HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Էջմիածնում ապրելը դառնում է վտանգավոր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարդկային կյանքի դեմ ոտնձգության երկրորդ դեպքն արձանագրվեց Էջմիածնում: Եթե առաջինի դեպքում  չարագործն  անչափահաս էր ու դանակահարությունն ավարտվեց ոչ մահացու ելքով, ապա երկրորդ դեպքում  զոհից խուսափել չհաջողվեց: Երեկ գիշեր, ժամը 21.00-21.30-ի սահմաններում անհայտ անձը Զվարթնոցի կամրջի վրա գնդակահարել է Ապարանի ճանապարհաշինարարական տեղամասի պետ Ջիվան Գասպարյանին:

Դարանակալած մարդասպանը զոհին մոտեցել է թիկունքից` այն պահին, երբ 57-ամյա Ջ. Գասպարյանն իր «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը բացած ինչ-որ բան անելիս է եղել: Մարդասպանը  թիրախի ծոծրակին նշան է բռնել շատ մոտ տարածությունից  և որսորդական հրացանից արձակած մեկ կրակոցով  սպանել նրան: Փաստի առիթով ոստիկանության Էջմիածնի բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Դատաբժշկա-փորձագիտական եզրակացությամբ` մահը վրա է հասել տեղում: Հանցագործության կատարման ընթացքն ու բնութագիրը մասնագետներին թույլ է տալիս ենթադրելու, որ գործ ունեն կանխամտածված սպանության հետ. մարդասպանը զոհին հետևել է և մոտեցել թիկունքից: Իրավապահների մասնագիտական փորձը ցույց է տալիս նաև,  որ որսորդական հրացանով կատարած սպանությունների բացահայտման հավանականությունը քիչ է, որովհետև, ի տարբերություն հրազենի մյուս տեսակների, որոնց փամփուշտների տրամաչափը հնարավորություն է տալիս համեմատություններ անել կասկածի առարկա զենքերի հետ, հրացանն այդ հնարավորությունը չի տալիս: Հրացանի փամփուշտը կրակելուց հետո շատ մանր բեկորների է վերածվում: Հիշեցնենք, որ 2007թվականին որսորդական հրացանից սպանվեց նաև Արմավիրի մարզի Նալբանդյանի գյուղապետը: Հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ: Ու հիմա, Ջ.Գասպարյանին ևս սպանել են հրազենի այդ տեսակից: Սպանել են մի վայրում, որտեղ մի քանի բենզա և գազալցակայաններ կան իրենց մշտական հաճախորդներով: Որ դեպքին ականատեսներ եղել են` վկայում է սպանության  մանրամասն նկարագրության շատ արագ տարածման փաստը: Ետ գալով  օրեր առաջ անչափահաս Հակոբ Քեսաբյանի դանակահարության դեպքին, նշենք, որ վերջինս ճանաչվել է անմեղսունակ ու ենթարկվել մեկ շաբաթյա տնային կալանքի: Իսկ տուժող երեխան` 1992թ. ծնված Ալիկ Գումբալյանը ենթարկվել է երկրորդ վիրահատության:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter