HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հաշմանդամ կինը ելք չի կարողանում գտնել

07_04-a_hovakimyanԱնիկ Հովակիմյանը  2 տարեկանից զրկված է աջ ոտքից: Նա ոչ միայն հաշմանդամ է, այլեւ առողջական այլ խնդիրներ էլ ունի: «Նոր եմ գալիս ուռուցքաբանության ազգային կենտրոնից, այնտեղ ինձ բանի տեղ չեն դնում, ասում են` պիտի բուժման համար վճարես: Փող չունեմ, որ տամ, ասեմ` դե նորմալ բուժեք: Կանացի օրգաններս պիտի հեռացնեն, բայց փող չունեմ»,- պատմում է Ա. Հովակիմյանը: Հետքը պարզաբանումներ ստանալու համար դիմեց Ուռուցքաբանության ազգային կենտրոն:

Բուժկենտրոնի մատենագրության բաժնի պատասխանատու Սուսաննա Գյուրջինյանի ասելով` իրենց մոտ բուժումն անվճար է: «Եթե ձեր ասած կինը հաշմանդամ է, ընդհանրապես խնդիր չպետք է ունենար մեզ մոտ: Անիկին ասեք` թող մոտենա ինձ, ես իրա հարցերը կլուծեմ, տեսնեմ ինչից է դժգոհում»,- ավելացրեց Ս. Գյուրջինյանը: Նշենք, որ տիկին Անիկն ապրում է աղջկա  եւ մեկամյա թոռնիկի՝ Նվերի հետ: Նա միայնակ մայր է, աղջիկն էլ վերջերս է ամուսնալուծվել: Անիկը հաշմանդամության համար ստանում է 20 հազար դրամ թոշակ, 13 հազար դրամ էլ երեխան է նպաստ ստանում: «Չգիտեմ` լույսի, ջրի վարձ տամ, թե այդ գումարով ապրենք: 50 հազար դրամ խանութներին պարտք ունեմ, շատ եմ դիմել պետական պաշտոնյաներին, ոչ մեկը ոչ մի հարցով չի օգնում: Գազ չունենք, ամբողջ ձմեռ ջուր ենք եռացրել, լցրել ենք շշերի մեջ, գրկել նստել ենք, դրանով ենք տաքացել: Շատ եմ գնացել Արմավիրի մարզպետարան, նույնիսկ հացի գումար եմ խնդրել, չեն տվել, կոպտել աշխատասենյակներից դուրս են արել, ասում են՝ կարող ա քո համար փող ենք տպում: Հենց այս պահի դրությամբ էլ հաց չունենք ուտելու, խանութներն էլ արդեն պարտքով չեն տալիս: Գիտեն` տունը տղամարդ չկա, աշխատող, բերող չկա, չեն տալիս: Մեր վիճակը շատ վատ է, հաշմանդամ կին եմ, մեզ օգնող, ձեռք գցող չունենք, փոքր երեխան էլ վզիս, չգիտեմ ինչ անեմ, արդեն զզվել եմ իմ ապրելուց: Ամեն օր տանջվելով, մղկտալով օր եմ անցկացնում: Տղա ջան, ասում ես` ապրի, ոնց ապրեմ, ցավդ տանեմ, էսօրվա դրությամբ թոռս լացում ա, բան չկա, որ տանք ուտի, ձայնը կտրի: Այդ վիճակը տենալով` ես կարամ ապրե՞մ: Արդեն մի քանի տարի է նոր շորը չգիտեմ ինչ բան է, ուրիշների տված շորերով եմ բավարարվում: Ուրիշներն էլ պիտի ասեն ապրում ենք, մե՞նք էլ:  Մանուկ հասակից կաստիլներով եմ քայլում, ձեռքերս էլ են ցավում, էլ ի վիճակի չեմ դիմանալու»,-ասաց Անիկ Հովակիմյանը: Մեր այցելության պահին հարեւանուհիներից մեկը ափսեով տաք ճաշ էր բերել, որ երեխային կերակրեն: Հարեւանուհին էլ փաստեց, որ պետական պաշտոնյաները արհամարհանքով են վերաբերվում Անիկին եւ նրա խնդրանքներին ուշադրություն չեն դարձնում: Մեկ-մեկ Արմավիրի քաղաքապետարանն է գումարով օգնում: Փորձեցինք խոսել նաեւ տիկին Անիկի դստեր հետ, սակայն նա ամաչեց մեզ հետ զրուցել: Նա միջանցքում կանգնած էր ու հուզված ընդամենը մի բան խնդրեց. «Խնդրում եմ, եթե կարող եք, գոնե միջամտեք, մեզ գազ քաշեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter