HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ. «Ոստիկանության և քաղաքապետարանի գործողությունները իրավաչափ չէին»

Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 10-ին կրպակների ապամոնտաժման գործընթացն ուղեկցվել է քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Կրպակների ապամոնտաժման մասին քաղաքապետարանից ապօրինի ծանուցումներ են ստացել օրինական հիմքերով և գործող պայմանագրերով տարածքը զբաղեցնող կրպակատերերը, մինչդեռ ծանուցումները պետք է ուղարկվեին միայն անօրինական տեղադրված կրպակների տերերին՝փաստաթղթերը նախապես ուսումնասիրելուց  հետո: Ապամոնտաժման պահին 13 կրպակներից 5-ի դեպքում կրպակատերերը ներկայացրել են սեփականության իրավունքի վկայականներ, որոնք հաշվի չեն առնվել:

Իրենց հերթին ոստիկանության աշխատակիցները, առանց բավարար իրավական հիմքերի վարչական հարկադրանք կիրառելով, նույնպես խախտել են կրպակատերերի գույքային և անձնական անձեռնմխելիության իրավունքը: Ավելին, մեր տրամադրության տակ գտնվող նյութերը վկայում են, որ այդ ոչ իրավաչափ  գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն է գործադրվել միջադեպին ներկա կանանց նկատմամբ:

Հետագայում մարդկանց իրավունքների նման կոպիտ ոտնահարումները կանխելու նպատակով.

Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանին՝

  • Երևանի արտաքին տեսքի բարելավման  անկեղծ և ազնիվ ցանկությունն իրականացնելիս նախապես իրավաբանորեն ապահովել առանձին անհատների իրավունքների և կենսապահովման խնդիրների պաշտպանությունը.
  • գործել այն համոզմամբ, որ ի տարբերություն բիզնեսի կառավարման, որտեղ առաջին հերթին կարևոր են արդյունքները, հանրային կառավարման դեպքում՝ հաճախ արդյունքից առավել կարևոր են գործընթացները և նպատակին հասնելու միջոցները, հատկապես երբ դրանք կարող են վնասել թեկուզ մեկ անձի օրինական շահին.
  • առաջնորդվել այն սկզբունքով, որ մայրաքաղաքի ղեկավարությունը բոլորինն է՝ թե հարուստներինը և թե անապահովներինը: Մինչդեռ վերջերս քաղաքի բարեկարգման մի շարք նախաձեռնություններ բացասաբար են ազդում սոցիալապես անապահով որոշ խավերի վրա և գոհացնում են հատկապես միջին և բարձր կենսամակարդակ ունեցող անձանց.
  • տարբեր շահեր շոշափող համարձակ նախաձեռնություններում նախապես իրականացված լայն և հրապարակային քննարկման արդյունքում հաշվի առնել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպությունների, շահագրգիռ անձանց, ինչպես նաև տարբեր քաղաքական ընդդիմադիր ուժերի տեսակետները:

Առաջարկում եմ ՀՀ ոստիկանությանը՝

համապատասխան անձնակազմին ուսուցանել և ապահովել նրանց կողմից ՀՀ օրենսդրության ինչպես էական, այնպես էլ տեխնիկական բացառապես բոլոր պահանջների կատարումը: Նրանց գործողություններում հատկապես պարտադրել, որ հարգեն յուրաքանչյուր մարդու անձնական ու գույքային անձեռնմխելիությունը  և հասարակական կարգը պահպանելու չափազանց կարևոր ու հարգարժան աշխատանքը մշտապես իրականացնեն իրավապահի բարձր կոչմանը հարիր:

Միևնույն ժամանակ ողջունելի է, որ քաղաքացիական ակտիվ դիրքորոշման և հանրային լայն արձագանքի հետևանքով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը ներկայումս ջանքեր է գործադրում ստեղծված խնդիրը կրպակատերերի հետ հաշտությամբ լուծելու ուղղությամբ:

Կարեն Անդրեասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter