HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնական` ոչինչ. Թուրքիայի գլխավոր տասնյակը

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Փաստը, որ հայրենադարձը` գրեթե մեկ դար առաջ ցեղասպանության վերապրողների շառավիղից կտակված` հիշատակի ժառանգություն ստացած ամերիկածին մի հայ, հարկադրված է վերնագրել իր մտքերը, կիզակետում պահելով Թուրքիան, եւ ոչ Հայաստանը,  բացահայտում է առավել մեծ խնդիր, խորունկ մի վերք եւ ուշացած հրամայական` կամրջելու պատմության ողբերգական վիհի երկու կողմերը:

Նոր Հայաստանը` 1991 թվականից ի վեր անկախացած իր երբեմնի պետականազերծ կարգավիճակից, իմ հանապազ կյանքն է, ինչպես նաեւ իմ համաքաղաքացիների ամենօրյա արժանապատվության, ճշմարիտ ժողովրդավարության, օրենքի գերակայության հասնելու բաղձանքը եւ կեղծ ընտրություններին ու իշխանության կոռուպցիային, ամբարտավանությանն ու անպատասխանատվությանը մեկընդմիշտ վերջ դնելու հանձնառությունը: Չարաչար տառապելով անցյալում` սկսած Օսմանյան կայսրությունից մինչեւ Խորհրդային Միություն, այսօր հայ ժողովուրդը ճակատագրի հեգնանքով իր իսկ հանրապետությունում զրկված է այն նույն իրավունքներից ու ազատություններից, որոնցից տեւապես եւ բռնի ուժով նրան զրկել են օտար կայսրությունները: Հայաստանն արժանի է բարեխիղճ կառավարման ու առավել բարձրակարգ ղեկավարման, եւ այդ ժամանակը մի օր գալու է անտարակույս: «Սերունդ հաջորդը» ո´չ զոհ է, ո´չ հպատակ եւ ո´չ էլ այլեւս անհավատ «միլիեթ»: Մեզ պետք չէ նվաստացուցիչ խնդրագրերով հայցել հզոր եւ ինքնակարեւորված աշխարհի բարեհաճությունը, ում շահերը հաճախ գերիշխում են  սեփական սկզբունքների  վրա, եւ ում աշխարհաքաղաքականությունը կլանել է իրենց իսկ հռչակած «ազատություն եւ արդարություն բոլորի համար» արժեքները: Սպառվել են հաճոյանալու մնացած  եղանակները: Եվ այսպես` մաքուր խղճով  ու բարյացակամությամբ ես ակնկալում եմ, որ Թուրքիան եւ իր վարչակազմը կընդունեն արդի բազում մարտահրավերները, եւ այս նպատակով առաջարկում եմ պարզ իրողությունների, բայց ոչ մերկապարանոց պատվիրանների մի ցանկ, որը կօգնի կենսակոչելու նոր շրջափուլ` ուղղված տարածաշրջանային փոխըմբռնման հաստատմանը եւ այնպիսի խաղաղ աշխարհակարգի իրականացմանը, որը չի հանդուրժում թե´ զոհերի եւ թե´ զոհեր պատճառողների առկայությունը: 1. Յոթ չափիր, մեկ կտրիր: Այս հին ասացվածքը հստակ դաս է ժամանակակից պաշտոնյաների համար: Մինչ «ուսուցողական հրթիռներով» գրոհելը` լինի դա Դավոսում կամ այլուրեք, ի շարս ուրիշների բացթողումների դատապարտման, նախ գիտակցեք ձեր նախատինքների բովանդակությունն ու հետեւանքները եւ մտածեք դրանք արտահայտելու ձեր իրավասության մասին: Սա նեղ հայկական պնդում չէ. այն պարունակում է բոլոր համապատասխան գործոնները` ներառյալ Կիպրոսը, քրդերը, ասորիները, ալեւիները, հրեաները եւ այլ փոքրամասնություններ: «Բռնազավթումը» ամենավերջին եզրույթը պետք է լինի թուրք ներկայացուցիչների համար, ովքեր այն կիրառում են տարբեր ուժագծերով միջազգային ամենատարբեր ասպարեզներում, քանի դեռ մեկ ուրիշը նրանց մոտ չի դիմազերծել երեսպաշտության դասագրքային սահմանումը: Պահպանեք արժանապատվությունը, բայց զգույշ առաջ շարժվեք, որովհետեւ պատմությունը հզոր եւ մնայուն նախադեպ է: 2. Ներհայեցողություն: Ժողովրդավարությունները վաստակում են ներքին հաջողություն, հավակնորդները հասնում են եվրոպական սերտաճման, եւ երկրները տարածաշրջանում առաջնորդ են դառնում սոսկ այն ժամանակ, երբ ունենում են այս գործընթացն անցնելու քաղաքական խիզախություն ու բարոյական տոկունություն: Դեմ հանդիման ելեք ինքներդ ձեզ, ձեր սեփական վարքին եւ այն պետության հետագծին, որի անունից ներկայանում եք: Կարեւոր են ոչ միայն հաջողության պատմադեպերն ու հպարտության դրվագները, այլեւ ամբողջ համայնապատկերը: Ազնիվ ու համարձակ եղեք այդ հարցում. դուք ունեք տասնամյակներ ի վեր շարունակվող ժխտողականությանը վերջ դնելու ներուժը: Քաղաքացիական հասարակության շրջանում վերջին միտումները` թեպետ երկչոտ ու նախնական, այդ մասին են վկայում: 3. Հայոց ցեղասպանությունը: Մի տանջվեք ելքեր որոնելիս, պատասխանատվությունը վերցրեք ձեր ուսերին: Այնքան մեծաքանակ են ԱՄՆ Ազգային եւ Բրիտանական պետական պահոցներում, Քեյ դ’Օրսեյում (Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում), նույնիսկ գերմանական ռազմական արխիվներում այդ մասին վկայող փաստաթղթերը, որ ինքնաբերաբար ի դերեւ կարվեն տարիների ընթացքում կուտակված պաշտոնական ժխտման բոլոր պնդումները: Սակայն սա միայն թղթաբանությունն է: Ամենազազրելի վկայությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանության կամ, Ամերիկայի այն ժամանակվա դեսպանի խոսքով ասած, «ցեղային բնաջնջման» ակնբախ միջոցով մեկ միլիոնից ավելի մարդկային կյանքերի սպանդը չէ միայն: 4. Հայրենասպանություն: Որքան էլ անհավատալի հնչի, ցեղասպանությունից առավել վատթարը կանխամտածված կերպով մի ամբողջ ժողովրդի բռնազրկումն է իր բնօրրանից: Եվ  հենց դա է կատարվել: Ինչը հավասարազոր է Հայոց մեծ հայրենազրկմանը` ավելի քան չորս հազարամյակ ժառանգական իր հայրենիքում ապրող մի ազգ (պարբերաբար իր սեփական ինքնիշխան թագավորություններն ունեցող եւ ավելի հաճախ որպես կայսրությունների կողմից բռնազավթված հպատակ հանդիսացող) ընդամենը ամիսների ընթացքում վայրագաբար, բառացիորեն, ամբողջապես արմատախիլ արվեց սեփական հողից ու ոչնչացվեց: Այդպիսով` տների ու տարածքների, եկեղեցիների ու վանքերի, դպրոցների ու համալսարանների, գրադարանների ու հիվանդանոցների, կալվածքների ու շինությունների ավարառությունը` աննախադեպ լինելով մարդկության պատմության մեջ, մինչ օրս հանդիսանում է սպանություն ոչ միայն մի ժողովրդի, այլեւ մի քաղաքակրթության, մի մշակույթի եւ ժամանակի քննությունը բռնած մի ողջ կենսակերպի: Ահա թե ինչն է, որ այս ամենը ցեղասպանություն կամ այլ անվամբ կոչելու բանավեճը դարձնում է անհեթեթ, անկարեւոր եւ երրորդական: Մի ողջ հայրենիք բզկտվեց Թուրքիայի Հանրապետության նախահոր կողմից` աշխարհի հայացքի ներքո, եւ այժմ մենք բանակցում ենք մի բառի շուրջ: Իսկ այդ բառեզրն անգամ չի պարփակում ոճրագործության բուն խորքն ու ծավալը: 5. Մաքրագործվել: Սա է առաջ ընթանալու միակ ուղին: Սա սպառնալիք չէ, այլ պարզորոշ մի փաստ: Մի վախեցեք արդարության գնապիտակից: Հայերի կորցրածն անգին է: Հակափաստարկների ու տարաբնույթ հանձնաժողովային ձեռնածությունների միջոցով եղերական այս ժառանգությունից բնազդորեն ու շարունակաբար խույս տալու փոխարեն անդրադարձեք իրական դիպաշարին: Եվ փոխանակ բողոքարկելու կամ կանխատեսելու հայոց հավանական պահանջները, ապավինեք ձեր սեփական քննադատական ինքնադիտողությանը եւ ինքներդ ասացեք, թե ինչ եք նախատեսում` ուղղելու սխալը, փոխհատուցելու ու կրթելու, վերակենդանացնելու ու վերականգնելու, նաեւ տոնելու արդի  Արեւելյան Թուրքիայի հայկական ինքնությունը, այո´, դուք, մենք եւ Հրանտը` միասին: Վերջապես ձեռնարկեք իրական հաշտեցման տանող ձեր առայժմ չարած քայլը` հիմնված դաժան ճշմարտության եւ անկեղծության նորարար հորդորի վրա: 6. Այլեւս երբեք: Իրականության ճանաչման վարձքն ավելի ծանրակշիռ է, քան դրանից բխող վտանգները: Ցավոք, Ողջակիզման ինքնատիպությունը ոչ թե «Շոա»-ն էր իր ողջ նենգության մեջ, այլ ետպատերազմյան Գերմանիայի վարքագծում արտահայտված հանձնառությունը` ճանաչել պատմությունն ու ինքն իրեն, պատասխանատվություն ստանձնել նախորդ վարչակարգի կողմից կատարված ոճրագործությունների համար, սգալ ու հարգել, ներողամտություն հայցել ու վարձահատույց լինել եւ սույն վարքականոնը ներդնել հանրային գիտակցության ու պետության մեթոդաբանության մեջ: Այսօր Գերմանիան` որպես ժողովրդավար աշխարհի լիդերներից մեկը, միայն շահել ու զարգացել է իր այդ արժանավայել պահվածքի շնորհիվ: Բրանդի ծնրադրությունը չպետք է մնա որպես եզակի օրինակ: Եվրոպական ապագա խոստացող նոր Թուրքիայի ճշմարտացի առաջնորդը, թերեւս, նույնկերպ գործի` ոչ թե զիջելով, այլ էապես արտացոլելով իր եւ իր ազգի հպարտությունն ու պատիվը: Իմ մեծ մայրը` օրդուցի փոքրիկ Խնկենին, ով, բարեբախտաբար, չկիսեց իր ընտանիքի դաժան ճակատագիրը` ցեղասպանությունը վերապրելով իր թուրք հարեւանի օրհնյալ վեհանձնության շնորհիվ, չապրեց այնքան, որ տեսնի այդ օրը: 7. Ուժի քաղաքականությունը: Թուրքիայի դաշնակիցները կարող են նրան օգնել այս ճանապարհին: Վաշինգտոնը եւ իր անդրատլանտյան գործընկերները, Եվրոպական Միությունը, մահմեդական աշխարհը կամ էլ, նույնիսկ, Մոսկվան, որին Անկարան վերջերս զարմանալիորեն մերձենում է, միգուցե ազդարարի, որ մեր թվարկության երրորդ հազարամյակում աշխարհը պիտի ղեկավարվի կանոնների եւ ուղենիշների մի այլ արժեհամակարգով, որ ուժը պետք է հարգի իրավունքը, որ մարդկության դեմ ցանկացած ոճրագործություն կամ դրա ուրացումը չի հանդուրժվելու: Օբամայի վարչակազմը կրում է բեռը` միաժամանակ ունենալով լույսի այս լիդերության անհրաժեշտ կարողականությունը: Եվ այն շուտով ու կրկին քննության կդրվի: 8. Թուրքիա եւ Հայաստան: Այս ինքնիշխան դրկիցները պատմության ողջ ընթացքում երբեւէ երկկողմ համաձայնության չեն եկել: Լինի դիվանագիտական, տնտեսական, քաղաքական, տարածքային կամ անվտանգության հատուկ` իրենց փոխհարաբերություններում որեւիցե ոլորտ, կամ նույնիսկ դրանց բացարձակ բացակայությունը, չի կարգավորվում զուտ երկու հանրապետությունների շրջանակում` ազատ, արդար եւ ուղղակի համաձայնությամբ: Արդ, ժամանակն է: Հետեւաբար, պաշտոնական շփումների ու երկկողմ հանդիպումների գործընթացը, որն ի հայտ եկավ 2008թ. սեպտեմբերին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի հետքերով, պետք է հաշվի առնի այս բացը եւ կառուցի երկխոսությունն այնպես, որ անցյալի բաժանումներից ոչ թե պետք է փախչել, այլ հարկ է կամրջել դրանք` անհապաղ եւ առանց նախապայմանների հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, առ ոչինչ համարելով Թուրքիայի կողմից ապօրինաբար հարուցված սահմանային շրջափակումը, ինչպես նաեւ իրագործելով բաց ու բաժանարար բոլոր հարցերի համալիր քննարկում ու բանակցված հանգուցալուծում` հիմնված պատմության ընդունման եւ դրա կրկնությունից երաշխավորված ապագայի հանձնառության վրա: Իսկ երկխոսության իրողությունը, որքան էլ առերես խրախուսական լինի, չպետք է հանդիսանա որպես կեղծ արդարացում` կասեցնելու համար երրորդ կողմի խորհրդարանների  եւ, մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսի որոշումները կամ բանաձեւերը, որոնք պարզապես ջանում են վերահաստատել պատմական ճշտարարությունը: Այսպիսի վարքագիծը` հեռու լինելով շատերի ակնկալած պետականավայել քաղաքականությունից, կհակասի տվյալ հաշտեցման նպատակին ու ոգուն: 9. Անցյալը` որպես ներկա: Հայկական ներկա պետությունն ընդգրկում է փոքրիկ մի մասն այն ընդարձակ պատմական բարձրավանդակի, որտեղ հայերն ապրել են դեռեւս Քրիստոսից առաջ` դարերի խորքից հասնելով մինչեւ հայրենիքի եւ մարդկության համապարփակ օտարումը, որն էր 1915-ը: 70 տարի շարունակ գոյատեւելով իբրեւ ԽՍՀՄ ամենափոքր հանրապետությունը` Խորհրդային Հայաստանը միակ մնացորդային մասնիկն էր հայրենի այն ժառանգության, որում 1921 թվականի խորհրդային-թուրքական համաձայնագրերով (Մոլոտով-Ռիբենտրոպի հայկական համարժեքները) հայերին թույլատրված էր սոսկ տեղ ունենալ` պահպանելու իրենց հավաքական գոյությունը Կրեմլի իրավասության տակ: Նույնիսկ այնքան ակնհայտ հայկական օրրանները, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը, անջատվեցին բոլշեւիկ-քեմալիստական մեղսակցությամբ եւ Ստալինի` «բաժանիր, որ տիրես» մտավարժանքին ի տրիտուր, բռնի դիկտատով ենթարկվեցին Խորհրդային Ադրբեջանի վերահսկողությանը: Ուստի, որքան էլ տարօրինակ թվա, նկատի առնելով Ադրբեջանի հետ Թուրքիայի էթնիկ ազգակցությունը` արդի Թուրքիան Կովկասում նույնպես ունի իր հնացած ուղեգծերը նորովի շտկված քաղաքականությամբ փոխարինելու հիմնախնդիր: Այս բարձր պարտականությունը վերաբերում է ոչ միայն ի նպաստ Հայաստանի Հանրապետության հետ որակապես բարելավված եւ մաքրագործված հարաբերակարգի, այլեւ ի հարգանս տարածաշրջանային նոր իրողությունների: 10. Լեռնային Ղարաբաղ` ծովից ծով: Հայերենում Արցախ անունով Հայկական բարձրավանդակի արեւելյան այս եզերքը Խորհրդային Ադրբեջանից անկախացավ 1991 թվականին` ԽՍՀՄ օրենսդրության, միջազգային իրավունքի եւ Մոնթեվիդեոյի Կոնվենցիային խստիվ համապատասխան: Ի հեճուկս ազատության եւ ինքնության համար «Դավիթ-ոլիաթի» հանգույն մղված պայքարի հավանականություններին, նրա ժողովուրդն արիաբար պաշտպանեց իր օջախներն ու տները նախ` սադրանքների ու ջարդերի դեմ, ապաեւ` քաղաքացիական թիրախներով արձակված «Գրադ» տեսակի հրթիռների, գնդիկավոր ռումբերի ու օդային այլ անխտրական ռմբակոծումների, եւ վերջապես` ի պատասխան նախահարձակ ամբողջական պատերազմի, որը մեկտեղել էր ադրբեջանական զինված ուժերը, թուրք ռազմական խորհրդատուներին եւ նրանց միջոցով նաեւ` ՆԱՏՕ-ական զինամթերքը, «մոջահեթ» վարձկաններին ու խորհրդային զորքերից ածանցված որոշ անկանոն միավորումների: Արդի պատմության ողբերգականության տեսակետից գրեթե հրաշք է թվում այն, որ Արցախի հայերը կարողացան հաջողությամբ պաշտպանել հայրենի հողը, հետագա հարձակումներից ապահովագրել իրենց սահմանները եւ, ի վերջո, դիմակայել չափն անցնող հակագրոհ կենսագործելու գայթակղությանը` 1994 թ. մայիսին Ադրբեջանի հետ ստորագրելով զինադադարի պայմանագիր: Ի տարբերություն Նախիջեւանի (որտեղ այսօր ոչ մի հայ չի մնացել, եւ որտեղ հայկական մշակութային ժառանգության նույնիսկ ամենավերջին նշույլը սրբապղծվեց ու ոչնչացվեց վերջերս` 2005-ի դեկտեմբերին, ադրբեջանական պետության պաշտոնական քաղաքականության կիրառմամբ), Լեռնային Ղարաբաղը պահպանեց իր սեփականը եւ, որ բացառիկ է, թոթափեց հպատակեցման ու գաղութացման ստալինյան ժառանգությունը: Թուրքիան` որպես համայն աշխարհում Ադրբեջանի հավատարմատար ու քաղաքական երեց ռահակից, պետք է հարգի Ղարաբաղի ընտրությունը` նրան ներգրավելով բոլոր ծրագրերում ու նախաձեռնություններում, որոնք դրվում են տարածաշրջանային հարցերի բանակցային սեղանին: Իհարկե, դիվանագիտական օրակարգը շարունակում է ներառել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գաղթականների վերադարձը իրենց բնակավայրեր, հաղորդակցությունների վերաբացումը, ապառազմականացումն ու խաղաղապահությունը, տարածքային շտկումներն ու անվտանգության երաշխիքները: Սակայն սրանցից ոչ մեկը չի կարող իրագործվել` եւ չի իրագործվելու միակողմանիորեն կամ ի շահ լոկ մեկ կողմի: Փոխադարձությունը առանցքային նախադրյալ է յուրաքանչյուր կատեգորիայում, որից էլ բխում է, որ կողմերի միջեւ  վերջնական համաձայնագիրը, ինչպես նաեւ հետեւող պայմանակարգը պետք է ընդգրկեն հավասարապես բոլորին` Կասպից ծովից մինչեւ Սեւ ծով: Օրինակ` երբ քննարկվում է գաղթականների եւ նրանց ժառանգների` կամավոր վերադառնալու երաշխավորված իրավունքը կամ կանոնավոր երթեւեկության վերագործարկումը, այսօրինակ դրույթների ու անվտանգության հարակից արձանագրությունների գործունեության շրջանակը պետք է ներառի Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը եւ Թուրքիան: Այս լույսի ներքո եւս` Ադրբեջան-Արցախ դիմակայության արդարացի ու տեւական լուծումն ածանցվում է թուրք-հայկական հարաբերությունից եւ դրա զարգացման հեռանկարից: Անխուսափելի ինքնաբացահայտման ճանապարհին Թուրքիան, Հայաստանի հետ նրա ապագան եւ նրանց անմիջական հարեւանությունը միասին ձեւավորել են մոլորակի ամենազգայուն եւ սեյսմիկ կառուցվածքային գոտիներից մեկը: Նեոիմպերիալ շահերը եւ դրանք սպասարկող հում ուժն այլեւս չեն կարող կառավարել այդ գոտու հնարավոր տեղաշարժը: Ազնվությունը, արդարադատությունը եւ մի փոքր էլ պարկեշտությունը միգուցե ի զորու լինեն փրկելու այս օրը: Եվ մեր աշխարհը:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, այժմ ՀՀ Ազգային ժողովում ներկայացնում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter