HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ըստ Կ.Մանոյանի՝ հասարակության համար պարզ չէ, թե ինչու Է.Նալբանդյանը գնաց Թուրքիա

24_02-k_manoyan«Նախագահի հայտարարությունները  մի կողմից պարզաբանում էին իրավիճակը, մյուս կողմից պատասխանում էին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարություններին»,-այսօր Ուրբաթ ակումբում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա ասաց, որ Ադրբեջանի  լալկանությունը պատճառ է դառնում, որ Թուրքիան հարաբերությունները վերադարձնի այն իրավիճակին, որտեղ գտնվում էր 1993 թ., երբ Թուրքիան պատանդ էր դարձել ադրբեջանական քաղաքականությանը: Այնուհետեւ օգոստոսյան պատերազմից հետո Թուրքիան փորձում էր փոխել իրավիճակը տարածաշրջանում եւ սկսեց բանակցությունները Հայաստանի հետ: Ըստ բանախոսի` Էրդողանի հայտարարությունները լուրջ են եւ կարող են փակուղի մտցնել բանակցությունները: «Ինչպես նախագահն է հայտարարել, Հայաստանը պատրաստ է հարաբերությունների առանց նախապայմանների, իսկ Թուրքիան արդեն սկսել է խոսել նախապայմաններով: Էրդողանն արդեն հայտարարում է, որ Հայաստանի հետ կարող է բանակցեն, բայց ոչինչ չեն ստորագրի, մինչեւ Ղարաբաղի հարցը չկարգավորեն: Այս  հայտարարությունները քաղաքական են եւ մղում են մեզ ենթադրելու, որ կարող է եւ այս տարվա ընթացքում ո'չ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ո'չ էլ սահմանը բացվի»,-կանխատեսեց Կ. Մանոյանը: Նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանն ամեն դեպքում բանակցություններից դուրս կգա ուժեղացած, Մանոյանը ճշմարիտ է համարում, քանի որ աշխարհը տեսնում է, որ բանակցություններին խոչընդոտողը Թուրքիան է: «Մեր դիրքերը վերահաստատած դուրս կգանք, բայց նայած, թե այդ բանակցությունները մինչեւ երբ կտեւեն: Այսինքն` Թուրքիան  բանակցություններին մասնակցում է այն պատճառով, որ Օբաման ցեղասպանություն բառը չարտասանի այս ապրիլի 24-ին, եւ եթե թուրքերին հաջողվի դա,  կարծում եմ` այս պարագայում մենք այնքան էլ ուժեղացած դուրս չենք գա»,-ասաց Կ.Մանոյանը: Ի պատասխան Հետքի հարցի, թե երբ են պատրաստվում իշխանությանը եւ հասարակությանը ներկայացնել սահմանի բացման վերլուծությամբ փաստաթուղթը, եւ ինչ շեշտադրումներով է այն լինելու, Կ. Մանոյանը պատասխանեց. «Այդ փաստաթուղթը մեր դիրքորոշումը չի լինելու սահմանի բացման նկատմամբ, այլ սահմանի բացման հետեւանքով տնտեսական այն խնդիրները, որոնք մենք պետք է հաղթահարենք, եւ մինչեւ  սահմանի բացումը նույնիսկ, քանի որ կան հարցեր, որոնք այսօրվանից մենք պետք է արդեն  սկսենք, դա  զուտ տնտեսական փաստաթուղթ է, քան՝ քաղաքական»: Կ. Մանոյանը, սակայն, նշեց, որ փաստաթղթում կան նաեւ համապատասխան քայլերի առաջարկներ: «Այդ քայլերը պետք է ձեռնարկի Կառավարությունը, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր տնտեսությունը եւ մինչեւ սահմանի բացումը պետք է քայլեր ձեռնարկվեն, քանի որ մեկ օրում կարելի չէ ամբողջ տնտեսական քաղաքականությունը փոխել: Մենք կնախընտրեինք, որ սա մենք արած չլինենք, այլ իշխանությունն ինքը, բայց մեր տպավորությամբ` այդպիսի բազմակողմանի ուսումնասիրություն չի եղել, եւ ուրեմն մենք մեր վրա ենք վերցրել եւ մինչեւ ամսի վերջ կհրապարակենք»,- նշեց բանախոսը: Հետքը հարցրեց, թե արդյոք ՀՅԴ-ն բավարարված է այսօրվա իշխանությունների կեցվածքով, եթե նույնիսկ բազմակողմանի ուսումնասիրությունը թողնվում է որեւէ կուսակցության ուսերին, բանախոսը  նկատեց, որ միշտ չէ, որ իշխանությունների կեցվածքը բավարար է: «Միշտ չէ, որ մեր իշխանությունները պարզաբանում են, թե իրենք ինչ են արել: Օրինակ` մեր նախարարի Թուրքիա գնալ-չգնալու հարցը: Ես համոզված եմ, որ հասարակությանը պարզ չէ, թե ինչու գնաց: Նախարարը, փաստորեն, չգնաց մասնակցելու միջազգային ֆորումին, որին պետք է մասնակցեր` որպես դժգոհություն Թուրքիայի հայտարարություններին: Այլ գնաց հանդիպելու նախագահ Օբամային եւ մասնակցեց Օբամայի հանդիպմանը երեք նախարարների հետ: Այսքան բանը կարելի էր պարզ ասել: Մտահոգում է, որ Թուրքիան կարող է տասն անգամ ինչ-որ բաներ հայտարարել, եւ լրատվամիջոցները այդ աղբյուրներից լուր հայտարարեն, իսկ մեր աղբյուրները չպատասխանեն»,- պատասխանեց Կ. Մանոյանը: Նա հավելեց, որ մնացած առումներով խնդիր չկա, քանի որ Հայաստանը գնում է բանակցությունների առանց նախապայմանների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter