HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծաղկազարդի օրը Էջմիածնում

06_04-tsaxkazardԵրեկ հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդի տոնը, որի առիթով Մայր Աթոռում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի տնօրինությամբ պատարագ մատուցվեց: Ապրիլի 5-ը հայտարարված էր նաեւ երեխաների օրհնության օր: Էջմիածին էին ժամանել բազմաթիվ քաղաքացիներ՝ այդ թվում զբոսաշրջիկներ: Մայր Աթոռի բաց խորանի առջեւ երեխաների համար կավճանկարների մրցույթ էր հայտարարվել: Ամեն ինչ արվել էր, որպեսզի տոնը հետաքրքիր անցներ: Նույնիսկ եկեղեցու բակ լարախաղաց էր եկել ու որոշակի վճարի դիմաց մարդկանց ուրախացնում էր: Երեկ ականատես եղանք հետաքրքիր մի տեսարանի, երկու «փահլեվան» (ծաղրածու) իրենց ճարտար լեզվի ու մարմնի ճկունության շնորհիվ առիթը բաց չթողեցին ու զգալի գումար  վաստակեցին: Նրանք հեռվից արդեն զգում էին, թե որ մեքենայի վարորդն է իրենց գումար տալու: caxracu2«Մի հատ քոչարի նվագեք ջիպ է գալիս»,-բղավում էր նրանցից մեկը: Ջիպի վարորդը 1000 դրամ տվեց: Բայց հետաքրքիրն այն էր, որ կախված գումարի չափից, երաժշտությունը տարբեր էր՝ քոչարին փողատերերի համար էր, իսկ անհասկանալի երաժշտությունը, կարելի է ասել, միջին խավի մարդկանց համար: Բացի վարորդներից գումար ուզելուց, մի երկու քաղցր խոսք նույնպես շռայլում էին արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների տերերի համար, ասենք, բղավում էին «ժողովուրդ տեսեք էս ու՞մ շեֆն է գալիս: Ապրի մեր շեֆը»: 500 դրամի դիմաց ծաղրածուներից մեկը համաձայնվեց զրուցել նաեւ մեզ հետ: «Հետքի» հետ զրույցում նա ասաց, որ 60 տարեկան է:  «Մայմունություն անելով եմ տուն պահում: Եթե նորմալ աշխատանք լիներ այս տարիքիս ինչի պիտի գայի ավտոների դեմը թռվռայի, որ մի երկու կոպեկ տան գնամ ապրեմ: Ստիպված եմ անում: Արդեն 6-7 տարի է այս գործի վրա եմ»,- ասաց փահլեվանը: Հատկապես զբոսաշրջիկները բավականին հետաքրքրությամբ էին նայում, թե ինչպես են պատկառելի տարիքի տղամարդիկ իրենց պատանու նման պահում, ինչ է թե շահեն անցորդների սիրտն ու գումար վաստակեն: Նրանցից քիչ հեռու իսկական տոնավաճառ էր բացվել՝ 100-600 դրամով վաճառում էին ուռենու ճյուղեր եւ զանազան հուշանվերներ: Մայր Աթոռից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա  գտնվող Գայանե եկեղեցին էլ բավականին մարդաշատ էր: Մինչ եկեղեցի հասնելը տոնի մասնակիցները հասցրեցին մի լավ փոշոտվել, իսկ զբոսաշրջիկներն էլ սկսեցին նկարել եկեղեցու ճանապարհի ցեխաջրերով լցված փոսերն ու անբարեկարգ ճանապարհը: Նշենք, որ այդ փոսերի պատճառով ֆրանսիացի զբոսաշրջիկների ավտոբուսը չկարողացավ անցնել ու հյուրերը ստիպված ոտքով քայլեցին մինչեւ Գայանե եղեղեցի: Վերջում տոնը ավելի ուրախ դարձնելու համար բաց խորանի առջեւ կենդանի հնչողությամբ ելույթ ունեցավ նվագարանը: Իսկ պատանի թմբուկահարները շքերթով անցան մարդկանց միջով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter