Վարչապետը նախկին քաղաքապետին ներկայացրել է կադաստրում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե եւ կոմիտեի աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախագահ Երվանդ Զախարյանին։ Վարչապետը նշել է, որ Երվանդ Զախարյանն ունի աշխատանքային հարուստ փորձ ու կենսագրություն, որը կնպաստի նաեւ նոր պաշտոնում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանն ասել է, որ չնայած անցած տարիների լուրջ ձեռքբերումներին` անշարժ գույքի կադաստրի համակարգում դեռեւս շատ անելիքներ կան, «մանավանդ որ հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարեւոր կետերից է»։
Երվանդ Զախարյանը եւս ընդգծել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող անշարժ գույքի կադաստրի համակարգի ստեղծման ուղղությամբ իրականացված լուրջ աշխատանքը` համոզմունք հայտնելով, որ կառույցում առկա մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատակիցների հետ համատեղ հնարավոր է հաջողությամբ լուծել համակարգի առջեւ ծառացած արդիական խնդիրները` ապահովելով ծառայությունների բարձր որակ։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մանուկ Վարդանյանին` ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում անշարժ գույքի կադաստրի համակարգի ձեւավորման եւ կայացման ուղղությամբ կատարած աշխատանքի համար։ Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ապահովելով շարունակականությունը, Երվանդ Զախարյանին կհաջողվի նոր թափ հաղորդել կառույցում իրականացվող աշխատանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել