HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղցիները բողոքում են նաեւ ոստիկանությունից ու դատարաններից

2008թ. ընթացքում ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մուտքագրված շուրջ 196 դիմումներն ընդգրկում են հանրային կառավարման գրեթե բոլոր ոլորտները: Բողոքներից առավել մեծ թիվ են կազմում ոստիկանության` 50, շրջվարչակազմերի` 37, Ստեփանակերտի քաղաքապետարանի` 25,  դատարանների` 22, գործունեությանն առնչվող բողոքները: Մարդու իրավունքների պաշտպանի 2008թ. զեկույցի համաձայն, ոստիկանության գործողությունների դեմ ուղղված բողոքները հիմնականում վերաբերել են` անձին  ոստիկանության ստորաբաժանումներում անհիմն պահելուն, հարուցված քրեական գործերով հանցագործության բացահայտման ուղղությամբ ակտիվ գործողություններ չձեռնարկելուն, առաջադրված մեղադրանքի անհիմն լինելուն, քաղաքացուն անձնագիր չտրամադրելուն եւ  հաշվառում կատարելը մերժելուն: Մի շարք քաղաքացիների դիմումներում արտահայտված դժգոհությունները արդարադատության որակից հիմնականում վերաբերվում են դատարանների կողմից կայացված վճիռներին,  դատավճիռներին եւ որոշումներին: Ըստ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի, մտահոգիչ է այն փաստը, որ քաղաքացիների զգալի մասը գերադասում է դատարանին ենթակա հարցերը լուծել արտադատական կարգով, դիմելով պետական այլ մարմինների: «Դատարանների նկատմամբ հասարակությունում որոշակի անվստահության առկայության մասին են վկայում նաեւ Պաշտպանին հասցեագրված բողոքները:, որոնց մի մասը վերաբերվում է դատավարական օրենսդրության պահանջների խախտումներին, ինչպիսիք են` դատաքննության անհիմն հետաձգման դեպքերը, հայցադիմումը, գործով կայացված վճիռը, դատավճիռը կամ որոշումը կողմերին օրենքով սահմանված ժամկետներում չուղարկելը, դատական նիստի մասին կողմերին պատշաճ չծանուցելը եւ այլն»,-նշվում է ՄԻՊ զեկույցում: Իսկ շրջաններից ստացված 45 դիմումները հիմնականում վերաբերվում են հողհատկացման եւ հողօգտագործման, պատերազմի հետեւանքով ավերված բնակելի տների վերանորոգման, աշխատանքի տեղավորման եւ մի շարք այլ հարցերին: Ստեփանակերտի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ դիմումները հիմնականում կապված էին հողհատկացումների, շինարարության թույլտվության շինությունների նախագծերի համաձայնեցման ու հաստատման, ինքնակամ կառույցների օրինականացման, բնակարանային պայմանների բարելավման, արտոնյալ հերթում գտնվելու իրավունքն իրականացնելու հետ : Բավականին մեծ թիվ են կազմում նաեւ բնակարանային պայմանների բարելավմանը վերաբերող բողոքները. նշված հարցով դիմումներ էին ներկայացրել 1-ին կարգի հաշմանդամներ, բազմազավակ ընտանիքների անդամներ, կենսաթոշակառուներ եւ սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ: Մյուս ոլորտներին վերաբերող բողոքները հիմնականում կապված են գործատու-աշխատող հարաբերությունների ընթացքում առաջացած աշխատանքային վեճերի, լրացուցիչ աշխատանքի դիմաց չվարձատրվելու, գիշերային ու տոնական օրերի համար հավելավճար չվճարելու եւ մի շարք այլ հարցերի հետ :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter