Մեկնարկել է «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» խորագրով մրցույթը
Այսօր կառավարության Մամուլի կենտրոնում տեղի է ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի, «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի եւ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» մրցույթի անցկացման առաջարկը եւ հայտարարել մրցույթի մեկնարկը։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Դավիթ Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը որոշել է սատարել «Մեդիամաքս» լրատվական գործակալության այս նախաձեռնությանը` ելնելով հասարակության, մասնավորապես` երիտասարդության հետ կապերի ակտիվացման, երկրի եւ պետության համար կարեւորագույն հարցերի քննարկմանը նրանց մասնակցությունն ապահովելու անհրաժեշտության կարեւորումից։
Նշվել է, որ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողները, ովքեր առաջարկում նշված պայմաններով եւ ժամկետներում ռեֆերատներ կներկայացնեն հիշյալ թեմայով։ Մրցույթի հիմնական նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին` իրենց տեսակետներն արտահայտելու համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների հաղթահարման ուղիների ու միջոցների, ոչ ստանդարտ լուծումների, ստեղծված պայմաններում կառավարության եւ ԿԲ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, քննարկել ներկայացված գաղափարները, որոնց մի մասը կարող է նաեւ կիրառական նշանակություն ունենալ։
Մրցույթում հաղթած լավագույն երեք աշխատանքների հեղինակները ԿԲ-ի կողմից կարժանանան դրամական պարգեւների եւ հուշադրամների։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել