ԴԱՀԿ-ն արգելեց դպրոցի տնօրեն ընտրել
Երեք ամիս է, ինչ Գյումրու Հակոբ Մնձուրու անվան թիվ 19 դպրոցում սկիզբ առած սկանդալը չի ավարտվում: Արդեն երրորդ անգամ դպրոցի կառավարման խորհրդի անդամներին չի հաջողվում դպրոցի տնօրեն ընտրել: Եթե փետրվար ամսին ընտրությունները ձախողվեցին կառավարման խորհրդի այն անդամների պատճառով, որոնք նշանակված էին Շիրակի մարզպետի կողմից, ապա այսօր դատական ակտերի հարկադիր կատարողները թույլ չտվեցին մրցույթն անցկացնել:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը փետրվարի 20-ին դադարեցրեց դպրոցի կառավարման խորհրդի երկու անդամների` Ռուզաննա Մովսիսյանի և Ալվարդ Ղայթանջյանի լիազորությունները: Վերջիններս էլ դատի տվեցին մարզպետին: Այսօր ԴԱՀԿ-ի աշխատակիցները դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանին ներկայացրեցին ՀՀ վարչական դատարանի կատարողական թերթը, որով արգելվում է «Գյումրու թիվ 19 դպրոց» ՊՈԱԿ-ի` Շիրակի մարզպետի 2009 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ հաստատված կառավարման խորհրդի կազմի գործունեությունը»: Կասեցվում են նաեւ այդ կազմի կայացրած բոլոր որոշումներով պայմանավորված գործողությունները, քանի դեռ դատարանը վերջնական դատական ակտ չի կայացրել:
Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Պեպանյանը, ով մայրաքաղաքից ժամանել էր մրցույթին մասնակցելու համար, ասաց. «Քանի որ խորհրդի նախկին անդամների հայցը գտնվում է դատաքննության փուլում, և խորհրդի կազմը, բնականաբար, վիճարկվում է, սա նշանակում է` եթե այսօր ընտրություն տեղի ունենա, այդ ընտրությունը կհամարվի անվավեր»:
Հիշեցնենք, որ կառավարման խորհրդի նախկին անդամների պնդմամբ` այս պատմությունը քաղաքական ենթատեքստ ունի. Շիրակի մարզպետն իրենց կառավարման խորհրդի կազմից «անօրինական» ձևով հեռացրել է, որպեսզի տնօրենի պաշտոնում նորից չվերընտրվի նախկին տնօրեն, դաշնակամետ Նարինե Մեսրոպյանը, ով Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի կադրերից է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել