Չարաշահումներ «Կռունկ»-ում
Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ ՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի ենթակայությամբ գործող «Կռունկ» ՓԲԸ-ում առանձնապես խոշոր չափի գումարի յուրացման դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազության մամլո գրասենյակի հաղորդմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ «Կռունկ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Ա. Գալստյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, գլխավոր հաշվապահ Ա. Մարտիրոսյանի, դրամարկղի աշխատակցուհի Վ. Հարությունյանի, կադրերի նախկին տեսուչ Ֆ. Մարտիրոսյանի, բրիգադիրներ Մ. Ակինյանի, Շ. Ավետիսյանի եւ Կ. Գասպարյանի հետ նախնական համաձայնության գալով, 2007թ. հունվարի 1-ից մինչեւ 2008թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում այդ նույն հիմնարկում մի շարք անձանց ձեւականորեն գրանցել են որպես աշխատակիցներ, որոնք, սակայն, փաստացի չեն աշխատել: Գրանցված անձանց տվյալներով ձեւակերպված աշխատավարձերը, ինչը յուրաքանչյուրի դեպքում կազմել է ամսական 30-40 հազար դրամ, նրանց փոխարեն ստորագրել եւ ստացել են վերոհիշյալ ղեկավար անձինք: Յուրացված գումարն ընդհանուր առմամբ կազմել է մոտ 9 մլն 400 հազար դրամ: Այդկերպ պետական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա մարտի 30-ին Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար եւ նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական գործն ուղարկվել է Մալաթիայի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել