HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Աղքատությունը անչափահասներին ստիպում է աշխատանք փնտրել

Հայրը աղջկան վաճառեց տասը հազար դրամով

4 տարի առաջ, 14 տարեկանում Հասմիկի ծնողներն աղջկան ստիպում են աշխատել: Նա ծնունդով Երեւանից է, այսօր ապրում է Կապանի թիվ 3 հատուկ դպրոցում: Այս դպրոց հաճախում են հատուկ կարիքավոր երեխաները: Հասմիկն էլ նրանցից մեկն է:

Նա տարիներ առաջ ծնողների հետ ապրում էր Երեւանի Պուշկինի փողոցում գտնվող իրենց տանը: Հասմիկը սկսում է փողոցներն ավլել` փող աշխատելու համար: «Հավաքարար էինք աշխատում: Հասմիկն օգնում էր ինձ, առավոտը շուտ երկուսով մաքրում էինք, սրբում այդ հսկայական տարածքը: Բայց էլի հազիվ ծայրը ծայրին էինք հասցնում, ամուսինս էլ բռնանում ու վերցնում էր աշխատավարձներս»,- պատմում է Հասմիկի մայրը` Մելանյան: Հասմիկին որպես աշխատող փաստաթղթերով չէին ձեւակերպել:

«Համատիրության նախագահն ասում էր` զահլա չկա: Հարկային-մարկային գային, ստուգեին, հլա տուգանք վճարեմ: Աղջկաս աշխատավարձն ինձ վրա էին գրում: Այսինքն` 2 դրույք գրեցին, մի որոշ մասը տալիս էի համատիրության նախագահին»,- պատմում է Մելանյան:

Սակայն 14-ամյա աղջնակը չի կարողանում փողոց ավլելով ծնողներին անհրաժեշտ գումարը վաստակել: Փողոցներ ավլելուց բացի, ծնողների դրդմամբ նա սկսում է մուրացկանություն անել: Սակայն այդ գումարը եւս չէր բավարարում ընտանիքի կարիքները հոգալուն:

Ընտանիքը կարիքի մեջ էր, բացի այդ` հայրն էլ սեր ուներ ալկոհոլի նկատմամբ: Հասմիկը պատմում է, որ հայրն ամեն օր հարբած էր տուն գալիս, ծեծում էր մորը, բայց իրեն «մատով չէր կպնում»: Մի օր էլ հայրը տասը հազար դրամով աղջկա մարմինը «վաճառում է» հարեւանին:

«26 տարեկան տղա էր, անունը` Տիկո: Բակում մեկ-մեկ խանութ գնալուց տեսել էի նրան: Պապան բռնեց ձեռիցս ու տարավ տուն: Մաման ասաց` Հարութ, պետք չէ, գոռաց մամայի վրա, ասաց` այ կնիկ, ձենդ կտրի, ես մի բան գիտեմ»,- հիշում է Հասմիկը:

Դժվարանում էր շարունակել պատմությունը, բայց ճիգ գործադրելով ասաց` «բռնաբարեց ինձ, իսկ ես գոռում էի»: Հասմիկն առաջին անգամ էր տղամարդու հետ հարաբերություն ունենում: Մեկ ժամ հետո նա վերադառնում է տուն, հայրը հանում է հազար դրամ է տալիս, ասում` «գնա բան-ման առ քեզ համար»:

15 օր հետո, երբ տան փողը նորից է վերջանում, եւ հարբած հայրն ալկոհոլի կարիք է զգում, որոշում է աղջկան հանձնել հերթական հաճախորդին: «Երկար մազերով մարդ էր, եկավ մեր տուն, հանեց փող տվեց պապային ու ինձ ասաց` արի գնանք խանութ, ես քեզ համար լավ բաներ առնեմ: Ասի` չեմ ուզում, ինձ պետք չի: Պապան խմած էր, ասաց` պիտի գնաս, ինձ պետք ա: Մամաս էլի լացում էր: Գնացի, մտանք խանութ, շոկոլադ առավ, նստեցինք մեքենա, տարավ մի տուն: Հետո ասաց` հանվի, ասի` չեմ ուզում, ծվծվացի, բայց ինքն էլ բռնաբարեց ինձ: Հետո, երբ քնած էր, ես բացեցի դուռն ու փախա տնից: Մութ գիշեր էր: Հասա Քրջի բազար: Երկու օր մնացի այդտեղ»,- պատմում է Հասմիկը:

Ոստիկանները փողոցում հայտնված աղջան տանում են ոստիկանատուն: Այնտեղից Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնի աշխատակիցները Հասմիկին տարան իրենց մոտ: Այնուհետեւ աղջկան ուղարկեցին Կապանի թիվ 3 հատուկ դպրոց:

Դպրոցում կա Հասմիկի անձնական գործը, բայց այդտեղ առկա ոչ մի փաստաթղթում չկա տեղեկություն այն մասին, թե արդյոք աղջկա հայրը, անչափահասի հետ կենակցողները պատժվե՞լ են իրենց արարքների համար: Այդ մասին չգիտեն նաեւ Երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնի աշխատակիցները: Հարցի պատասխանը տվեցին Հասմիկի մայրը` Մելանյան ու քեռակինը` Արմինեն: «Մեր ամոթը ու՞մ պատմեինք: Գնայինք ոստիկանություն, ասեինք` հայրն աղջկան ծախե՞լ է: Ամաչեցինք էդ խայտառակությունից»,- ասաց Արմինեն:

ՀՀ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվության են ենթակա այն անձինք, ովքեր հանցագործության մասին չեն հայտնել, բացառությամբ հանցանք կատարած անձի ամուսնու՝ տվյալ դեպքում աղջկա մոր: Հասմիկի քեռակինն իմացել է այդ հանցագործության մասին, սակայն չի հայտնել իրավապահ մարմիններին:

Հասմիկի մայրը` տիկին Մելանյան, սակայն, հիշեց, որ երեխային Կենտրոն տանելուց հետո ամուսնուն «մի երկու անգամ կանչել են ոստիկանություն, հետո երեւի ոստիկանությունը փակել է գործը»: «Աստված պատժեց նրան, դարձավ թմրամոլ, մնաց փողոցներում ու մահացավ»,- ասում է տիկին Մելանյան: Հասմիկն ապրում է Կապանի թիվ 3 հատուկ դպրոց-հանրակացարանում, ունի իր սենյակը: Նա այստեղ ստացել է հացթուխի մասնագիտություն: Դպրոցի տնօրեն Ռիտա Դավթյանն ասաց, որ Հասմիկի հայրը մեկ տարի առաջ մահացել է, սակայն աղջիկն այդ մասին չգիտի:

«Ես չեմ կարող ասել` ինչու այսպես ստացվեց ու ինչ եղավ, չեմ ուզում հիշել, բայց ընտանիքում եմ ուզում մեծանալ»,- ասում է Հասմիկը:

Ռիտա Դավթյանը որոշել է ամռանը աղջկան տուն տանել, որպեսզի նա ապրի մոր հետ: Մինչ այդ աղջկա ծնողները մի անգամ եկել են նրան տանելու, բայց ՀՕՖ-ի երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնի աշխատակիցները խորհուրդ չեն տվել: «Մայրս ինձ ասել է, որ ինձ տուն չի տանում, քանի որ ապրելու գումար չունենք, նրանց շատ եմ խնդրում, գոնե այստեղ գան ինձ տեսնեն, բայց չեն գալիս: Հայրս ու մայրս ժամանակ առ ժամանակ զանգում են, հետաքրքրվում ինձնով, ասում են, որ ինձ տուն կտանեն, բայց իրենց էլ եմ հասկանում, փող չունեն, բա որ տանեն, ո՞նց ենք ապրելու»,- ասում է 18-ամյա Հասմիկը (անունը փոխված է): Դպրոցի տնօրենի խոսքով` թեեւ հոր արարքն իր դրոշմն է թողել աղջկա հոգեբանության վրա, այնուամենայնիվ, նա չի մեղադրում հորը:

«Չէի ասի` ատում եմ տղամարդկանց, չգիտեմ, մի տեսակ եմ դարձել, բայց չար չեմ: Սիրած տղա ունեմ, Գոքորն ա, ստեղ ա սովորում, մենք իրար սիրում ենք ու հետո, եթե ամեն ինչ լավ լինի, ամուսնանալու եք: Երկու երեխա եմ ուզում ունենալ»,- ամոթխած ասում է Հասմիկը:

Նա խոստովանեց, որ սիրած տղային դեռ չի պատմել իր գլխով անցածը: «Ժամանակը չէ, չնայած որ պատմեմ էլ, ինձ շատ ա սիրում, չի թողնի»,- համոզված է 18-ամյա աղջնակը: Տիկին Մելանյան հիմա վարսավիրանոցներից մեկում հավաքարար է աշխատում: Ժամանակավոր եղբոր տանն է բնակվում ու մի կերպ յոլա գնում: Պուշկինի վրա գտնվող նրանց բնակարանը քանդել են ու դեռ նոր տուն չեն տվել:

«Եղբայրս էլ է հազիվ ծայրը ծայրին հասցնում, ամռանը աղջկանս պիտի բերեմ, բայց մնալու տուն չունենք: Գուցե դպրոցի տնօրինությանը խնդրեմ մի քիչ էլ մնա այնտեղ, մինչեւ լավ օրեր»,- ասաց տիկին Մելանյան:

Ծնողներն են որոշում իրենց տան օրենքները

Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի վրա գտնվող ամենացուրտ ու քամոտ բնակավայրի` Ծղուկ գյուղի անասունները պահում է 14-ամյա Արտակ Մարգարյանը:

«Բա ի՞նչ անեմ, 2 փոքր եղբայր ունեմ, մերոնք չեն աշխատում, պետք է օգնեմ նրանց»,- ասում է Արտակը: Նա առաջին անգամ 9 տարեկանում է միայնակ գյուղի անասուններին արոտավայր տարել: Նախկինում պապիկի հետ շատ է պահել գյուղի անասունները: Սկզբում դժվար էր, մի քիչ էլ վախենում էր, բայց գնալով հարմարվեց այդ գործին: Դպրոց, իհարկե, գնում է, բայց նա դա սովորել չի համարում: Արտակը գերադասում է աշխատել ու օգնել ծնողներին: Մայրը` տիկին Սոնան, արտառոց ոչինչ չի տեսնում, որ անչափահաս որդին աշխատում է, հակառակը` ուրախանում է, որ որդին այդքան աշխատասեր է:

«Տղան պիտի հիմիկվանից աշխատանքի համը տեսնի, որպեսզի կարողանա վաղը մյուս օրը ընտանիք պահի: Հետո` փող ա աշխատում, ի՞նչ վատ բան կա ստեղ, չեմ հասկանում»,- ասում է Սոնա Մարգարյանը:

Տղային ու մանավանդ նրա ծնողներին չեն հետաքրքրում ՀՀ օրենսդրությունը, աշխատանքային պայմանագիր ունենալը: Տիկին Սոնան նշեց, որ «իրենք են իրենց տան օրենքները որոշում»: Արտակը միայն անասնապահությամբ չէ, որ զբաղվում է. նա տարվա տարբեր եղանակներին գյուղացիներին այլ գործերում էլ է օգնում, ասենք` բերքահավաքի ժամանակ: Տղան տարիքից մի փոքր մեծ է երեւում: Իր խոսքով` «շուտ է սկսել սափրվելը, որպեսզի շուտ մեծանա»:

Արտակի դասղեկ Սպարտակ Գալստյանը հիշում է, որ մի օր Արտակը շատ անտրամադիր դպրոց եկավ: Դասղեկը դեմքին կապտուկներ նկատեց: Պարզվեց, որ գյուղացիներից մեկն է հարվածել, քանի որ նրա հորթերից 2-ը արոտավայրից Արտակը չի բերել: Երեխան այդ դեպքից հետո էլ շարունակել է պահել անասունները:

«Դասերին խանգարում ա, էն օրը, որ դասի չեմ գնում, գրքերը հետս տանում եմ արոտավայր, բայց ինչքան կարդում եմ, ուղեղս չի մտնում, ուշադիր պիտի հետեւեմ կովերին»,- ասում է Արտակը: Անդրանիկն Արտակի համադասարանցին է, մի անգամ կիրակի օրը Արտակի հետ արոտավայր գնաց:

«Շատ ծանր գործ է, անընդհատ լարված հետեւում ա, մի կովի հետեւից էն կողմն ա վազում, մյուս հորթի ետեւից` մի այլ կողմ: Երեխեքով որոշեցինք փող հավաքել տալ Արտակին, չվերցրեց, ասաց` ես մուրացկան չեմ, կաշխատեմ»,- ասում է Անդրանիկը: «Ես կարամ աշխատեմ, ուրիշի փողն ինձ պետք չի, հլա ոտս ձեռս կան»,- հպարտ ասում է Արտակն ու ավելացնում, որ եկող տարվանից պիտի լավ սովորի, որպեսզի անասնաբույժ դառնա: «Գայլերից մի փոքր վախենում եմ, բայց հրացան ունեմ, կրակել գիտեմ, եթե պետք լինի` կկրակեմ: Անցած ամառ երեկոյան ուշ, նախիրը արոտավայրից հետ բերելուց գայլերի ոհմակն է հարձակվել: Այսինքն` ոհմակ չէր, մի 3-4 հատ էին, հասցրին 2 կով հոշոտել, ու երբ կրակեցի` փախան»,- հիշում է Արտակը:

Գործատուները խուսափում են պայմանագիր կնքելուց

Մեղրեցի 15-ամյա Ստեփանը անցած տարվա նոյմբերից աշխատում է մեքենաների լվացման կետում: Լվացման կետն իրենց հարեւանինն է, ու դասերից հետո Ստեփանն օգնում է ավտոմեքենաներ եւ գորգեր լվանալիս: Աշխատում է առանց պայմանագրի: Նա չգիտի էլ, որ դրանով խախտվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իր իրավունքները: «Ինչի՞ս ա պետք պայմանագիրը, ծնողի համաձայնությունը ու այլ բաները: Մամաս ու պապաս գիտեն` որտեղ եմ, ինձ հերիք ա»,- ասում է Ստեփանը: Վերջինս իր աշխատած գումարը հիմնականում տուն է տանում, մեկ-մեկ ծխախոտ է գնում:

«Շատ քիչ եմ ծխում, մեկ-մեկ, ներվերս չի դիմանում, երբ փորձում են ինձ միամիտի տեղ դնել վարորդները»,- ասում է Ստեփանը:

Ծնողներն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում էին աշխատում: Նրանց ուղարկել են հարկադիր պարապուրդի: Ընտանիքը հազիվ Երեւանում ուսանող քրոջ ծախսերն է հասցնում հոգալ: Գործող օրենքի մասին տեղյակ չէր նաեւ ավտոլվացման կետի գործատուն, որը չցանկացավ հրապարակել իր անունը:

«Պրոբլեմներ չեմ ուզում ունենալ, եթե էդպես է, ուրեմն չեմ թողնի, որ Ստեփանը գա ստեղ: Ի՞նչ պայմանագիր, որ հետո պետությանն էլ փող մուծե՞մ: Չէ, ախպերս, պետք չի ինձ»,- ասաց գործատուն: Կապանի սրճարաններից մեկում մատուցողուհի աշխատող տիկին Սաթենիկը նույնպես չի մեղադրում գործատուին:

«Գուցե նրանցից շատերը չեն իմանում, որ պետք է պայմանագիր կնքեն, համաձայնություն լինի ծնողների կողմից: Օրինակ` ես իմ 9-րդ դասարանցի տղային` Տիգրանին, ամռանը բերում եմ այստեղ, ու նա ինձ օգնում է, ոչ մի պայմանագիր էլ չենք կնքում: Իմ աչքի առաջ, միասին էլ տուն ենք գնում»,- ասում է Սաթիկը: Նա աղջիկ էլ ունի, 11-րդ դասարանում է սովորում: Ամուսինը մահացել է, ու ստիպված տղային ներգրավել է աշխատանքում, որպեսզի դստեր մասնավոր պարապմունքի վարձավճարները հասցնեն տալ:

Տիկին Սաթիկը մի բան էլ է նկատել. «Աշխատանքի տեսչությունից էլ են գալիս կաֆե, երեխաների պաշտպանությունից էլ, ամեն տեղից էլ: Տիգրանն էլ մատուցում ա, բա որ օրենքով չի, խի՞ չեն ասում` միգ աշխատիր»,- ասում է Սաթիկը: Մատուցողի գործը Տիգրանի սրտով չի, բայց նա ընտանիքի միակ տղամարդն է: «Եթե ես էլ ձեռք չհասցնեմ, ո՞վ կօգնի»,- չգիտես ում` հարցնում է Տիգրան Գեւորգյանը: Նա հիշում է, թե ինչպես է մի անգամ մատուցելիս վայր գցել սկուտեղը ու կոտրել թե ամանեղենը, թե 3 շիշ գարեջուրը: «Շեֆս 3 հազար դրամ պահեց, լացեցի, շատ վատ էի զգում, օգոստոս ամսին էր, դպրոցական պարագաներս պիտի գնեի»,- հիշում է Տիգրանը: Տղայի պատմելով` երբ մանկավարժներն են սրճարան գալիս, ինքը լավ է մատուցում ու սեպտեմբերին դպրոցում անբավարար չեն գնահատում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` աշխատողն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի: Աշխատող են համարվում նաեւ ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացիները: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով արգելվում է հարկադիր աշխատանքը: «Նման պարտավորություն ՀՀ-ն ստանձնել է նաեւ իր համար ուժի մեջ մտած մի շարք միջազգային պայմանագրերով»:

Տեսակետներ

Աշխատանքի պետական տեսչության Սյունիքի տարածքային ստորաբաժանումից պաշտոնապես տեղեկացրին, որ գործատուների ներկայացրած հաշվետվություններում չի երեւում անչափահասների թիվը: «Աշխատողների թիվը գործատուները ներկայացնում են ընդհանուր: Չկա որեւէ մեթոդ, որպեսզի պարզվի, թե քանի հոգի չունեն աշխատանքի իրավունք»,- ասաց տեսչության պետի տեղակալ Վահրամ Ավանեսյանը` ավելացնելով, որ նմանատիպ բողոքներ չեն ստացվել:

Սյունիքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանն էլ աշխատող անչափահասի ծնողներից բողոք-դիմումներ չի ստացել: Բայց Նաիրա Ավանեսյանը, ի տարբերություն այլ պաշտոնյաների, չի ժխտում, որ երեւույթն առկա է: «Մեր աչքի առաջ է հենց կատարվում: Մանավանդ ամռանը տեսնում ենք, թե ոնց են երեխաները աշխատում կարուսելներում, զբոսայգիներում»,- ասում է Ն. Ավանեսյանը:

Վերջինս աշխատանքի պետական տեսչություն առաջարկ է ներկայացրել, որպեսզի փոխեն գործող կարգն ու իրենց հաշվետվությունների ձեւանմուշներում մի սյունակ ավելացնեն: «Այդտեղ կնշվի, թե ստուգումների ժամանակ քանի գործատու է պայմանագիր կնքել անչափահասի հետ, ով է խախտել ՀՀ օրենսդրությունը եւ այլն: Կարծում եմ` ժամանակի ընթացքում առաջարկս կընդունվի»,- ասում է երեխաների իրավունքների պաշտպան պաշտոնյան:

«Նրանց փողն է հետաքրքրում, ու ինչքան էլ փորձես ինտերակտիվ մեթոդներով պարապել, սովորելն արդեն իրենցը չէ»,- ասում է երկարամյա մանկավարժ, կենսաբան Հասմիկ Համբարձումյանը: Վերջինիս խոսքով` անիմաստ է ծնողների հետ խոսելը, որովհետեւ պարզ է նրանց հոգեբանությունը:

«Ծնողներին պետք է օգնող, հետո՞ ինչ, որ երեխաները հոգնում են, իրենց սոցիալական վիճակն են թեթեւացնում»,- համոզված է հոգեբան Նարինե Կյուրեղյանը: Նրա կարծիքով` այդպիսի երեխաներն ունենում են խաթարված մանկություն, որը նրանց մոտ հետագայում առաջացնում է բազմաթիվ հոգեբանական արատներ ու խեղումներ: Այնուամենայնիվ, մանկավարժների ու հոգեբանների կարծիքով` պետք է փոխվի օրենսդրությունը. կամ անչափահասին իրավունք չտան աշխատելու, կամ էլ պարզապես խստացվեն գործատուին վերահսկելու ձեւերը: Իսկ թե այս ամենի արդյունքում ինչ պետք է փոխվի սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներում, զրուցակիցներս այդպես էլ ոչ մի պատասխան չեն տալիս: Փաստաբան Դավիթ Թումասյանի կարծիքով` պատշաճ օրենսդրական հենքն առկա է ինչպես միջազգային, այնպես էլ ազգային մակարդակով, ուղղակի ցածր է բնակչության իրավական գիտելիքների մակարդակը, նրանք տեղյակ չեն իրենց իրավունքներից եւ պարտականություններից:

«Հաճախ երեխաները ներգրավվում են աշխատանքների, երբեմն` նաեւ հարկադրաբար, ծնողների` իբրեւ թե օրենքից անտեղյակ լինելու հետեւանքով »,- ասում է Դավիթ Թումասյանը:

Աշխատող անչափահասների մեր ուսումնասիրած բոլոր դեպքերը ցույց են տալիս, որ նրանց աշխատելու հիմնական պատճառն ընտանիքների սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է: Բոլոր անչափահասներն աշխատում են ծնողների իմացությամբ եւ համաձայությամբ:

Ու թեեւ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են անչափահասների աշխատանքային իրավունքների պաշտպանության երաշխիքները, սակայն գործող կառույցները չեն կարողանում արդյունավետ պաշտպանել այդ իրավունքները: Սյունիքի մարզի միակ կառույցը` մարզպետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժինը, ոչ մի փաստացի դիմում կամ բողոք չի ստացել եւ չի էլ փորձել ինքնուրույն գրանցել երեխայի իրավունքների խախտման դեպքերը:

Ծնողները, երեխաներն ու գործատուները կարծես լուռ համաձայնության են եկել` հիմնականում սոցիալական խնդիրները լուծելու համար: Աղքատ, օրվա հացի խնդիր ունեցող ընտանիքներում առնվազն ծիծաղելի են հնչում օրենքների մասին հիշատակումները:

Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի աջակցությամբ (Scoop):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter