
Մեկ տարի է անցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրից: Եվ մեկ տարի առաջ` ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանն այսպիսի շեշտադրում կատարեց. «Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի եւ մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկարտմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կոչ եմ անում` եկեք քանդենք այդ պատը»:
Արդարամիտ մարդիկ, անշուշտ, տեսնում են, որ այդ պայմանական պատը որոշակիորեն ճաքեր է տվել, առանձին հատվածներ նույնիսկ խարխլվել են: Ասել կուզի` իշխանության եւ հասարակության, մանավանդ հենց ժողովրդի ներսում եղած բեւեռային տարաձայնությունները, երկփեղկման երեւույթները զգալիորեն մեղմվել են: Բայց նույն արդարամիտ մոտեցմամբ` պետք է նկատել նաեւ, որ, «չհասկացվածության պատը» տակավին իր տեղում է: Սակայն չարժե շտապել այդ հանգամանքը սերժ Սարգսյանի պաշտոնավարման «պասիվների» շարքում դասելու հարցում: Նախ` երկրի ղեկավարը, կարելի է ասել` միանձնյա է ձեռնամուխ եղել քանդելու մի «պատ», որը երկար ժամանակ է բարձրացվել: Երկրորդ` դժվար է քանդել մի պատ, որը, քանդելուն զուգահեռ, քաղաքական հակառակորդներին ու, առանձին դեպքերում, նաեւ վայ կողմնակիցների ջանքերով, զուգահեռաբար փորձ է արվում նորոգել: Ոմանք միգուցե ձեռքը թափ տան ու մի կողմ քաշվեն, սակայն ոչ Սերժ Սարգսյանը. նա իրեն բնորոշ հետեւականությամբ շարունակում է ու վստահաբար կշարունակի ներքին համերաշխության հասնելու իր ջանքերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել