HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ճգնաժամը ստիպում է Կառավարությանը հրաժարվել միջնաժամկետ ծախսային ծրագիր կազմելուց

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվեց Կառավարության ներկայացրած «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Ըստ այդմ` նախատեսվում է 2010-2012 պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմում չիրականացնել եւ առաջարկվում է միջնաժամկետ ծախսային ծրագրերի մասով դադարեցնել օրենսդիրի ներկայացրած պահանջները Կառավարությանը: Ըստ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի` նախատեսվում է, որ Կառավարությունը յուրաքանչյուր տարի մշակի հաջորդ երեք տարիների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերը: Այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս ԱԺ-ին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը քննարկելիս նաեւ քննարկել Կառավարության բյուջետային ծախսային քաղաքականության հեռանկարը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսական ճգնաժամն անհնարին է դարձնում մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները` ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը, հարկերի բացարձակ մեծությունը 2012 թ., Կառավարությունն առաջարկում է մեկ տարով այս միջինժամկետ ծրագիրը չկազմել, եթե նույնիսկ կազմվի, իր իմաստը եւ արդիականությունը չի ունենա, որովհետեւ այսօր ծրագրավորել, թե 2012 թ. ինչպիսին կլինի ՀՆԱ-ն, ըստ էության, հնարավոր չէ»,- նշեց Պ. Սաֆարյանը: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս քայլերն իրեն հուշում են, թե Կառավարությունը չի ուզում կատարել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են բնակչության բեռը թեթեւացնելու համար: Խմբակցության մյուս պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ նշեց, որ այսօր կան ճգնաժամի հետեւանքների հաշվարկները, սակայն «Կառավարությունը շարունակում է «չտեսնելու տալ» նման գնահատականները եւ ասում է, թե զարգացումները կարող են անկանխատեսելի լինել, ուստի եկեք հրաժարվենք միջնաժամկետ ծրագրեր կազմելուց»: Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ նման պահվածքը թույլ չի տալու ո'չ ընդդիմությանը, ո'չ հասարակությանը հաշվետու դարձնել Կառավարությանը իր խոստումների առումով: Փոխնախարարը պատասխանեց, որ առաջիկա երեք տարիների համար ֆինանսական ցուցանիշների գնահատական գոյություն չունի: Նա հավաստիացրեց, որ 2010 թ. բյուջեն ներկայացնելիս Կառավարությունը կունենա որոշ կանխատեսումներ: ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ ասաց, որ Կառավարության առաջարկը բխում է իրողություններից եւ եռամյա միջնաժամկետ ծրագիր կազմելը «քիչ շնորհակալ գործ կդառնա»: ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդես եկավ ելույթով: «Շատ հաճախ մենք հանդիպում ենք ձեւակերպումների, որոնք բնորոշ են սեկվեստրին: Ի վերջո, սեկվեստրը պիտի իրականանա օրենքով, իսկ դրա վերաբերյալ մենք օրենք չունենք: Մենք չպետք է իրականացնենք սեկվեստր, քանի որ ունենք հնարավորություններ` իրականացնել ներկայացված ծրագրերը»: Փոխնախարարն ասաց, թե սեկվեստրը մկրատային եւ պարզ եղանակն է. «Եթե բյուջեով պլանավորված եկամուտները չհավաքվեն, իհարկե, Կառավարությունը պիտի սեկվեստր անի»: Օրենքի նախագիծը քվեարկության կդրվի վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter