HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Էդուարդ Թոփչյան. «Ժողովրդին մատուցում են այն, ինչ նա ուզում է լսել հորթի հրճվանքով»

Այսօր Հայելի ակումբում հյուրընկալված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և կոմպոզիտոր Արամ Սաթյանը վիճում էին երաժշտական ասպարեզում առկա վիճակի շուրջ: Կոմպոզիտոր Արամ Սաթյանը չի հիշում, որ Կոմպոզիտորների միությունում որևէ երգի, սիմֆոնիկ երաժշտության կամ օպերային արվեստի վերաբերյալ քննարկում կազմակերպվի, չնայած համոզված է, որ յուրաքանչյուր ստեղծագործական հարց պետք է լուծվի միություների միջոցով, «քանի որ ամեն մի արվեստագետ ստեղծագործում է իր սենյակի 4 պատերի մեջ, բայց յուրաքանչյուր արվեստագետի մեջ կա մի զգացողություն` կասկած, թե ինչքանով ճիշտ ճանապարհի վրա է, և նա ուզում է այլ պրոֆեսիոնալ կարծիք էլ լսել»: Միևնույն ժամանակ կոմպոզիտորը նշեց, որ պետք է քննարկել ոչ թե երգը, այլ այն, թե մենք ուր ենք գնում, արդյոք երգի գործիքավորումը ճիշտ է կատարված: Որպես օրինակ բերեց այն երգը, որ Ինգա և Անուշ Արշակյանները պատրաստվում են ներկայացնել Եվրատեսիլում: «Շատ էկլեկտիկ երգ է, շատ անհասկանալի է, դրա մեջ կան տարբեր ինտոնացիաներ, կարծես ուզեցել են բորշչի մեջ ամեն ինչ լցնել»,- ասաց Ա. Սաթյանը: Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, սակայն, համաձայն չէ, որ ցանկացած երգ կարող է քննարկվել ու պետք է քննարկել Կոմպոզիտորների միությունում, քանի որ տաղանդավոր մարդը տանը նստած գործ է գրում, և եթե քննարկումներ լինեն, այնպես կանեն, որ տաղանդը թաքնվի: Էդուարդ Թոփչյանը համոզված է նաև, որ այժմ ժողովրդին մատուցում են այն, ինչ ժողովուրդն է ուզում լսել «հորթային հրճվանքով», ու այդ երաշտության դեմ պայքարել պետք չէ: «Անընդհատ ասում են` դասական երաշժտություն չկա, ինչու չկա. «Մեցցոն» ամբողջ երեկո լավագույն դասականներին է ցույց տալիս, Շողակաթը, երբեմն Արմենակոբը, նաև Արարատը, բայց մարդիկ դա չեն լսում, լսողները քիչ են, ու այդպես լինելու է միշտ»,- ասաց դիրիժորը: Արամ Սաթյանը համաձայնեց, որ նշված հեռուստաընկերություններն, իհարկե, ցուցադրում են դասական երաժշտություն, բայց, ըստ նրա, մարդկանց պետք է պատրաստել դա լսելուն: Կոմպոզիտորի կարծիքով` դրա համար հանրակրթական դպրոցներում պետքէ լինեն երաժշտական բաժիններ, ինչպես արտասահմանում, ինչես նաև հեռուստատեսություններում պետք է լինեն երաժշտական խմբագրեր: Էդուարդ Թոփչյանը հակադարձեց, որ այսօր ձևավորված ճաշակը գալիս է ընտանիքներից, քանի որ իրականում եթե ինչ-որ մեկն ուզում է լսել լավ երաշժտություն, դա կարելի է գտնել ձայնասկավառակների ցանկացած խանութում, լսել ռադիոյով և հեռուստատեսությամբ, ինտերնետից կարելի է վերցնել: Արամ Սաթյանը խոսեց նաև 128 անդամ ունեցող Կոմպոզիտորների միությունում առկա վիճակի մասին: Նա նախ հիշեցրեց, որ 2006 թվականից ի վեր Միությունում համագումար չի անցկացվել և, հետևաբար, Միության ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը «լեգիտիմ չէ», և այժմ Միության անդամների մեկ երրորդը դիմել է, որ համագումար հրավիրվի: Ըստ Արամ Սաթյանի` այսօր Կոմպոզիտորների միությունը գրեթե ոչինչ չի անում, բայց պետք չէ լուծարել միությունը. «Ես երբեք կողմ չեմ լուծարմանը, ուղղակի նոր ժամանակներում ամեն ինչ նոր ձևով պետք է լինի, բայց հիմա ինչ-որ խայտառակ բան է, ինձ համար մեկ է` թող Ամիրխանյանը մնա, եթե գործ կանի, բայց ինքը գործ անող չի, ինքը երբեք գործ չի արել: Ես առաջարկել եմ, որ Լևոն Չաուշյանը դառնա, հիմա երկու ճամբար կա Միությունում. առանց մեզ իրենք քվորում չեն կարող հավաքել, առանց իրենց մենք քվորում չենք կարող ապահովե»լ,- ասաց Արամ Սաթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter