Չերքեզի ձորի տները հրաժարվում են սեփականաշնորհել
Գյումրիի այս թաղամասի բնակիչներն անօթևան դառնալու վտանգի առաջ են կանգնելԳյումրիի Չերքեզի ձոր թաղամասը 60 տարվա պատմություն ունի, դեռևս 1950-ական թվականներին հարակից գյուղերի բնակիչները տեղափոխվելով Գյումրի` մաքրել են ձորի քարհանքերի մոտակայքում գտնվող համաքաղաքային աղբանոցն ու բնակելի տներ կառուցել: Պաշտոնական տվյալներով` այստեղ 70 բնակելի տուն է կառուցված, իսկ բնակիչների պնդմամբ` մոտ 200:
Այժմ, երբ Գյումրիում 4000-ից ավելի անօթևաններ կան, ու նրանց հարցերը ոչ մի կերպ չեն լուծվում, առաջ է քաշվել Չերքեզի ձորի բնակիչներին տեղահանելու խնդիրը: Բանն այն է, որ այս թաղամասի տները չեն սեփականաշնորհում` պատճառաբանելով, թե ըստ քաղաքի հատակագծի` այն կանաչ գոտի է, և իրավունք չկա այնտեղ բնակվելու: Մեր` Չերքեզի ձոր այցելելու պահին թաղամասում ստորագրահավաք էր` բնակիչները բողոք-նամակ էին հղում երկրի նախագահին ու կառավարության ղեկավարին: «Եթե կանաչ գոտի է, ու իրավունք չկա այստեղ ապրելու, էդ ինչպես է, որ պարոն Վարդանն օրումեջ մոտակա սանատորիայում մարդ է բերում, էն օրը էլի բերեցին ու հլը էլի պտի բերեն, ամենքին մի սենյակ տալիս են ու ասում են` ապրեք»,- դժգոհեց Ռիմա Վարդանյանը:
Ըստ բնակիչների` եթե սա կանաչ գոտի լիներ, ապա երկրաշարժից առաջ բնակելի շենք չէր կառուցվի: Նրանց համոզմամբ` կանաչ գոտին ձորի մասում է, և ոչ` բնակելի թաղամասում: «Մեր բնակարաններն ուզում են աճուրդ-վաճառքի դնել ու մեր վրա ծախել, բայց մեր սարքածը ո'չ հյուրանոց է, ո'չ կազինո, ընդամենը մի խրճիթ է, որ եթե մի հարուստ գյուղապետի տանք, անմիջապես գոմ կդարձնե: Ես ամեն հարմարություն ստեղծել եմ, ջուրը, գազը սեփական ուժերով քաշել եմ, քաղաքապետարանին ոչ մի հարցով չեմ անհանգստացրել, հիմի ինչ են կանգնել, թե` կանաչ գոտի է, կանաչ գոտին եղևնիների մասում է, ձորի մեջ է, և եթե կանաչ գոտուց են խոսում, ապա ստեղի աղբը չեն տեսել, «Աղբածածակ կանաչ գոտի», Գինեսի ռեկորդների մեջ պետք է գրվի, կանաչ գոտին գունավոր է դառել: Թող թույլ տան սեփականաշնորհենք, էս քաղաքում էլ ուրիշ պրոբլեմ չկա, որ հիմա էլ ընկել են անօթևանների թիվ են ավելացնում»,- ասաց Կարինե Ղայթանջյանը, ով այս թաղամասում բնակելի տուն կառուցել էր երկրաշարժից հետո:
Իսկ թաղամասի ամենահին բնակիչները` այսպես ասած հիմնադիրները, զայրացել են քաղաքապետարանի առաջարկից` իրենց տանը վարձակալ դառնալ: «Երբ առաջին անգամ գնացինք սեփականաշնորհման, գլխներիս տակ փափուկ բարձ դրեցին ու ճամփին, թե` ինչ խնդիր կա, գնացեք հանգիստ ապրեք, չսեփականաշնորհին, չսեփականաշնորհին ու մի գեղեցիկ օր որոշեցին, որ կանաչ գոտի է: Էն ժամանակ, երբ մարդիկ տներ էին սարքում, տոննաներով աղբ էին կրում, ոչ մեկը չէր հիշում, որ կանաչ գոտի է: Հիմա ցանկացած հայաթում առնվազն չորս ընտանիք է ապրում, մարդիկ բազմացել են, պատկերացրեք` եթե մեզ վտարեն, ուր ենք գնալու, պտի գնանք պատերի տակ հանգրվանենք: Ինչ ուզենան, մեր գլխին կսարքեն, կրիզիս ժամանակներ են, ով իմանա` ինչ են մտադրվել»,- դժգոհեց Ալինա Մանասյանը, ով թաղամասի ամենահին հարսներից է:
Նրա սկեսուրը` Վերգուշ Գևորգյանը, հիշում էր, թե ինչ դժվարություններով է տուն կառուցել: «Գիտեք ինչ եմ քաշել, ինչ եմ թափել, ստեղ խիբարնոց է եղել, 18 տարեկանից խիբար եմ թափել, ձեռքերս ծակել են, հողն էլ փողով եմ առել: Երբ էրեխեքս փոքր էին, սխալվեինք գնայինք ձմեռնոցով ձուն ուզեինք, չէին տա, հմի մեծ տղեք են դարձել, նշանել ենք, հանել դուրս են շպրտում, ինչ են կպել մեզանից: Թող մտածեն, որ քաղաքի կեսը ինվալիդ է դարձել դոմիկների մեջ ապրելուց, էսօր ահել-ջահել հիվանդ են, էս դարդը թողած` եկել, սեփական տներն են քանդում: Ձեր խիղճը մեռնի, երբ ժամանակին փող կար ձեռքներս, գնացինք սեփականաշնորհման` չարեցին, հազար դոլար հաշվեցին, հետո ասին` գնացեք, մայրիկ ջան, ապահով ապրեք, հիմա էլ հորինեցին, թե կանաչ գոտի է, տներս են ձեռքերիցս առնում, ինչ են առաջարկում` գնանք գերեզմանները փորենք, պառկենք»:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու են տուն կառուցել հատկապես Ձորի մոտակայքում` քաղաքից կտրված անկյունում: Տիկին Վերգուշի ասելով` ինքը Կամո գյուղից քաղաք տեղափոխվելով` աշխատել է ձորի թաղի զինվորական լվացքատանը և տեսնելով, որ մարդիկ տներ են կառուցում, ինքն էլ որոշել է ետ չմնալ: «Էն ժամանակ էլ մենք տանջանքով ենք տուն կառուցել, մի շարք շարում էինք, մեկ էլ գալիս տեսնում էինք, որ միլիցեքը քանդում-թափում էին, զոռով-շառով շինեցինք, հարկերը մուծեցինք, հիմա էլ պրոբլեմի առաջ են կանգնեցրել, գոնե Երևանը պադեռժկա անի»,- մտահոգվում է Վերգուշ Գևորգյանը:
Թաղամասի բնակիչներն առավել վրդովված են այն փաստից, որ նախորդ ՏԻՄ ընտրություններից առաջ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խոստացել է սեփականաշնորհել տները ու այսպիսով տարել է թաղամասի բնակիչների ձայները:
Չերքեզի ձորի բնակչուհի Աստղիկ Թովմասյանն այսպես ներկայացրեց իրենց հիմնախնդիրները. «Սա ոչ թե կանաչ գոտի է, այլ խիբրնոցի գոտի, գիտեք ինչ հսկայական քարեր ենք տարել-թափել, սաղ կյանքներս սոված-ծարավ նստել ենք, որ տուն սարքենք, ո'չ հաց ունեինք, ո'չ ջուր, հմի էլ եղել է կանաչ գոտի, կանաչ գոտին ներքևն է, մայր Հայաստանի կողմն է, ընդեղ յուրահատուկ յոլկաներ կան, կանաչություն կա, ստեղ ինչ կանաչ գոտի, մոմով պտի կանաչ ման գաս: Բյուջե չունեն, ընկել են մեր ջանը, ուղիղ 54 թվից ես ստեղ եմ, արդեն 55 տարի կլինի, երիտասարդությունս ստեղ է անցել, հիմա էլ ծանր հիվանդ եմ, ինչ անեմ, տունս իրանց նվիրեմ: Գյուլը ես երկու օրը կգա, դիմում գրենք, տանք, մեզ էլ հետն առնի, էրթա, հա, միք զարմացեք, մեկ էլ մեր պետության մեջ գերի ենք»:
Մենք հանդիպեցինք նաև թաղամասի տղամարդկանց, ովքեր և գլխավորում են «չերքեզցիների» բողոքի ակցիան, պարբերաբար գնում են քաղաքապետարան ու մեծ աղմուկ են բարձրացնում: Նրանք մեզ տեղեկացրին, որ մայիսի 10-ին նոր «երթ» են սկսում դեպի քաղաքապետարան. այս անգամ ակնկալում են վերջնական պատասխան ստանալ: Իսկ ահա կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը «չերքեզցիներին» հանգստացնում է. «Թող հանգիստ գնան ու քնեն, իրենց անհանգստացնող չկա, մինչև տեսնենք, թե Կառավարությունն ինչ կորոշի: Կամ քաղաքի հատակագիծը փոփոխության կենթարկեն, կամ էլ այլ լուծում կգտնեն: Մենք դիմել ենք Կառավարությանը, քաղաքաշինության նախարարությունից հատուկ հանձնաժողով պիտի գա ուսումնասիրման համար»:
Ըստ փոխքաղաքապետի` թեև Գյումրիում հազարից ավելի ապօրինի շինություններ կան, բայց «չերքեզցիների» խնդիրն ուրիշ է, որը յուրատեսակ լուծում է պահանջում: Ի պատասխան` բնակիչները մեկ անգամ ևս նախազգուշացնում են, որ եթե կառավարությանը խնդիրը ճիշտ չներկայացվի ու նորմալ լուծում չտրվի, իրենք հանդես կգան մեր հանրապետության պատմության մեջ դեռևս չլսված ու չտեսնված բողոքի ակցիայով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել