Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան թատրոնը կունենա նոր մասնաշենք
Ապրիլի 13-ին մեծ հանդիսությամբ կբացվի Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի մասնաշենքը: Այստեղ անցկացվելու է Շեքսպիրյան միջազգային թատերական 5-րդ փառատոնը: Անցած տարվա պետբյուջեով թատրոնի մասնաշենքը նորոգելու համար կառավարությունը հատկացրել էր 49մլն. դրամ: Ըստ նախագծի, այն պետք է 2008թ-ի նոյեմբերին հանձնվեր շահագործման: Սակայն շենքի նորոգման աշխատանքները ձգձգվեցին: Շինաշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթած Արագածոտնի մարզի «Բերրիություն» ընկերությունը ստանձնած պարտականությունները ժամանակին չկատարելու համար զրկվել է աշխատանքը շարունակելու իրավունքից:
Քաղաքաշինության նախարարությունն անվստահություն է հայտնել տվյալ կազմակերպությանն ու տուգանք նշանակել, իսկ գործը պետք է ավարտին հասցնի մեկ այլ ընկերություն` Հայաստանի թատերական գործիչների միության` «Թատերական» ՍՊԸ-ն:
Հայաստանի թատերական գործիչների նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով էլ, ինքը անձամբ է հետևում շինարարական աշխատանքներին:
«Ես երբ տեսա նախկինում իրականացված աշխատանքները, ճիշտն ասած, զարմացա: Մտածեցի, պատասխանատուներից որևէ մեկն արդյոք կյանքում ներկայացում չի տեսել, չգիտի, ինչ է բեմն ու մնացած ատրիբուտները: Բայց որակական առումով լավ գործ էին արել»-ասում է Հ.Ղազանչյանը:
Վերջինիս համոզմամբ, մարզային ու քաղաքային իշխանությունների համատեղ ջանքերով, հնարավոր եղավ լուծել Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան 75-ամյա թատրոնի մասնաշենքի ոդիսականը: Ավելացնենք, որ թատրոնի նախկին մասնաշենքը 80-ականներին քանդվել էր` նոր շենք կառուցելու ակնակալիքով:
Նոր շենքի շինարարությունը սկսվել էր, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո այն այդպես էլ մնաց կիսակառույց: Կապանի քաղաքապետարանը կիսակառույցը մասնավորեցրեց, ու Զանգեզուրի պղնձամոլբդինային կոմբիանտը հիմա այդտեղ բիզնես-կենտրոն է կառուցում: Թատրոնին կառավարության որոշմամբ հատկացվեց նախկին «Սյունիք» կինոթատրոնի շենքը, որը թերևս հարմար էր կինոցուցադրման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել