
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ երեկ՝ ապրիլի 6-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ղարաբաղյան զրույցներ» խորագրով հերթական քննարկումը, որի ընթացքում խոսվեց Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակի եւ վերջին զարգացումների մասին:
Քննարկման ժամանակ զեկույցով հանդես եկան քաղաքական վերլուծաբան, կովկասագետ Սերգեյ Մինասյանը եւ Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը:
Չնայած քննարկման ընթացքում ժամանակ առ ժամանակ անդրադարձ էր կատարվում տարածաշրջանային վերջին զարգացումներին` հայ-թուրքական եւ ռուս-վրացական հարաբերություններին, առավել ակտիվ քննարկման առարկա դարձավ հասարակության անդամների հետ հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունը: Որպես հիշեցում նշվեցին համանախագահների հանդիպումները նախ Ղարաբաղի խորհրդարանում, այնուհետեւ մարտի 1-ին` Ստեփանակերտում եւ մարտի 24-27-ը` Վիեննայում: Ինչպես նկատեց բանախոս, Վիեննայի հայ-ադրբեջանական հասարակական ֆորումի մասնակից, ԼՂՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը, վերջապես հասկացել են, որ բացի տարածաշրջանային շահերից, այստեղ մարդիկ են բնակվում, որոնց կարծիքը հաշվի պետք է առնվի: Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին բանակցային գործընթացում ընդգրկելուն, Մ. Մայիլյանի կարծիքով, առաջին հերթին իրենց հասարակությունների հետ պետք է աշխատեն իշխանությունները, այլ ոչ թե համանախագահները:
Լրագրող Նարինե Աղաբալյանը նույնպես խոսեց հասարակության ներսում աշխատանքներ տանելու անհրաժեշտության մասին. «Հասարակությունը պետք է իմանա, թե ինչի մասին է խոսքը, պետք է պատրաստ լինի, որպեսզի մի օր փաստի առաջ չկանգնի ու չսկսի առաջնորդվել ինքնապաշտպանական բնազդով»:
Մասնակիցների կարծիքը միանշանակ էր, որ նման քննարկումները հաճախակի պետք է լինեն: Նրանք ընդգծեցին նաեւ բանակցային սեղանի շուրջ քննարկվող հարցերի, մասնավորապես մադրիդյան սկզբունքների, հրապարակայնության անհրաժեշտությունը, ինչի մասին Վիեննայի ֆորումի ընթացքում խոսել են նաեւ ղարաբաղցի մասնակիցները:
Տեղեկացնենք, որ «Ղարաբաղյան զրույցներ» ծրագիրը նախատեսում է Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում կազմակերպել քննարկումներ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել