HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

ԱԺ-ն ընդունեց միայն Կառավարության նախագծերը

«Ժառանգության» բոլոր նախաձեռնությունները մերժվեցին Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան: Հերթագրվեց 111 պատգամավոր, ըստ Անահիտ Բախշյանի հաշվարկի` 103: 90 օրով հետաձգվեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության մասին», ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունները: 60 օրով հետաձգվեցին «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկումը չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում: Նաեւ` 30 օրով հետաձգվեցին «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների կատարումը: Քվեարկության դրվեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի առաջարկը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ինչպես նաեւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը ներառել ԱԺ-ի հերթական քառօրյայի օրակարգ, սակայն 54 դեմ, 27 կողմ եւ 16 ձեռնպահ ձայներով որոշումը չընդունվեց: Նույն բախտին արժանացավ Ժառանգության պատագամավոր Արմեն Մարտիրոսյանի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: 56 դեմ, 21 կողմ եւ 21 ձեռնպահ ձայներով որոշումը չընդունվեց: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց օրակարգը: Քվեարկվեցին եւ առաջին ընթերցմամբ ընդունվեցին Կառավարության ներկայացրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքների նախագծերը: ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկված չէ կալանավորված պատգամավորների անձեռնմխելիության վերականգնման հարցը: Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ դատական պրոցես է ընթանում, եւ միջամտելու ցանկություն չունեն: «Դա դատական մարմինների գործն է, եւ ես առաջարկում եմ, հորդորում եմ իմ գործընկեր-պատգամավորներին, որպեսզի մենք ձեռնպահ մնանք: Դատական պրոցեսի ավարտից հետո միգուցե մենք փորձենք նախագահին առաջարկել համաներման խնդիրը: Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ում արդեն դատել են, կարծում եմ, դա նախագահի իրավասությունների շրջանակն է: Եթե կա առաջարկություն, միգուցե մենք ֆրակցիայի ղեկավարների հետ հավաքվենք, քննարկենք, եթե կընդունենք որոշում, եթե կարիքը կա, անհրաժեշտությունը կա դիմել հանրապետության նախագահին, ես պատրաստ եմ դա քննարկել եւ ձեր առաջարկությունը նախագահին ես կփոխանցեմ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter