգման վարձատրություն սահմանված է 10%` 9300 դրամ: Նորմալ դեպքում իմ աշխատավարձը պետք է կազմեր 121 հազար դրամ: Հիմա ես ստանում եմ 73 հազար դրամ, 18 ժամ ունեմ, դասղեկ եմ: Դասղեկության համար պետք է ստանայինք 18,6 հազար դրամ, ստանում ենք 7 հազար, ասում են` փող չկա, որ վճարենք: Բայց աշխատանքները շատ լավ պահանջում են: Բնականաբար, իմ ընտանեկան բյուջեին այս թանկացումները խիստ հարվածում են: Ես թոռնիկիս հետ եմ ապրում, բայց ոչ մի տեղից էլ օգնություն չունեմ: Մենք էլ գազը, ջուրը, էլեկտրաէներգիան անընդհատ ծախսում ենք, լողանում ենք, օգտագործում ենք, ուսուցիչներ ենք, երեխաների առաջ ենք կանգնում, հո հանուն խնայողության փնթի չենք գնալու դպրոց: Բացի դրանից էլ, մթերքն էլ է, չէ, թանկացել: Կարագն է թանկացել, մսեղենը, կաթնամթերքը»,- ասաց Ալավերդու թիվ 5 միջն. դպրոցի դասվար Կարինե Ղազարյանը:
Թանկացումների մասին մեր զրույցը Սայաթ-Նովա 14 շենքի բակում հավաքված տղամարդկանց հետ սկզբում չէր ստացվում:
«Ազգանունս պետքը չի ասելը, մի հետ էլ ըստի ճիշտ բան եմ խոսել, քիչ մներ դատի տային: Էնա` ժողովրդին սպանում են, էլի»,- ասաց մի կենսաթոշակառու:
Թանկացումների կապակցությամբ իր դժգոհությունը թաքցնել չկարողացավ Գեորգի Շախկուլյանը. «Ես իմ էդ ինչ են ուզում, շաշ բաներ են անում, ժողովրդին կտորում, էլի: Առանց էն էլ, սօրվա էս պահին, իմ գազը կտրած ա, հին գնով չեմ կարողացել տամ, հմի կարա՞մ տամ: Աշխատավարձս 30 հազար դրամ ա: Քաղաքապետարանում պահակ եմ ըշխատում: Էդ փողով ես սկի կարըմ չեմ հաց առնեմ, ես ոնց կարամ գազի փող տամ, բերին, կոպիտ ասած, խաբելով-բանով գազ միացնել տվին, ասին` օգնում ենք, էս ենք անում, կրիդիտ ենք անում: Հմի էլ բերել են ու էլածն էլ թանկացնում են: Հետո, թանկացնում են` թոշակը նույնը թողնում, 20 հազարը թոշակառուին հերի՞ք ա: Էդ դատավորի աշխատավարձը վեր են ունըմ 500 հազար սարքըմ, եթե փողը չկա, թող նրա համար էլ չըլի, էլի: Դատավորի, սրա-նրա հմա ունի, թոշակառուի հմա չունի»:
«Թոշակս 30 հազար է, ընտանիքում աշխատող չունենք, երկու հոգի ենք, երկուսս էլ թոշակառու ենք, ասում ես` եկող ձմեռ ի՞նչ տեմ անի, ինչպես այդ մարդն ասավ, պարտքով-բանով կփակվենք: Դե հմի գազը օրն-օրի թնգացնում են, մի բան էլ որ ուզում ենք էժանանա, չի էժանանում, ընդհակառակը, միշտ թնգանում, թնգանում, հա թնգանում ա: Կառավարությունն էդ թանկացումների համար թոշակառուներին որ փոխհատուցում տա, լավ կլի, բայց չի տալի»,- ասաց Վալոդ Օսյանը:
Հաջորդ զրուցակիցս` Արտուշ Իսոյանը, որ մռայլված լսում էր թանկացումների մասին խոսակցությունը, հարցիցս պոռթկաց. «Ի՞նչ ասեմ, պատը պատած ա, թողըմ չեն մի տեղով էլա դուս գանք: Ի՞նչ ասեմ, դու շատ լավ էլ հասկանում ես` ինչ եմ ասում: Անկախություն ասին սուտի, ի~նչ անկախություն: Սարքեցին իրանց զոնա, հայ ժողովրդին արին մեջը: Ով բշարում ա, երկրից փախչըմ ա: Սետկի տակովը: Կենսաթոշակառու եմ, թոշակս էլ անունով 30 հազար ա, 3 մանեթ էլ չի: 170 ռուբլով 1985 թ.-ին թոշակի եմ գնացել: Իմ փողը թող տային ինձ: Ձուլարանում եմ ըշխատել»:
Ընտանիքի անձերի թվի մասին մեր հարցին Արտուշ Իսոյանը պատասխանեց. «Անձը թոշակիս հետ ի՞նչ կապ ունի, ես իմ թոշակին եմ սպասում: էս րոպեին ես ու տղես ենք էդ թոշակով ապրում, նա էլ գործազուրկ ա, պլյուս դրան` թոռնիկս ա, հարս չունեմ, որովհետև տղես դեռ սուբահ ա: Ինչո՞վ ամուսնանա: Իմ թոշակի վրա ա: Էնա թող մեզ էլ տանեն, ածեն մի ձոր, էն որ 43-44 թթ. Հիտլերը տրակտորով ծածկել ա, մեզ էլ մի հետից ծածկեն, պրծնեն: Ասըմ ես, ասա, ի՞նչ պտի ասեմ: Չեն կարըմ ժողովրդին պահեն, էնա տենց անեն»:
Նոր թանկացումների կապակցությամբ իր վերաբերմունքն արտահայտեց նաեւ ալավերդցի Հարություն Ասատրյանը. «Հաջողություն մնացողանց, էս երկու օրը ես գնըմ եմ, էլ չեմ գալու: Վերջացավ: Գնում եմ մեծ աշխարհ` Մոսկվա: Աշխատանք ինձ համար էնտեղ կա և սպասում են: Հրավիրել են: Ընտանիքս 4 անձից է: Ես գնում եմ, որ հաջորդներին էլ տանեմ հետևիցս, որ էս երկրիցն ազատվենք, վսյո, հոգնել ենք արդեն: Բա կարըմ չեմ գազ վառեմ, էն ինչ փետ եմ կրըմ մեջքով, էնդեղ գազը կա, որոշ չափով ֆինանսականը լավն ա, ուտելիքը լավն ա, ապրելակերպն էլ հարմար ա»:
«Ինձ թվում է` կառավարությունն էլ չէր ուզենա, որ էս թանկացումները լինեին: Երևի ստիպված են եղել թանկացնելու, իրենք էլ գիտեն, որ ժողովուրդը դժգոհ է կառավարությունից, չէին ուզենա թանկացնել, սա պարտադրված քայլ է: Բայց դա լավ բանի չի բերի, որովհետև այս թանկացումները ճգնաժամին գումարվելով` ինձ թվում է ապրանքներն էլ ավելի կթանկանան: Ժողովուրդն էլ ինչ պետք է անի, ինչպես մինչև օրս իրա գլխի ճարը տեսել ա, էլի պտի տեսնի: Կարծում եմ` կառավարությունը պետք է չքավոր ընտանիքներին փոխհատուցում տա: Բացի այդ, Երևանում ԱԺ-ին կից լիքը հանձնաժողովներ կան, որոնք, ինձ թվում ա, անիմաստ հանձնաժողովներ են, հիմա ճգնաժամի պայմաններում կարելի է դրանց իրենց քարտուղարուհիներով, թանկ մեքենաներով, որը շատ վառելիք են վառում, կրճատել, կրճատումներ պետք է արվեն նաև պետական կառավարման այլ համակարգերում»,- ասաց անհատ ձեռներեց Դավիթ Գալստյանը:
Ալավերդցի Թինա Շահվերդյանն իր վրդովմունքն արտահայտելիս ավելի հեռուն գնաց. «Ես ու ամուսինս թոշակառու ենք, երկուսով 44 հազար դրամ թոշակ ենք ստանում, ամուսինս 2-րդ խմբի հաշմանդամ է, չգիտենք` ստացած մի քանի կոպեկ թոշակը դեղի՞ տանք, սննդի՞ տանք, թե թանկացած գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի վարձը տանք: Մարդկանց առանց դանակի մորթում են: Չորս թոռնիկ ունեմ, լավ է` հլե երեխեքս դրսում են, ճիշտ է` մեզ չեն կարողանում օգնել, կարոտն էլ մեզ խեղդում է, բայց գոնե փորներովը մեկ հաց կուտեն: Հրանուշ Հակոբյանն էլ գոռում ա, թե ետ գան, մեր ջահելությունը ետ գա: Էդ ո՞նց եդ գան, գան էստեղ ի՞նչ անեն»:
Վարորդ Լյովա Փիրուզյանի կարծիքով էլ Ալավերդի քաղաքի ու Թումանյանի շրջանի բնակիչները ոնց որ Հայաստանի ապրողներ չլինեն. «Այսինքն` լքված մի հատ շրջան ենք: 10-18 տարի սեփականաշնորհված հիմնարկներում ոչ մի շարժ չկա: Ես ինձ համարում եմ լքված համայնքի մի բնակիչ, որ ճար չկա ձեռներիս: Ումի՞ց աշխատանք պահանջես: Չկա այդ օղակը: Արհմիություններ էլ չկան քաղաքում, որ մեր շահերը պաշտպանեն: Ի՞նչ է լինելու վերջը, ոչ մեկս չգիտենք: Մինչև ե՞րբ կարելի է համբերել, մինչև ե՞րբ կարելի է բողոքողի կարգավիճակում ապրել»,- հարցնում է վարորդ Լյովա Փիրուզյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել