Բ. Փափազյան. «Մեր առաքելությունն է` մշակել բիզնես ծրագրեր, որոնք կինքնաֆինանսավորվեն»
Հարցազրույց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի հետ
-Ովքե՞ր կարող են անդամակցել Ազգային մրցունակության հիմնադրամին, եւ ի՞նչ սկզբունքներով են ընտրվում հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները:
-Ազգային մրցունակության հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ, որը ստեղծվել է մեկ տարի առաջ: Այս մոդելը շատ այլ երկներում էլ կա, բայց Հայաստանի պարագայում մեր մոտեցումը մի քիչ տարբերվում է: Ի սկզբանե որոշում կար խորհուրդը հիմնել պետական-մասնավոր համագործակցության վրա, եւ որ պետության մասնակցությունը թվով լինի փոքրամասնություն: 13 անդամներից վեցը պետության ներկայացուցիչներն են` Էկոնոմիկայի, Ֆինանսների, Արտաքին գործերի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը, Նախագահի տնտեսական խորհրդականը, իսկ խորհրդի նախագահը վարչապետն է: Մասնավոր սեկտորից անդամակցում են վեց խոշոր սփյուռքահայ գործարարներ՝ աշխարհի տարբեր կողմերից, նաեւ Հայաստանից` «ՎիվաՍելի» տնօրենը: Տասներեքերորդ անդամը հանդիսանում է միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, որը ռոտացիոն սկզբունքով է, այսինքն` այսօր Համաշխարհային բանկի տնօրենն է, 2010 թ. կփոխարինվի, կլինի կամ USAID-ի, կամ էլ ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Կես-կեսի սկզբունքն է ընտրվել, քանի որ Խորհուրդն արդյունավետ կաշխատի, կունենա սերտ կապեր կառավարության հետ, բայց կունենա ճկունություն` լինելով ոչ պետական հիմնարկ: Սփյուռքահայ գործարարների դեպքում չափանիշը եղել է այն, որ այդ մարդիկ կունենան շատ մեծ ծանոթությունների ցանց եւ կարող են թե ներդրումային, թե գիտելիքների խնդիրներ լուծել:
-Հիմնադրամն ունի Հայաստանի եւ Հայկական աշխարհի մրցունակությունը խթանելու առաքելություն, ինչպե՞ս է դա կատարելու:
-Երեք հիմնական շերտեր կան գործունեության: Առաջինը եւ հիմնականը, որ արդեն սկսվել է, ներդրումային ծրագրեր մշակելն է: Այս ծրագրերը պետք է նախ ռազմավարական կարեւորություն ունենան տվյալ ոլորտների զարգացման իմաստով, պետք է ոչ միայն արտաքին ներդրումները խթանեն կամ ստեղծեն աշխատատեղեր, այլ կատալիզատորի դեր պետք է խաղան: Պետք է լինեն բիզնես ծրագրեր: Մեր առաքելությունն է բիզնես ծրագրեր մշակել, որոնք կինքնաֆինանսավորվեն: Օրինակ` Տաթեւի համալիրի վերականգնումը կամ Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծումը: Տաթեւի վանքի վերանորոգումն ինքնին բավարար չէ, որովհետեւ այն ֆինանսավորման աղբյուր չի ստեղծում եւ մեծ բեռ է դառնում: Քանի որ պետության փողերն այդտեղ պետք է ծախսվեն, միգուցե ավելի ճիշտ կլիներ հակաճգնաժամային ծրագրեր իրականացնեինք այսօր այդ բյուջեով, բայց մենք լուծումը հետեւյալ ձեւով կտանք, որ կառուցենք մի փոքր հյուրանոց, որի եկամուտը կֆինանսավորի եւ ճոպանուղին, եւ Տաթեւի պահպանման գործերը: Ահա մեր ծրագրի մոդելը: Հաջորդը ենթակառուցվածքների ստեղծմանն ուղղված ծրագրերն են, այսինքն` մարդկային ռեսուրսների օգտագործման միջոցով, օրինակ` ճանապարհների կառուցում, շատ կարեւորում ենք հեռահաղորդակցման ցանցերի հզորացումը Հայաստանում, լեզուների իմացությունը պետք է խթանենք: Այս ծրագրերը կարող են ինքնաֆինանսավորվել: Մյուս շերտն էլ քաղաքականություն եւ բարեփոխումների ծրագրեր մշակելն է, որն առավելապես նախարարությունների վերահսկողության տակ է, մենք կարող ենք միայն առաջարկ անել օգնության, ֆինանսավորման: Մենք առաջնահերթությունը տալիս ենք այն ծրագրերին, որոնք կարող են միջնաժամկետ արդյունք տալ եւ տվյալ ոլորտի մրցունակությունը խթանել:
-Այսօր Հայաստանը հետաքրքի՞ր է բիզնեսի համար:
-Մենք պետք է բարելավենք այդ միջավայրը: Մեր գործունեությունը ենթադրում է պահանջարկի խթանում եւ Կառավարության նկատմամբ ավելի պահանջատեր լինել, ինչը կխթանի բիզնես միջավայրի բարելավմանը:
-Ի՞նչ միջոցներով պետք է իրականացնեք ծրագրերը:
-Մեր ընթացիկ բյուջեն կազմվում է մասնավոր սեկտորի տված 50 տոկոս գումարով, այսինքն` մեր խորհրդի ոչ կառավարական անդամները պարտավորություն ունեն այդ ֆինանսավորումն ապահովելու` կամ իրենց, կամ իրենց ցանցի միջոցներով, որն արդեն անում են: Կառավարությունը տալիս է մյուս կեսը, եթե իրենք հաջողեն այդ ներդրումների առավելագույնն ապահովել: Ծրագրերն այլ սկզբունքով են ֆինանսավորվում: Պարագա առ պարագա կֆինանսավորվեն այլ աղբյուրներից, որոնք կարող են լինել այլ պետությունները, մասնավոր սեկտորի ներդրում կամ բարերարների օգնություն: Արդեն ունենք երեք ծրագիր, որոնց ֆինանսավորման աղբյուրները հայտնի են. Տաթեւի պարագայում 20 մլն ԱՄՆ դոլարի չափ գումարը տրամադրում է բարերարը, Միջուկային բժշկության դեպքում Բելգիայի կառավարությունից վերցվում է պետական վարկ շատ լավ պայմաններով, նաեւ ներդրում են կատարում ֆրանսիացի բժիշկները:
-Ի՞նչն է դրդում Խորհրդի անդամներին ներդրումներ կատարելու:
-Շատ պարզ կարելի է ասել` հայրենասեր մարդիկ են, մարդիկ են, որոնք կյանքի եւ կարիերայի մեջ հասել են այնպիսի հանգրվանի, որտեղ արդեն իրենք ուզում են տեսնել Հայաստանի բարգավաճումը: Խորհրդի յուրաքանչյուր անդամ նվիրյալ է, փաստորեն, շատ մեծ ջանք են թափում առանց որեւէ ֆինանսական ակնկալիքների: Բայց ծրագրերի ֆինանսավորման պարագայում կարող են տարբեր շահեր լինել, օրինակ՝ Միջուկային բժշկության պարագայում ֆրանսիացի բժիշկները բիզնես են անում:
-Նախատեսվում է Տաթեւի վանքն իր հարակից տարածքներով դարձնել զբոսաշրջության կենտրոն: Այսօր աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ է, եւ կարծես դրանից տուժում է նաեւ զբոսաշրջության ոլորտը: Սա ռիսկային ծրագիր չէ՞:
-Ինձ թվում է` սա մեր նվազ ռիսկային ծրագրերից է, որովհետեւ տուրիզմն անկում է ապրում ժամանակավոր, տուրիզմի ընթացքը եթե նայենք, այս տարածաշրջանում եւ մանավանդ Հայաստնում ծավալն աճում է: Ճգնաժամի մեկ-երկու տարիներին աճն այդքան ուժեղ չի լինելու, սակայն դա երկրորդական է, քանի որ Տաթեւի համալիրի կառուցումն էլ կտեւի երկու տարի, հետեւաբար, շատ տրամաբանական ծրագիր է: Նաեւ` Տաթեւն այնքան կարեւոր տուրիստական վայր է, որն ակնհայտորեն ըստ արժանվույն չի գնահատվում, այսինքն` իր ներուժին չի համապատասխանում, հերիք է, որ մի քիչ ավելի հասանելի դառնա, ավելի լավ վիճակի մեջ լինի, որ եռապատկվի դեպի Տաթև տուրիզմը:
-Հալիձորի կիրճի վրա նախատեսվում է ճոպանուղու կառուցում եւ հյուրանոցային համալիր: Հաշվի առնվա՞ծ են բնապահպանական խնդիրները, արդյոք բնությանը մեծ վնաս չի՞ հասցվելու:
-Ծառահատումներ չեն լինելու, որովհետեւ այս ճոպանուղին շատ փոքր տարածք է գրավում գետնի վրա, մեծամասնությունն օդի մեջ է կառուցվում: Շինարարական գործերը շատ թեթեւ գործեր են, միայն երեք աշտարակներ կառուցելու խնդիր կա: Երկու ընկերություն կա` ավստրիական եւ իտալական, որոնց հետ բանակցում ենք, որ կառուցեն այս ճոպանուղիները: Այդ ընկերություններն աշխատել են այն երկրներում, որտեղ մեծ կարեւորություն է տրվել էկոլոգիական գործոնին: Նրանք իրենց առաջարկությունների մեջ հստակ ասում են, որ իրենց ազդեցությունը չափազանց փոքր է լինելու էկոլոգիական առումով: Հյուրանոցը կառուցվելու է գյուղին կից, որն անտառային տարածք չէ, այսինքն` ծառահատումների խնդիր չի լինելու: Բայց ասեմ, որ դեռ չունենք հյուրանոցի նախագիծը, եւ այդ խնդիրն այդքան էլ հստակ չէ: Սկզբունքն է շատ հստակ, եթե Հայատանի չնպաստի տուրիզմի զարգացմանը, դա կվնասի մեր շահերին:
-Ե՞րբ է նախատեսվում սկսել աշխատանքները:
-Տաթեւի ճոպանուղու եւ եկեղեցու վերականգնման աշխատանքները կսկսվեն 2010 թ. սկզբին:
-Ծաղկաձորում այսօր, ըստ տուրիստների, գները սարսափելի բարձր են, ի՞նչ գնային քաղաքականություն եք վարելու, եւ արդյոք նախատեսվու՞մ է խթանել նաեւ ներքին տուրիզմը:
-Մենք մեծ ակնկալիքներ ունենք ներքին տուրիզմի խթանման առումով, նախ` Հայաստանում տուրիզմի սեզոնը կարճ է, եւ ծրագիր ունենք երկարացնել սեզոնը: Ճոպանուղին, օրինակ, ունի այդ հատկությունը` նույնիսկ ձյան պարագայում օգտվել դրանից: Ակնկալում ենք, որ ձմեռային տուրիզմը կհետաքրքրի մանավանդ տեղացիներին: Գների մատչելիությունը մեծ խնդիր է Հայաստանում, որովհետեւ, իրոք, շատ թանկ է: Մենք ուսումնասիրում ենք, որպեսզի պարզենք, թե ինչու՞ է թանկ: Գները շուկայական պայմաններում են կայացվում: Հայաստանում տուրիզմի գինը թանկացնում է նաեւ պահանջարկի քիչ լինելը, այսինքն` հյուրանոցները 20-40 տոկոսով են զբաղված: Կառուցվելիք հյուրանոցը չի լինելու լյուքս, հինգ աստղանի: Պետք է իրազեկենք նաեւ բիզնես համակարգին, որ ոչ թանկ հյուրանոցները եւս կարող են խթան լինել տուրիզմի համար, որպեսզի նրանք շեշտը չդնեն հինգ աստղանի հյուրանոցներ կառուցելու վրա: Պետք է գտնել շուկայական լուծումներ: Այսօր տուրիզմը պետք է ուղղորդել դեպի Հայաստանի հարավ:
-Հաշվարկ կատարե՞լ եք, թե քանի աշխատատեղ կստեղծվի ներկայացված ծրագրերով:
-Ոչ, հաշվարկ չի կատարվել: Ծրագրերը դեռ նոր են մշակվում: Բայց կարող եմ ասել, որ մեր կարեւոր նպատակն աշխատատեղեր ստեղծելը չէ, այլ բնակավայրի զարգացումը, ինչն ինքնին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:
-Զբոսաշրջության ոլորտի ծրագրերից է Սպիտակ քաղաքում Վարպետաց թաղամասի կառուցումը: Ի՞նչ շահույթ կարող է ապահովել այս ծրագիրը:
-Այս ծրագիրն ունի երկու նպատակ: Մի կողմից` ավելի կենսունակ դարձնել Սպիտակի տնտեսությունը, քանի որ կառուցվում է հենց Սպիտակում: Մեր նպատակը տուրիզմին նպաստող արհեստների զարգացումն է: Այսօր Վերնիսաժը շատ լավ է աշխատում, զուտ պահանջարկի առումով: Այնպես չէ, որ Վերնիսաժում ցուցադրվածը լավագույնն է Հայաստանի, եթե մենք կարողանանք որակը բարձրացնել, մեծ ազդեցություն կարող է ունենալ, զբոսաշրջիկը երկու բան է փնտրում` խոհանոց եւ արհեստներ, սրանք կարեւոր երկու կոմպոնենտ են: Մենք մտածեցինք, որ եթե մի քանի վարպետներից բաղկացած թաղամաս ստեղծենք, դա կարող է նպաստել արհեստների վարպետների գործունեության խթանմանը: Այս ծրագիրն իրականացվելու է սոցիալական բնակարանների շինարարությանը զուգահեռ, այսինքն` ամբողջապես կախված է այդ ծրագրից, որը սկսվելու է այս տարի:
-Առողջապահության ոլորտում ենթադրվում է կառուցել Միջուկային բժշկության տարածաշրջանային կենտրոն: Ո՞րն է լինելու այդ կենտրոնի նպատակը, մանավանդ որ այն տարածաշրջանային է:
-Այս կենտրոնն ունի երկու նպատակ. մեկն ուղղված է Հայաստանի քաղաքացուն` իբրեւ հաճախորդի, որովհետեւ հայաստանցիները, երբ քաղցկեղի լուրջ խնդիր են ունենում, գնում են Մոսկվա, Գերմանիա, Անգլիա: Դա շատ թանկ է եւ մատչելի չէ, եթե մենք կարողանանք այդ պահանջարկի մի մասը հոգալ, եւ' տնտեսության համար արդյունք կունենա, եւ' շատ ավելի մեծ թվով հայաստանցիների հասանելի կլինի: Դրանից բացի, այն իզոտոպները, որ պետք են բժշկության համար, շատ կարճ կյանք ունեն եւ չի կարելի այլ երկրներից բերել, հնանում ու մահանում են միանգամից, պետք է տեղում օգտագործել: Քանի որ տարածաշրջանում չկան նման կենտրոններ, Թեհրանից մինչեւ Մոսկվա այդ մեծ շառավղի մեջ միայն Հայաստանն է ունենալու նման կենտրոն: Եթե վրացին գնում է Մոսկվա բուժվելու, իրեն լուրջ այլընտրանք ենք տալիս` գալ Երեւան եւ բուժվել որակով եւ մատչելի գնով:
-Արդյոք Հայաստանն ունի՞ համապատասխան գիտական, մասնագիտական ներուժ այդ կենտրոնն աշխատեցնելու համար:
-Մեր ծրագրի կարեւոր կոմպոնենտներից մեկը գիտելիքների ստեղծումն է: Մենք ունենք լավ բժշկական ներուժ, բայց այս ծրագիրը ենթադրում է ավելի մասնագիտական գործունեություն, ուստի շատ կարեւորում ենք ֆրանսիացի բժիշկների ներդրումը, որոնք աշխարհում համբավ են վայելում: Նրանց միջոցով կհիմնվի «Երեւանում ուռուցքաբանության ֆրանսիական ինստիտուտ», որը Ֆիզիկայի ինստիտուտին կից է լինելու: Այստեղ նրանք պատրաստելու են բժիշկներ, այսինքն` թրեյնինգը մեծ մաս է կազմելու: Նրանք տարվա մեծ մասն այստեղ են լինելու եւ անցկացնելու են վիրահատություններ Հայաստանի բժիշկների հետ համատեղ: Ծրագրի ֆիզիկական աշխատանքները նախատեսվում է սկսել 2010 թ.:
-«Թումանյան այգի» կրթական ծրագրի շրջանակներում ենթադրվում է կառուցապատել 5.6 հա տարածք համալիր: Ի՞նչ կրթական կառույցներ են լինելու եւ ու՞մ համար են նախատեսված:
-Սա մեր այն ծրագիրն է, որը նույնիսկ հայեցակարգային առումով նոր է մշակվում: Մենք կարողացանք ֆինանսավորման աղբյուր գտնել, որը մեզ կոնկրետ մարտահրավեր նետեց, հիմա սկսում ենք այդ գործը: Ամերիկահայ բարերար է, որն արդեն նախկին «Արագած» կինոթատրոնի հարակից տարածքում սկսել է կառուցել բիզնես համալիր, բայց ընթացքում նպատակը փոխվել է եւ, փոխանակ բիզնես համալիր կառուցելու, կկառուցվի գիտակրթական համալիր: Մեկ շենք կա կառուցված, որի առաջին երկու հարկերում աշնանը սկսելու է գործել երիտասարդներին ուղղված ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնը, որն առաջին կրթական ծրագիրը կհանդիսանա, բայց բարերաը մտածում է կառուցվելիք հինգ շենքերն էլ տրամադրել այնպիսի ծրագրի, որը կլինի ինքնաֆինանսավորվող բիզնես ծրագիր, եւ հիմնական նպատակը կլինի գիտակրթական: Բարերարն ասում է, որ ոչ մեկ շահույթ չի ակնկալում այդ շենքերից, ինչ եկամուտ կստեղծվի, ամբողջովին կտրամադրվի նույն կառույցի գործունեությանը:
-Նախատեսվում է, որ այդ կառույցի տարածքում կտեղակայվեն տեղեկատվական տեխնոլոգիաների եւ իննովացիոն բնագավառի կազմակերպություններ: Ի՞նչ կարող են նման հաստատությունները Հայաստանում փոխել, եթե Հայաստանի դպրոցների մի զգալի մասը կիսով չափ է հաղորդակից արդի տեխնոլոգիաներին: Ուսումնասիրե՞լ եք այդ բացթողումը:
-Մենք պետք է կարողանանք այնպիսի ծրագիր մշակել, որն արդեն սկսում է կապել հանրակրթական դպրոցներն այս գիտական կենտրոնին, այսինքն` հոսքային լուծումներ պիտի տա: Պետք է խուսափել մեր հիմնադրամին նախարարության դեր տալուց, բայց մենք կարող ենք համագործակցել եւ թիրախային լուծումներ տալ մի քանի դպրոցների պարագայում, որոնք կլինեն այս կենտրոնը սնուցող դպրոցներ: Ես ուզում եմ նշել, որ հիմնադրամի գործունեությունը նոր է Հայաստանի համար, մասնավոր-պետական համագործակցության այս մոդելը շատ մեծ հնարավորություններ ունի: Հուսով ենք, որ 2010-2011 թթ. կսկսենք տեսնել այս գործունեության արդյունքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել