HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միացում» ազգային նախաձեռնության հաղորդագրությունը

Վերլուծելով 2009 թ. հունվար-մարտ ամիսների քաղաքական զարգացումները՝ «Միացում» ազգային նախաձեռնությունը արձանագրում է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները շարունակում են վարել Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) ազգային անվտանգության համակարգի հիմնասյունները խարխլող և Հայոց պետականության շահերին տրամագծորեն հակասող անհեռանկար քաղաքականություն: Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների կասեցման ուղղությամբ հանրության գիտակից զանգվածների կողմից հուժկու հակահարված ստանալով, երկրի նախագահը, ինչպես նաև արտաքին քաղաքականության մշակման և գործադրման ոլորտում նրա հետ պատասխանատվությունը լիապես կիսող արտաքին գործերի գերատեսչության ղեկավարությունն, այսուհանդերձ, անընդունակ է հրաժարվել 1991 թվականից ի վեր ըստ էության անփոփոխ մնացած անհեթեթ քաղաքական գծից: Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) քաղաքական ամեն տեսակ խավերի անգործունակ կրավորականությունը, քաղաքական կամքի, գիտակցության և տարրական գիտելիքների փաստված բացակայությունը, Հայոց պետականության շահերի և իրապաշտության հետ նրանց իսպառ չառնչվելը տարիներ շարունակ պատուհասում են Հայաստանը՝ երկիրն անշեղորեն առաջնորդելով դեպի քայքայում և անէություն: Այսուհանդերձ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր հանրության մեջ էապես աճել և արմատացել է Հայոց պետականության հիմնարար արժեքների և առկա սպառնալիքների գիտակցումը: 2008 թ. վերջին ամիսներին ստորագրված «Մայնդորֆյան» խայտառակ փաստաթուղթը և «մադրիդյան սկզբունքներն» արմատապես մերժվել են, իսկ դրանց գովազդին լծված Սերժ Սարգսյանին սպասարկող «քաղաքագետներից» ոմանք անդառնալիորեն հայտնվել են  ՙհայաստանյան քաղաքագիտական մտքի՝ աղբանոցում: 2008 թ. ավարտին Հայաստանի ազատագրված տարածքի հանձնումը բացառող քաղաքացիական կեցվածքն ի հեճուկս Հայաստանում իշխած բոլոր վարչակարգերի լայնածավալ քարոզչության հետզհետե դառնում է տիրապետող: Հօգուտ Ադրբեջանի տարածքային զիջումներ կատարելու պատրաստակամություն հայտնելը կամ նման մտքի հետ կրավորապես հաշտվելը ցանկացած քաղաքական ուժին դատապարտում են լուսանցքային լինելուն: Այսօր հայաստանյան քաղաքական դաշտը «պաշտոնապես» ներկայացնել հավակնող ուժերի գաղափարական սնանկությունն ու քաղաքական լուսանցքայնությունն ուղիղ համեմատական է Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների նկատմամբ նրա ունեցած դիրքորոշումից: «Միացում» ազգային նախաձեռնությունը գտնում է, որ Հայաստանի ռազմավարական համապարփակ զարգացումը և Հայոց պետականության կենսունակությունը և անվտանգությունն էապես կախված են Հայաստանի ազատագրված տարածքի արդյունավետ վերաբնակեցման արդյունավետությունից: Հայաստանի ազատագրված ողջ տարածքը ենթակա է համակարգային վերականգնման և վերաբնակեցման: Հաղորդակցական և արտադրական ենթակառուցվածքների վերականգնումը և կապիտալ նոր շինարարության ծավալների ընդլայնումը պետք է դիտվի որպես ռազմավարական անհետաձգելի առաջնահերթություն, իսկ վերաբնակեցման ներկա տեմպերն ու ռազմավարությունը հարկ է ճանաչել մեծապես թերի և անարդյունավետ: Հնարավորինս կարճ ժամանակահատվածում պետք է մշակել վերաբնակեցման նոր ռազմավարության միասնական ծրագրային փաթեթ՝ օրենսդրորեն ամրագրված և պետական բարձրագույն իշխանության կողմից հստակորեն երաշխավորված արտոնությունների լայն և բազմաբնագավառ շրջանակով: Հայաստանի ազատագրված տարածքի ուղղությամբ ներգաղթի խթանումը պետության կարևորագույն պարտավորություններից է, իսկ վերաբնակեցման գոտում վերաբնակիչների իրավունքների և օրինականության պաշտպանությունը՝ ազգային անվտանգության գերակա խնդիրներից մեկը: Վերաբնակեցման գոտում արտառոց չափերի հասած պաշտոնեական դիրքի չարաշահման, զանգվածային ապօրինությունների,  թալանի և կաշառակերության, կլանային կամ գավառապատկան հովանավորչության բոլոր դրսևորումները պետք է կանխվեն և պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Հայաստանի ազատագրված տարածքի վերաբնակեցումը խթանելու համար պետական հովանավորությամբ պետք է իրականացվեն հատուկ ծրագրեր՝ տնտեսության տարբեր ճյուղերի և մանր ու միջին ձեռներեցության զարգացմանը նպաստելու, նոր տիպի ագարակային  տնտեսություններ հիմնելու, ինչպես նաև բնակչության համար վարկավորման մատչելի և տարբերակված հնարավորություններ ստեղծելու համար: Ի նկատի ունենալով Հայաստանի ազատագրված տարածքների վերաբնակեցման համահայկական կենսական կարևորությունը՝ հարկ է մշակել երկարատև ռազմավարություն՝ ՀՀ և Սփյուռքի բոլոր շահագրգիռ կազմակերպությունները և անհատ անձանց ազատագրված տարածքների վերականգնման ծրագրերի իրականացման մեջ ներգրավելու և վերաբնակեցման գոտում ներդրումային դաշտի ու գործարարական ազատականության կայուն մթնոլորտը պետականորեն երաշխավորելու համար: Մ ենք խորապես համոզված ենք, որ վերահաս տնտեսական ճգնաժամով պայմանավորված սոցիալական լարվածությունը մեղմելու և Հայաստանում և արտերկրում գործազուրկ մնացած Հայաստանի հազարավոր քաղաքացիների ներգրավումը ազատագրված տարածքների համակարգային վերականգնման երկարաժամկետ ծրագրերի իրականացման մեջ, ինչպես նաև այդ տարածքի հսկայական տնտեսական ներուժից օգտվելու քաղաքական կամքը կարող է մեծապես նպաստել ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարմանը և պայմաններ ստեղծել երկրում քաղաքական դաշտի և ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի որակական բարեփոխմանը: «Միացում» ազգային նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի խուսափողական կեցվածքը՝ նախաձեռնության պատվիրակությանը չընդունելու և արցախյան կարգավորման հարցում նրա պատասխանատու մասնակցությամբ տարվող քաղաքական գծի վտանգավորությունը և դրա քրեաիրավական հետևանքները քննարկելուց հրաժարվելու կապակցությամբ: «Միացում» ազգային նախաձեռնություն 07. 04. 2009 թ. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter