Տաքսու վարորդները շարունակում են բողոքել
Կապի եւ տրանսպորտի նախարարության մոտ այսօր հավաքվել էին անհատ տաքսու վարորդները: Նրանք պահանջում էին Կառավարության առաջադրած պահանջների սառեցում:
«Ճգնաժամ է, թող սառեցնեն իրենց պահանջները, այսօր մենք պատրաստ չենք հարկային դաշտ մտնելու: Պետական աշխատանք չկա, եթե ինձ պետական աշխատանք առաջարկեն, ես կհամաձայնեմ: Էսօր ես էլ չեմ ուզում տաքսի վարել, առողջականս թույլ չի տալիս, բայց ստիպված եմ»,- ասում է Վեսյոլ Սեդրակյանը:
Գեւորգն էլ առաջարկում է, որպեսզի դեղին համարանիշներն անվճար բաժանվեն:
«Էդ համարներն ինչի՞ են մեզ պարտադրում, մի անգամ փող տվել ենք, համար ենք առել, հիմա մի անգամ էլ է մեր վրա վաճառու՞մ, բիզնես են անու՞մ, չեմ հասկանում»,- նշեց Գեւորգը:
Վարդանը ճգնաժամի պատճառով աշխատանքը կորցրել է եւ ստիպված իր մեքենան ծառայեցնում է որպես տաքսի. «Մեկ ամիս հետո ես կարող է նոր աշխատանք գտնեմ, էդ հաշվիչն ու համարն ի՞նչ եմ անելու, ո՞վ կառնի, ու՞մ է պետք: Դա իրենց բիզնեսն է, ես համոզված եմ»:
Տաքսիստներից մեկը վրդովված էր, որ ո՛չ Կառավարությունից, ո՛չ Կապի եւ տրանսպորտի նախարարությունից չեն արձագանքում իրենց բողոքի ակցիային:
«Քի՞չ ժողովուրդ են այստեղ կանգնած, չեմ հասկանում, մենք ու՞մ դիմենք, ի՞նչ է՝ գործարաններ պետք է ունենանք, որ գան ինչ-որ գործարան մտնեն, տեսնեն ո՞նց է աշխատում: Բայց մեր աշխատանքն էլ է դժվար, ո՞նց կարելի է տրանսպորտնիկներին սենց խեղճացնել, հացը կտրել: Գազը թանկացրեցին, հոսանքը, ջուրը, ո՞նց կարելի է մարդկանց էս վիճակում պահել»,- ասաց տաքսու վարորդը: Նա չներկայացավ, քանի որ «եթե անձը նշանակություն չունի, անունն ու՞մ է պետք»:
Վարորդներից Պարգեւն էլ զգուշացրեց, որ եթե իրենց խնդիրը լուծում չստանա, ընտրությունների չի գնալու: «Կանաչապատում են չորս կողմը, մենք հո էդ կանաչը չե՞նք արածելու, էս կանաչն իմիտացիա է»,-նշեց նա:
«Սերվիսները սաղ իրանցն ա, դրա համար էլ չեն թողնում, որ անհատ տաքսիստներն աշխատեն, պետությունը մեզ ավանդներ է պարտք, 100 000 փող ունեմ, թող վերադարձնի, ես էլ մեծ հաճույքով կմուծեմ իրենց հարկերը: Սոված ծարավ ման գա՞մ էս երկրում, չեմ հասկանում, ո՛չ աշխատատեղեր է բացում, ո՛չ նորմալ թոշակ է տալիս: Սա ի՞նչ պետություն է»,- բողոքում է Մանվել Ավետիսյանը:
Վարորդներից մեկն էլ խորհուրդ տվեց. «Ուշադրություն դարձրու էստեղ հավաքված մարդկանց հագն ու կապը, տես սենց մարդկանց վրա ավելորդ գումարային բեռ բարդել արժե՞»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել