Հափշտակության դեպքեր «ՎՏԲ Հայաստան բանկի» մասնաճյուղերում
«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Արթիկ» եւ «Ախուրյան» մասնաճյուղերում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների դեպքեր: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ «Արթիկ» մասնաճյուղի սպասարկման բաժնի պետ Ա. Հարոյանը, օգտվելով այն հանգամանքից, որ մասնաճյուղի դրամապահոցի մուտքի դռան բանալիներն օրվա աշխատանքային ժամերին իր մոտ են եղել, հափշտակել է դրամապահոցում պահվող եւ իր պահպանությանը հանձնված ընկերությանը պատկանող ընդհանուր առմամբ 15 մլն 699 հազար 875 դրամին համարժեք գումար: Մասնավորապես՝ 2009թ. հունվարի 8-ից մինչեւ հունվարի 29-ն ընկած ժամանակահատվածում Ա. Հարոյանը յուրացման միջոցով հափշտակել է 5 մլն 540 հազար 264 դրամ, 24 հազար 900 ԱՄՆ դոլար, 199 հազար ՌԴ ռուբլի եւ 1800 եվրո գումար՝ այն օգտագործելով անձնական կարիքների համար:
Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպք է գրանցվել նաեւ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի «Ախուրյանի» մասնաճյուղում: Մասնավորապես՝ Գյումրի քաղաքի բնակիչ Կ. Վարոսյանը 2008թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում իր եւ իրեն ծանոթ տասը տարբեր մարդկանց անուններով, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ -ի «Ախուրյան»-ի մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Հ. Բաղդասարյանի վստահությունը չարաշահելու միջոցով, ոսկու գրավադրմամբ բանկում կազմել է վարկային պայմանագրեր: Սակայն ոսկու փոխարեն ներկայացրել է դեղին մետաղից ոչ ոսկյա իրեր, գնահատման ակտերին չհամապատասխանող հարկի զարդեր: Կնքված 15 պայմանագրերով Կ. Վարոսյանն ստացել եւ խարդախությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 14 մլն 150 հազար 600 դրամ՝ այն օգտագործելով անձնական կարիքների համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Վարոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Իսկ Ա. Հարոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել