HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

«Ֆինանսներ, որ երգում են ռոմանսներ»

Կամ` ինչպես են ծախսվում մարզերին հատկացվող մշակույթի գումարները

Ամեն տարի պետբյուջեից մշակութային միջոցառումներ իրականացնելու համար Տավուշի մարզպետարանին գումարներ են հատկացվում, եւ ամեն տարի նույն կազմակերպություններն են տնօրինում այդ միջոցները:

Շուրջ 100 աշխատող ունեցող Տավուշի մարզպետարանում մշակույթի ոլորտով մեկ պաշտոնյա է զբաղվում` մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանը: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Իմ զարմանքին ի պատասխան` Մարինեն ասում է. «Ֆիզիկները մեծ լիրիկներ են»: Որպես այդ խոսքերի հաստատում` պատրաստակամ ասում է, որ կարող է ասմունքել իր ստեղծագործություններից, պարել եւ երգել, իհարկե, սիրողական մակարդակով: 2007 թ.-ին մրցույթով է ընտրվել այդ պաշտոնում: Մրցույթով, սակայն` առանց մրցակցի:

Զարմանալի է, որ 134 հազար բնակչություն ունեցող մարզում մշակույթի ոլորտի մասնագետ չի գտնվել: Նախկինում Մարինեն Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի մսուր-մանկապարտեզում է աշխատել, հետո դատարանում` որպես արխիվի վարիչ: Նա չի էլ թաքցնում, որ իր համար կարեւորը աշխատանք ունենալն է, բնագավառն էական չէ: Մ. Խաչատրյանի վկայությամբ` իր գործը մարզի մշակութային կյանքը համակարգելն է, Մշակույթի նախարարությունից ստացված տեղեկատվությունը մարզի մշակութային օջախներին փոխանցելը:

«Տեղյա՞կ եք, թե որ կազմակերպություններն են պետբյուջեի ֆինանսավորմամբ 2008 թ. մարզում մշակութային միջոցառումներ իրականացրել»,- հարցնում եմ նրան: Մարինե Խաչատրյանն այս հարցին խուսափողական պատասխան է տալիս. «Պաշտոնի անձնագրի համաձայն` ես կատարում եմ կրթության, մշակույթի վարչության պետի հանձնարարականները: Որոշ հարցերով վարչության պետն անձամբ է զբաղվում եւ դրանք կարգավորում»: Հարցի ձեւակերպումը փոխում եմ: Մարզպետարանի առաջատար մասնագետին հարցնում եմ, թե որ կազմակերպությունն է անցկացրել, օրինակ, 2008 թ. հունիսի 1-ի` երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումը: Տարօրինակ է, որ մարզպետարանում մշակույթի խնդիրներով զբաղվող միակ մասնագետը չգիտի այդ կազմակերպության անունը: Բայց Մարինեն մի հարցում հաստատակամ է. «Ես գումարների հետ կապված ինֆորմացիա չունեմ»: Գումարների հետ կապված տեղեկատվությանը տիրապետում է նրա վերադասը` Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը:

Վերջինս նշում է, որ մարզպետարանը մշակութային միջոցառումներ անցկացնելու, այդ նպատակով պետբյուջեից սուբսիդիա ստանալու համար պայմանագիր է կնքում հասարակական կազմակերպությունների հետ:

Վարչության պետից տեղեկանում ենք, որ վերջին տարիներին նման պայմանագրեր են կնքվել միայն Իջեւանի «Երիտասարդ Տավուշ», «Տոփ մենեջմենթ» եւ երեւանյան երկու հասարակական կազմակերպությունների հետ, որոնց անունները պրն Փաշինյանն այդպես էլ չնշեց: Մեր այն հարցին, թե ինչ չափանիշներ են նկատի առնվել այդ հասարակական կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելիս, պրն Փաշինյանը պատասխանում է. «Այն կազմակերպությունները, որոնք կարող են միջոցառումն իրականացնել, նրանց հարցնում ենք` կարո՞ղ եք:Օրինակ` 2007 թ. Շուշիի ազատագրման միջոցառումը Երեւանի մի կազմակերպության ենք վստահել, մենք հրավառություն կատարելու հնարավորություն չունեինք, նրանք եկան արեցին»: Լրագրողի համառությամբ փորձում եմ պարզել, թե առանց մրցույթի ինչպե՞ս են կարողանում պարզել` այս կամ այն կազմակերպությունն ունա՞կ է մշակութային միջոցառումը լավագույնս կազմակերպել: Մանավանդ որ, ինչպես Տավուշի մարզային լրատվամիջոցներն են տեղեկացնում, «Տոպ մենեջմենթն» այլ ոլորտով` հաշմանդամների խնդիրներով է զբաղվում: Ինչու՞ միշտ նույն կազմակերպությունները` «Երիտասարդ Տավուշը» եւ «Տոփ մենեջմենթն» են որպես գործընկեր ընտրվել, ֆինանսավորվել: Վարչության պետի պատասխանն առավել քան տարօրինակ է. «Մեր ունեցած հ/կ-ները 3-ն են, որից 2-ի հետ աշխատում ենք»: Հետո պրն Փաշինյանը պարզաբանում է, որ «մեր ունեցած» ասելով` նկատի ունի Իջեւանում գործող հասարակական կազմակերպությունները, որոնք ընդամենը 4-5 տարեկան են: Զարմանալի է, որ մարզպետարանի վարչության պետը չգիտի Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի առաջաբանով 2006 թ.-ին հրապարակված Տավուշի մարզի «Գործարար տեղեկատու»-ի մասին, ուր զետեղված են տվյալներ տասը եւ ավելի տարվա պատմություն ունեցող` մարզի տասնյակ հասարակական (այդ թվում` մշակույթի ոլորտում գործող) կազմակերպությունների մասին: «Արդեն 12 տարի ես մարզպետարանում եմ աշխատում, մշակույթի ոլորտին տարեկան հատկացվող 3,4 մլն դրամն անփոփոխ է` էշի պոչի նման: Մեր մարզում մարզային ենթակայության մշակութային օբյեկտներ չկան: Ուրիշ մարզերում նման օբյեկտներ են գործում, որոնք տարեկան 3-4 ծրագիր են իրականացնում: Դրա համար Տավուշի մարզի մշակույթի ոլորտում ֆինանսավորումն այլ մարզերից տասն անգամ պակաս է»,- պարզաբանում է Աշոտ Փաշինյանը եւ տարակուսում, որ հետաքրքրվում եմ նման «փոքր» գումարներով:

Համեմատության համար նշենք, որ հարեւան` Լոռու մարզում ներկայումս 200 հազար դրամի չարաշահման համար մի քանի համայնքապետերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Հարցապնդումների մեջ շարունակում եմ համառել. ի՞նչ նպատակով է ծախսվել 2009 թ. տարեմուտի տոնական միջոցառման համար նախատեսված 652 հազար դրամ գումարը:

Պարզվում է` Ամանորի միջոցառման համար նախատեսված պետական սուբսիդիան հիմնականում ծախսվել է տիկնիկներով մարզի դպրոցներ այցելելու եւ ... բանկետի վրա:

Մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանն էլ պարզաբանեց, որ մշակութային միջոցառումներ կազմակերպելու պայմանագրեր մարզպետարանը կարող է կնքել ոչ միայն հ/կ-ների, այլեւ շահույթ հետապնդող կազմակերպությունների հետ (ինչին պրն Փաշինյանն անտեղյակ էր):

Պրն Ներսիսյանը լրագրողից զգուշանալով` պահանջեց անջատել ձայնագրիչը: Ինչու՞ մշակութային ծրագրեր իրականացնելու համար մարզպետարանը մրցույթներ չի անցկացնում կամ գոնե դրանց վերաբերյալ տեղեկատվություն տարածում մարզում հեռարձակվող երկու հեռուստաընկերություններով, մարզային երկու թերթերով: Ֆինանսական վարչության պետի խոսքերով` այս ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն է տպագրվում պետական գնումների վերաբերյալ տեղեկատուի մեջ:

Ինչ փույթ, որ Տավուշի մարզում դրա օրինակները հազիվ թե հնարավոր լինի գտնել: Պրն Ներսիսյանին հիշեցրի, որ 5 տարի առաջ մշակութային միջոցառումների համար նախատեսված գումարով տարեվերջին մարզպետարանի հեռախոսային պարտքերը փակելու պատճառով մարզպետի դեմ ընդվզեց եւ պաշտոնից ազատվեց Տավուշի մարզպետարանի մշակույթի ոլորտի մասնագետ, շնորհալի երգչուհի եւ բանաստեղծուհի Աստղիկ Մելիքբեկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter